«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, Սահմանադրական դատարանը հինգերորդ օրն է՝ շարունակում է ընտրության արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը: Գործընթացն ինչպե՞ս եք գնահատում ու ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ որոշման հետ կապված:
– Սահմանադրական դատարանում գործում է նույն տրամաբանությունը, ինչ գործել է նախընտրական բանավեճերի ժամանակ. ընդդիմությունը նախընտրական բոլոր բանավեճերում քաղաքական փաստարկներով, ըստ էության, բացահայտում էր իշխանության քաղաքական սնանկությունը, հիմա մեր իրավաբանները, ընդ որում՝ գրեթե բոլոր ուժերի իրավաբաններին է վերաբերում, մասնագիտական բավական բարձր որակով բացահայտում են համակարգային այն կեղծիքները, որ գոյություն են ունեցել:
Մեղմ ասած, ծիծաղելի վիճակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ են դատավորներն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատուները, որոնք այդ փաստարկները լսելով շատ անհարմար վիճակի մեջ են հայտնվում: Ի վերջո Սահմանադրական դատարանը կմնա՞ իրավական հարթության վրա, Սահմանադրության պաշտպանության դիրքերում, թե՞ իշխանական պատվեր կկատարի՝ դժվարանում եմ հստակ ասել, բայց այս պահին ես լավատեսության հիմք չունեմ: Ես Սահմանադրական դատարանը չեմ անջատում ամբողջ պետական համակարգից, որը ըստ էության դարձել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիք: Այս պարագայում ես իլյուզիաներ չունեմ, որ Սահմանադրական դատարանն այդ ընդհանուր տրամաբանությունից դուրս կգործի:
– Վերջին օրերին շատ է քննարկվում այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանում ընթացող այս գործընթացին զուգահեռ ՔՊ-ն խորհրդարանական պաշտոնների բաժանմամբ է զբաղված իր թիմի ներսում: Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին:
– Շատ ճիշտ են այդ քննադատությունները: Սա ռացիոնալ քաղաքական մտածողության դեմ ուղղված գործողություն է: Նշանակում է, որ իշխանությունը հասկացել է, որ ինքը երկրում բեսպրեդել է հաստատել, ու այլևս կոռեկտ վարքագիծ դրսևորելու ձևական կողմը նույնիսկ չեն պահում: Պաշտոն են բաժանում մի մարմնում, որտեղ դեռևս մանդատները չեն բաշխված, տեսական հնարավորություն կա, որ ընտրությունների արդյունքները կարող են անվավեր ճանաչվել: Եթե այս պարագայում իշխանությունը գնում է նման սանձարձակ քայլի, նշանակում է, որ մի կողմից իրենք պատվեր են տալիս Սահմանադրական դատարանին, մյուս կողմից՝ հասկացնում են, որ այս երկրում գործում է իրենց քմահաճույքը, այլ ոչ թե քաղաքական կամ իրավական փաստարկները:
– Պարո՛ն Սուրենյանց, այնուամենայնիվ, եթե Սահմանադրական դատարանն այնպիսի որոշում է կայացնում, որ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարան չի անցնում, ապա ձեր քաղաքական թիմի քայլերը որո՞նք են լինելու, արդեն ունե՞ք որոշում:
– Մանդատներ կտան մեզ, թե չեն տա, ակնհայտորեն, մենք պետք է գնանք քաղաքական կենսունակ համակարգ ստեղծելու ճանապարհով, որովհետև երկու պարագայում էլ, մեծ հաշվով, քաղաքական հանգուցալուծումները, ըստ մեր պատկերացումների, առջևում են: Նման ընտրություններից հետո ու նման արտաքին ու ներքին մարտահրավերների պարագայում մենք մեկ կամ մեկուկես տարի հետո ունենալու ենք ֆորսմաժորային կամ արտահերթ ռեժիմով զարգացումներ, հետևաբար ես կարծում եմ, որ առանցքային որևէ քաղաքական ուժ այդ իրավիճակին ադապտացվելուն պատրաստ քաղաքական համակարգ պետք է ստեղծի:
– Նկատի ունեք, որ նոր ձևավորվող խորհրդարանը հինգ տարի չի՞ ձգելու:
– Նկատի չունեմ, ուղիղ ասում եմ, որ հինգ տարի չի ձգելու, որովհետև եթե անգամ Սահմանադրական դատարանը «Բարգավաճ Հայաստանին» վերադարձնի հինգ մանդատը, իհարկե դրական քայլ կլինի, ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ակնհայտ ապօրինի որոշման վերացում կենթադրի, բայց, միևնույն է, միայն այդ բաղադրիչը բավարար չի լինելու, որ խոսենք միանգամայն լեգիտիմ ու օրինական ընտրությունների մասին:
Բացի այդ ամենաակներև խախտումից, տեղ են գտել նաև բազմաթիվ այլ խախտումներ, որոնք կասկածի տակ են դրել ընտրությունների լեգիտիմությունը, օրինակ՝ վարչական ռեսուրսի գռեհիկ չարաշահումը, ռեպրեսիաները, արտաքին միջամտության դրսևորումները: Այս ամբողջ համատեքստը թույլ չի տալիս խոսել օրինական ընտրությունների մասին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















