«Մենք փոխնակ մայրերի կարիք ունենք». պատերազմում որդի կորցրած զույգերին կարող են օգնել փոխնակ մայրերը

Հայաստանում «Անպտղության հաղթահարման ծրագրի» շրջանակներում այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորների, կամավորների 27 կին հղի է և սպասում է երեխայի: Այս կանանց արտամարմնային բեղմնավորման պատրաստելը, նրանց դեղորայքային բուժումը, հղիությունը վարելը, հետևելն ու, ընդհանրապես, ամբողջ գործընթացն իրականացվում են պետական պատվերով, անվճար:

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Էդուարդ Համբարձումյանը «Մեդիալաբին» ասում է՝ դեռ նախորդ տարի, երբ տրվեց ծրագրի մեկնարկը, շուրջ 100 զույգ է դիմել արտամարմնային բեղմնավորման համար:

«Ցավոք, դիմող կանանց տարիքային խնդիրներից ելնելով՝ որոշակի բարդությունների առաջ ենք կանգնում, որոնք հետազոտելը ու լուծելը երկար ժամանակ է պահանջում: Ճակատագրի բերումով նրանք ոչ վերարտադրողական տարիքում են դիմում ու գալիս, որ նորից երեխա ունենան: Հասկանալի իրավիճակ է, և մասնագետներն էլ ամեն հնարավորն անում են, որ հղիությունը հաջող ընթացք ունենա»,- ասում է Համբարձումյանը:

Պատերազմում որդի կորցրած և արտամարմնային հղիության համար դիմած կանանց տարիքն անցնում է 46-ից, այսինքն՝ նրանք դուրս են վերարտադրողական տարիքից, և, մասնագետի խոսքով, այդ պատճառով է, որ մինչև բուն գործընթացի մեկնարկը այդ կանայք բազմաթիվ ստուգումներ ու, անհրաժեշտության դեպքում՝ բուժում են ստանում, որից հետո միայն իրականացվում է բեղմնավորումը:

Էդուարդ Համբարձումյանի խոսքով՝ 97 զույգից տարբեր բուժումներից հետո 60-ի մոտ արտամարմնային բեղմնավորման պրոցեսը սկսել է, և այժմ 27 կին հղի է: «Մի քանիսը վիժել են, մի քանիսը նորից են հղիացել: Սա շատ բարդ գործընթաց է, ինչի արդյունքում մոտակա ամիսներին 27 ծնունդ ենք սպասում: Այդ թիվը, իհարկե, կարող է ավելանալ»,- նշում է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգը:

Նույն ծրագրի երկրորդ փուլում պատերազմում որդի կորցրած մայրերին առաջարկվում է փոխնակ մոր ծառայություններ, որը նույնպես պետական պատվերի շրջանակներում է: Նրանք, ովքեր կցանկանան որդեկորույս մայրերին երեխա պարգևելու համար լինել փոխնակ մայր, պետբյուջեից կստանան 5,5 մլն դրամ գումար, պետությունը կհոգա նաև որոշ ընթացիկ ծախսեր:

«Շատ կանանց մենք խորհուրդ չենք տալիս հղիանալ կամ արտամարմնային բեղմնավորում իրականացնել: Հիմա լուծումը գտնվել է. պետության ֆինանսավորմամբ այդ ընտանիքները կարող են օգտվել փոխնակ մոր աջակցությունից: Հիմա մենք փոխնակ մայրերի կարիք ունենք, և ես շատ կուզեի, որ այն կանայք, ովքեր կուզեն օգնել պատերազմում որդի կորցրած զույգերին, երջանկացնել նրանց, թող դիմեն և դառնան փոխնակ մայր: Նրանք նաև գումար կստանան»,- նշում է Համբարձումյանը:

Նրա ներկայացմամբ՝ յուրաքանչյուր կնոջ հղիության կամ առողջության հետ կապված հարց քննարկվում է հատուկ ստեղծված մասնագիտական խմբում: Դաժան փորձությունների միջով անցած հղիների ու հղիանալ ցանկացողների հետ, ըստ Համբարձումյանի, աշխատում են նաև հոգեբաններ: «Նրանք շատ խոցելի խումբ են և բոլորիս աջակցության կարիքն ունեն»,- ասում է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am