«Ադրբեջանը ձգտում է ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը համապատասխանում է խաղաղության մասին իր պատկերացումներին». Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում ինչո՞ւ է Թուրքիան ակնհայտ աջակցություն հայտնում Պաղեստինին, ի՞նչ նպատակով: 

– Թուրքիայի դիրքորոշումն այս պատերազմի նկատմամբ մի քանի փուլ անցավ: Սկզբնական շրջանում Թուրքիայի դիրքորոշումն ընդգծված զգուշավոր էր, նա որևէ կողմին նախապատվություն չէր տալիս, որովհետև Էրդողանը նպատակ ուներ այս հակամարտությունում հանդես գալ իբրև միջնորդ: 

Հետագայում, երբ պարզ դարձավ, որ հակամարությունը շատ ավելի բարդ է ու երկար է տևելու, և միջնորդության մասին խոսք անգամ չի կարող լինել, Թուրքիան սկսեց փոխել իր դիրքորոշումը: Այսպիսով՝ նպատակներից մեկը միջնորդ դառնալն էր, ինչը հավանական է, որ այդպես էլ իրականություն չի դառնա Թուրքիայի պարագայում: 

Մյուս խնդիրն այն է, որ Թուրքիան փորձում է իսլամական, արաբական աշխարհներում իր հեղինակությունը պահել ու նույնիսկ բարձրացնել՝ օգտվելով այս պատերազմից: Դրա համար էլ մենք սկսեցինք Թուրքիայի կողմից տեսնել ավելի պրոպաղեստինյան հայտարարություններ, ինչը շարունակվում է հիմա, ու գնալով ավելի է խորանում Թուրքիայի հակաիսրայելական մոտեցումը, որը նպատակ ունի, ինչպես ասացի՝ պահել ու նույնիսկ բարձրացնել Թուրքիայի տեղն ու հեղինակությունը մուսուլմանական ու արաբական աշխարհում: 

Հիմա տեսնում ենք, որ Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները բավական սրվել են, հետ են կանչում դիվանագետներին և այլն, իսկ թե հետագայում Թուրքիայի դիրքորոշումն ինչպիսի՛ն կլինի, դժվար է կանխատեսել, ամեն դեպքում Թուրքիան կանգնեց Պաղեստինի կողքին, սա ակնհայտ է:

– Եթե հարաբերությունների լարվածությունը շարունակվի, ի՞նչ հետևանք կունենա, դա նաև կազդի՞ Ադրբեջանի ու Իսրայելի հարաբերությունների վրա, թե՞ ոչ:

– Քանի պատերազմը շարունակվում է, ու վերջն էլ դեռ չի երևում, իմ կարծիքով, Թուրքիան հիմա իր ամենակարևոր խնդիրն է համարում, բացի վերոնշյալ երկուսից, որ այս պատերազմի թեժ կրակը չտեղափոխվի Մերձավոր Արևելք ավելի լայն առումով: Սա կարևոր է Թուրքիայի համար, ներկա փուլում նրան պետք չէ մեծ պատերազմ Մերձավոր Արևելքում, որովհետև ստիպված կլինի ներքաշվել: 

Երբ այս պատերազմը մեկնարկեց, թուրքական մամուլում կային հաղորդագրություններ, որ Թուրքիան կարող է օգտվել առիթից ու վերջնականապես լուծել թուրք-սիրիական սահմանի խնդիրը, այն առումով, որ այդ սահմանը 30 կիլոմետր խորքով Սիրիայի տարածքով արդեն զգալի չափով Թուրքիայի հսկողության տակ է վերցված: Բայց սահմանի վրա կա դեռևս մի շրջան, որը Թուրքիան դեռ չի վերահսկում, ու ենթադրվում էր, որ Թուրքիան դա էլ կարող է վերցնել իր հսկողության տակ որ վերջնականապես այդ հարցը լուծել: 

Բայց հիմա կարծես նախանշաններ չկան, որ Թուրքիան փորձում է դա իրականացնել: Հավանական է, որ այստեղ Թուրքիան հաշվի է առել նաև Իրանի կոշտ դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, որովհետև պարզ է, որ Իրանը բավական մեծ ազդեցություն ունի Սիրիայում, ու Թուրքիան չի ուզում այս փուլում իր հարաբերությունները փչացնել Իրանի ու Ռուսաստանի հետ, որովհետև երկուսն էլ պաշտպանում են Ասադին: 

Ելնելով սրանից՝ Թուրքիան այս գործողությունը հետաձգեց, իսկ սա վկայում է այն մասին, որ Թուրքիան չի ուզում, որ այս պատերազմը տարածվի Մերձավոր Արևելքում, մասնավորապես չի ուզում, որ իր հարաբերություններն ավելի սրվեն Իրանի հետ: 

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, նա ևս սկզբնական շրջանում փորձեց հեռու մնալ այս պատերազմից, ոչինչ չասող հայտարարություններ էին հնչում Ադրբեջանից, բայց մի կողմից Ադրբեջանը, հավանական է՝ ենթարկվում է Իսրայելի ճնշմանը, մյուս կողմից մտավախություն ունի, որ արաբական-իսլամական աշխարհը կարող է իրենից երես թեքել, ու հավանական է՝ Թուրքիայի ազդեցության ներքո Ադրբեջանը սկսեց ցուցաբերել, գոնե հայտարարությունների մակարդակով, պրոպաղեստինյան մոտեցում: Բայց ես համոզված եմ, որ իրականում Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները պահպանվում են, չնայած քննադատական ձայներ լսվեցին Իսրայելից, բայց Իսրայելն էլ ամեն ինչ կանի, Ադրբեջանն էլ առանձնապես դեմ չի լինի, որ սերտ հարաբերությունները պահպանվեն: 

