Փաշինյանի խնդիրն այն է, որ ոչ մեկին չի լսում, միաձնյա որոշումներ է կայացնում, ընդ որում՝ շատ վատ . Հարութ Սասունյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է ամերիկահայ հրապարակախո, «Կալիֆորնիան կուրիեր» պարբերականի խմբագիր Հարութ Սասունյանը

– Պարո՛ն Սասունյան, դուք, հավանաբար, հետևել եք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ԱՄՆ այցելությանը, հանդիպումներին: Ընդհանուր՝ ի՞նչ տպավորություններ ունեք:

– Հայաստանի Ազգային ժողովի նախագահի ԱՄՆ կատարած այցելության ընդհանուր պատկեր չունեմ, որ կարողանամ դատել, թե որքան օգտակար է նրա այցը: Տեղյակ եմ, որ հանդիպել է կոնգրեսական Ադամ Շիֆի հետ և պետական պարգև է փոխանցել նրան: Անշուշտ կոնգրեսական Շիֆը շատ հայամետ է: Հանդիպում է տեղի ունեցել նաև Կոնգրեսի խոնակ Նենսի Փելոսիի հետ: 

Անկախ մեր ներքին հայկական վեճերից, եթե պարոն Սիմոնյանի այցելությունը դրական է և օգտակար է Հայաստանի համար, մենք շատ ուրախ կլինենք, որևէ հարց չկա էդտեղ: Չէի ուզի մեր ներքին վեճերը կապել մեր հայրենիքի առաջխաղացման, հաջողությունների հետ:

– Իսկ տեղյա՞կ եք հայկական համայնքի, թեկուզ նաև ձեզ հետ հանդիպում կազմակերպելու փորձ եղե՞լ է:

– Ո՛չ, նման հանդիպում հնարավոր չէր, քանի որ նա այցելել է Վաշինգտոն, իսկ մենք Լոս Անջելեսում ենք, և որքան տեղյակ եմ, նա չի այցելելու Լոս Անջելես: Մի երկու տարի առաջ երբ եկավ, հյուպատոսարանում հանդիպեցինք, զրուցեցինք: 

Ինչ վերաբերում է համայնքի հետ հանդիպմանը, տեղյակ չեմ: Ընդհանրապես Հայաստանի ղեկավար դեմքերը երբ այցելում են տարբեր երկրներ, այդ երկրների հայ համայնքի հետ հանդիպում են: Ես կարող եմ ենթադրել, որ նման հանդիպում կարող է լինել համայնքի հետ, բայց ես տեղյակ չեմ, չեմ լսել դրա մասին որևէ բան:

– Պարո՛ն Սասունյան, վերջին ժամանակներում շատ ակտիվ խոսվում է հայ-թուրքական երկխոսության, բանակցությունների մասին: Տեղյակ եք՝ երկու երկրների բանագնացները հանդիպեցին: Դուք այդ գործընթացը ինչպե՞ս եք մեկնաբանում:

– Ես երկար տարիներ է, որ հետևում եմ հայ-թուրքական տարբեր հարաբերությունների փորձերին: Նախկին նախագահների ժամանակ, երբ հայ-թուրքական արձանագրություններն էին դրված բանակցային սեղանին, ես չէի սպասում, որ հաջողություն կլինի: Այդպես էլ եղավ: Ես այդ ժամանակ երկար վեճեր եմ ունեցել նախագահ Սարգսյանի հետ՝ օրեր, ամիսներ: Նախագահը, որ փորձում էր ինձ համոզել, թե ճիշտ է անում, համոզվեց, որ ես ճիշտ էի, ինքը՝ սխալ: 

Հիմա էլ նույն մտահոգություններն ունեմ: Կրկնվում են նույն հարցերը: Իհարկե ես դեմ չեմ, որ հայկական կողմը խոսի որևէ կողմի, թեկուզ՝ մեր թշնամու հետ: Ես դեմ չեմ բանակցություններին: Ես կարող եմ նույնիսկ սատանայի հետ էլ բանակցել, եթե վստահ լինեմ, որ դրանից ազգային շահն է բխում: Բայց այս պարագայում ես շատ հոռետես եմ, որ լավ բան դուրս կգա: Սա շատ մեծ ցավով եմ ասում:

Իմ հոռետեսության պատճառները մի քանիսն են: Առաջինն այն է, որ վերջին 3,5 տարվա ընթացքում վարչապետի կողմից որևէ ճիշտ նշանակում չի եղել՝ ո՛չ նախարարների, ո՛չ խորհրդականների, ո՛չ դեսպանների պաշտոնում: Անփորձ, անկարող մարդիկ նշանակվել են ամենակարևոր հարցերի պատասխանատուներ: 

– Արտաքին քաղաքականության ոլորտո՞ւմ նկատի ունեք:

– Ո՛չ միայն, բոլոր ոլորտներում: Բոլորն էլ անփորձ երիտասարդներ են, որ ոչ մի մասնագիտական գիտակցություն չունեն: 

Բայց ավելի վատն այն է, որ թեպետ պարոն Փաշինյանը իշխանության եկավ որպես ժողովրդավար ղեկավար, որպեսզի ժողովրդավարություն բերի երկրին, բայց հիմա դժբախտաբար տեսնում ենք, որ նա անընդհատ հրահանգներ է տալիս՝ էս պետք է անեք, էն պետք է անեք, ոչ մի ժողովրդավար մոտեցում չկա նրա որոշումներում:

Ամենավատ երևույթը նախընտրական քարոզարշավի ժամանակ մուրճով քարոզարշավ վարելն էր, հանրության մի հատվածին դրանով սպառնալը: Ես աչքերիս չէի հավատում: Ամենահետամնաց երկրի ղեկավարը, նույնիսկ բռնապետները նման բան չեն անում: Դա միանգամայն անսպասելի էր մի մարդու կողմից, որը եկել է իշխանության՝ ժողովրդավարության մասին խոսելով:

Մյուս խնդիրը, որ ունի Փաշինյանը, այն է, որ ոչ մեկին չի լսում: Վերջերս ինձ շատ հարցնում են՝ արդյոք վարչապետը հայ-թուրքական հարաբերությունների մասով պետք է խորհրդակցի սփյուռքի հետ, թե ոչ, պատասխանում եմ՝ անշուշտ պետք է խորհրդակցի, չէ՞ որ հայկական սփյուռքը այդ հարցում մեծ հետաքրքրություն ունի, բայց նաև նշում եմ՝ մի պահ մոռանանք սփյուռքը, վարչապետն ընդհանրապես չի խորհրդակցում ոչ մի մարդու հետ, նույնիսկ չի խորհրդակցում իր խորհրդականների հետ, արտգործնախարարի հետ, Ազգային ժողովի հետ, նախագահի հետ: Միանձնյա որոշումներ է կայացնում, ընդ որում՝ շատ վատ որոշումներ է կայացնում՝ առանց հասկանալու դրանց իմաստն ու հետևանքները: 

– Պարո՛ն Սասունյան, ձեր խոսքում Հայաստանում ժողովրդավարության տխուր վիճակի մասին ակնարկեցիք, բայց, օրինակ՝ Ալեն Սիմոնյանը Նենսի Փելոսիի հետ հանդիպմանն ասել է, որ ժողովրդավարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների հիմնասյունն է: Ինչպե՞ս եք սա ընկալում:

– Այն, ինչ ես տեսնում եմ Հայաստանում վերջին տարիներին, որևէ կապ չունի ժողովրդավարության հետ: Ընդհանրապես, ժողովուրդ գոյություն չունի վարչապետի մտքի մեջ, թեև ինքը սկզբում հայտարարում էր, թե ինքը որևէ կարևոր որոշում չի կայացնի առանց ժողովրդի համաձայնության: 

Ոչ միայն Փաշինյանը, այլ նաև բոլոր հայերս միայն գեղեցիկ խոսում ենք, և պարոն Սիմոնյանի խոսքերն էլ ժողովրդավարության մասին նույն ժանրից են: Ընդամենը խոսք է, հեշտ է ամեն ինչ ասելը: Հայաստանը շատ հեռու է ժողովրդավարությունից: 

Վերջերս ամերիկյան երկու կարևոր հասարակական կազմակերպություններ, մեկը՝ Freedom House-ը, որը շատ հանրածանոթ կազմակերպություն է, ցույց է տվել, որ Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշը 33 է՝ 100-ից: Այսինքն՝ շատ ցածր է: Human Rights Watch-ը նույնպես երկար զեկույց է հրապարակել՝ ցույց տալով Հայատանում մարդկանց իրավունքների բոլոր խախտումները, մամուլի ազատությունների սահմանափակումները և այլն: 

Ամերիկան շատ է ուզում, որ Հայաստանը ժողովրդավար երկիր լինի, սկզբում ԱՄՆ-ն ևս խանդավառ էր, որ Փաշինյանը եկել է Հայաստանը ժողովրդավար երկիր դարձնելու: Ես հիշում եմ՝ երբ անցյալ տարի ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց ունեցավ պարոն Փաշինյանի հետ, ասաց՝ մի՛ մոռացեք, որ շատ կարևոր է ժողովրդավարական երկիր լինելը, ժողովրդավարական սկզբունքները: Այսինքն՝ ԱՄՆ-ն էլ հասկանում է, որ Հայաստանը շեղվել է ժողովրդավարական սկզբունքներից, արժեքներից:

– Դուք Freedom House-ի ցուցանիշները Հայաստանի մասով համարեցիք վատ, սակայն Ալեն Սիմոնյանը Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, համարել է դրական առաջընթաց: Ինչպե՞ս հասկանալ:

– Ցավալի է, պարոն Սիմոնյանը միանգամայն սխալ է: Չի կարդացել Freedom House-ի զեկույցը: Ես ամենավերջին զեկույցը կարդացել եմ, 30 էջ է և այդ մասին նույնիսկ հոդված եմ գրել այս շաբաթ, որն արդեն տարածվել է:

Հայաստանի վարկանիշը շատ ցածր է՝ արդեն ասացի: Մեր միակ սփոփանքն այն է, որ Ադրբեջանի և Թուրքիայի վարկանիշը ժողովրդավարության առումով շատ ավելի ցածր է: Բայց Հայաստանը նման ցուցանիշով հպարտանալու տեղ չունի: Հակառակը, եթե ես լինեի Սիմոնյանի տեղը, իսկապես կամաչեի, որ երկիրը նման վարկանիշ ունի: Մոռանանք մեր վեճերը, մոռանանք Սիմոնյանին ու պարոն Փաշինյանին, բայց երկրի վարկն է ընկնում այդ զեկույցների հրապարակման ու տարածման արդյունքում: Բարձր վարկ ունենալը մեծ հաղթաթուղթ էր մեզ համար այն սկզբում, երբ պարոն Փաշինյանը եկել էր իշխանության: Այն ժամանակ դա լուրջ ազդեցություն էր թողել օտարների վրա, բայց հիմա դա կորցրել ենք:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am