Քովիդը դարձել է մեզ շրջապատող սուր շնչառական վարակ, պատվաստումներն էլ իրենց գործն արեցին. մասնագետը՝ իրավիճակի մասին

Լուսանկարի բնօրինակը՝ ՍպուտնիկArmenia

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը

– Տիկի՛ն Աբովյան, հանրապետությունում այս պահին ի՞նչ վիճակ է քովիդով պայմանավորված։ 

– Եթե դիտարկենք քովիդը սուր շնչառական վարակ, որովհետև ամբողջ աշխարհն այդպես է դիտարկում, ապա կարող ենք ասել, որ ընդհանուր սուր շնչառական վարակների ակտիվություն է նկատվում, ինչը բնորոշ է սեզոնին: Կոնկրետ քովիդի դեպքերի մասով մենք նվազում ունենք. եթե վերջին 14 օրվա դեպքերը համեմատենք նախորդ 14 օրվա հետ, 69 դեպքով նվազում ունենք, հոսպիտալացման դեպքերն էլ են շատ քիչ, ինչը պայմանավորված է նրանով, որ դիմելիություն շատ չկա, ավելի թեթև են տանում ու տան պայմաններում բուժում ստանում։ Վարակի վերարտադրողականության ցուցանիշը վերջին յոթ օրվա ընթացքում 0,85 է, ինչը նշանակում է, որ վարակի տարածման տեմպերն են ավելի դանդաղ, ու ընդհանուր դրական թեստերի մասնաբաժինը եթե նախորդ 14 օրվա ընթացքում 15% էր կազմում, ապա հիմա 13,5% է։

– Այսինքն՝ որպես սուր շնչառական հիվանդության տեսակ՝ քովիդն այնքան էլ տարածված չէ, գոնե այս պահին։

– Այո՛, տեսեք՝ ունենք քովիդի դեպքեր, բայց մենք նաև ունենք այլ սուր շնչառական վարակի դեպքեր՝ շրջանառվող գրիպի շտամներ ունենք, սուր շնչառական հիվանդություններից շրջանառվող վիրուսներ ունենք։ Ընդհանուր, եթե դիտարկենք սուր շնչառական վարակների առումով՝ ակտիվություն ունենք, չնայած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՍՇՎ-ով հիվանդացությունը 1,5-ով ցածր է, բայց ակտիվությունը կանխատեսելի էր, ու հունվարին ցուցանիշներն ավելի են բարձրանալու։ 

– Ի՞նչ խորհուրդ կտաք բնակչությանը։

– Ախտանշաններ ունենալու դեպքում թող մնան տանը, դիմեն առողջության առաջնային պահպանման օղակ, ժամանակին բուժօգնություն ստանան, հակաբիոտիկներ չօգտագործեն, եթե ախտանշաններ ունեն՝ դիմակներ կրեն, երեխաներին ուսումնական հաստատություններ չուղարկեն։

– Նկատի ունենալով ցուցանիշները՝ կարո՞ղ ենք ասել, որ բնակչությունն արդեն պահպանում է այդ կանոնները, ավելի զգուշավոր է դարձել։

– Բնականաբար, քովիդն արդեն դարձել է մեզ շրջապատող սուր շնչառական վարակ, բայց ամեն դեպքում պատվաստումներն էլ իրենց գործն արեցին, դրա համար էլ վարակվողներն ավելի թեթև են տանում, բայց վարակի տարածման համար, որքան էլ դա մեր շրջանառվող շտամն է, եթե կանոնները չպահպանվեն, ավելի շատ մարդիկ կվարակվեն, դրա համար էլ, անկախ նրանից, ինչ է շրջանառվում ՍՇՎ-ների առումով, սեզոնին պետք է պահպանել այդ տարրական կանոնները։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am