Դա կարևոր է Իսրայելի համար, որովհետև եթե գործը հասնի նրան , որ Իսրայելը պետք է օդային հարվածներ հասցնի Իրանին, ապա այստեղ Ադրբեջանի նշանակությունը շատ կարևոր կլինի: Համոզված եմ, որ Ադրբեջանում կան այնպիսի օբյեկտներ, որոնք Իսրայելը կարող է օգտագործել անհրաժեշտության դեպքում Իրանի դեմ:

– Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ որքա՞ն եք գնահատում հավանականությունը, որ այդ հակամարտությունը կարող է տարածվել նաև մեր տարածաշրջանում, որովհետև պատերազմի մեկնարկի առաջին օրվանից դեռ նման մտավախություններ հնչել են:

– Դա հնարավոր էր, հիմա էլ է այդ հնարավորությունը պահպանվում, բայց մյուս կողմից սկսեց գործել հետևյալ սկզբունքը, որ գրեթե բոլոր խոշոր տերությունները՝ և՛ համաշխարհային, և՛ տարածաշրջանային առումով, շահագրգռված են, որ այս հակամարտությունը դուրս չգա այն սահմաններից, որում հիմա է: 

Հիմա այդ փուլն է, որ դեռևս հաջողվում է այս պատերազմը պահել լոկալ շրջանակներում, բայց կարող է գալ մի փուլ, երբ այն վերահսկողությունից դուրս գա, ու սկսվի մեծ մերձավորարևելյան պատերազմ, որն աղետալի կլինի Մերձավոր Արևելքի համար: Դա կներառի Իսրայելի հարևան արաբական երկրները, չի բացառվում, որ նաև Իրանը ստիպված լինի ներքաշվել, թեև տեսնում ենք, որ ո՛չ Իրանն է ցանկանում ներքաշվել, ո՛չ էլ ԱՄՆ-ն է այնպես անում, որ Իրանը չներքաշվի:

– Դառնալով մեր խնդիրներին. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արվում են գործնական քայլեր, որ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար հայ-թուրքական սահմանը բացվի: Այս մասին խոսվում էր դեռ ամռանը, բայց մենք, ըստ էության, արդյունք չտեսանք, հիմա որքանո՞վ եք հավանական համարում, որ սահմանը կբացվի:

– Դեռևս խոսք չի գնում, որ Թուրքիան սահմանը կբացի Հայաստանի համար, խոսքը շատ սահմանափակ գործողությունների մասին է, որոնց մասին երկար ժամանակ խոսվում է ու ոչինչ տեղի չի ունենում: Սա Թուրքիայի մտածված մարտավարությունն է. ոչ սկզբունքային փոքր քայլերի հնարավորության մասին հայտարարելով՝ հասնել այն բանի, որ Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում զիջումների գնա: Եթե իսկապես առաջիկա ամիսներին ստորագրվի հայ-ադրբեջանական այնպիսի փաստաթուղթ, որը կբխի Ադրբեջանի շահերից, հնարավոր է, որ Թուրքիան այս փոքր քայլերն իրականություն դարձնի, բայց հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը Թուրքիան դեռևս չի էլ քննարկում: Դա կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը կատարի Թուրքիայի պահանջները: 

– Պարո՛ն Սաֆրաստյան, այդ խաղաղության պայմանագրի մասին որ խոսվում է, Ադրբեջանը այսօր պատրա՞ստ է կնքել այդ պայմանագիրը խաղաղության այն իմաստով, որը պատկերացնում է Հայաստանի իշխանությունը, այլ ոչ թե ինքը:

– Իմ ընկալմամբ՝ Ադրբեջանը ձգտում է ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը համապատասխանում է խաղաղության մասին իր պատկերացումներին: Եթե դա չլինի, նա չի ստորագրի ոչ մի փաստաթուղթ ու կշարունակի ճնշում գործադրել Հայաստանի վրա:

– «Զանգեզուրի միջանցքից» նրանք իսկապե՞ս հրաժարվել են, թե՞ այդ հայտարարությունները ընդամենը դիվանագիտական հնարքներ են:

– Չեն հրաժարվել, ու այն, ինչ հիմա տեղի է ունենում, և՛ դիվանագիտական հայտարարություններ են, և՛ տակտիկական բնույթի լուծումներ, որովհետև ռազմավարական առումով «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար մեծ նշանակություն ունի, ինչ մասին բազմիցս ենք խոսել: 

Այն ծրագիրը, որի մասին հիմա խոսում են, որ Իրանի տարածքով է անցնելու, ունի մարտավարական նշանակություն, որովհետև դա լինելու է ավտոմոբիլային ճանապարհ, ոչ թե երկաթգիծ, ու կառուցվելու է բավական արագ: Երկաթգիծը, որը շրջանառվում է, թե լինելու է Իրանի տարածքով, լինելու է ավելի երկար, քան եթե Սյունիքի տարածքով լինի: Երկրորդ՝ Իրանում պետք է նորը կառուցվի, իսկ Սյունիքում, գիտենք, այն գոյություն ունեցել է Խորհրդային Միության ժամանակ, պետք է ուղղակի վերանորոգվի: Այսինքն՝ Իրանի տարածքով այն ծախսատար է, ու Թուրքիան երկաթգծի առումով չի ուզենա գործ ունենալ Իրանի հետ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am