Մասնագիտական գնահատականները, գոնե առայժմ,  չեն գուժում երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին. Արմեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ է կատարվում Իրան-Իսրայել հարաբերություններում, Իրանի պատասխան հարվածից հետո քննարկումները հասան այն կետին, որ ոմանք ասում էին, թե երրորդ համաշխարհայինի սկիզբը դրվեց։ Իսկապես մո՞տ ենք երրորդ համաշխարհայինին։

– Վերջին շրջանում Հայաստանում տարբեր գործընթացների վերաբերյալ գնահատականները խիստ չափազանցված են, բայց մասնագիտական գնահատականները, վստահաբար, չեն գուժում, գոնե առայժմ, երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին։  

Այո՛, իրավիճակը բավականաչափ լարված է ու շարունակվում է ավելի շիկանալու տրամաբանությամբ, բայց նշել, թե գնում ենք դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, այնքան էլ ճիշտ չի լինի, որովհետև առնվազն մի քանի առանցքային դերակատարներ, որոնք ներգրավված են այս գործընթացներում, պարզապես հակված չեն նման մասշտաբի ու բնույթի էսկալացիայի: Թե՛ Իրանը, թե՛ ԱՄՆ-ն և տարածաշրջանում մի շարք առանցքային կարևոր երկրներ, ինչպիսիք, օրինակ՝ արաբական երկրներն են, անգամ Թուրքիայի պարագայում ես կդժվարանամ ասել՝ հակվա՞ծ են լայն էսկալացիայի, թե՞ ոչ։ 

Հիմա ի՞նչ է տեղի ունենում․ Իրանն ընդամենը պատասխանեց Իսրայելի կողմից ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ իրականացված շատ կարևոր հատուկ գործողությանը, որի հետևանքով Իրանը լրջագույն ռազմավարական կորուստներ էր կրել՝ ոչ միայն իմիջային առումով, այլ նաև մարդկային կորուստներ էր ունեցել։ 

Իրանն ուներ նման գործողություն իրականացնելու լիարժեք, լիակատար լեգիտիմություն և պետք է իրականացներ առնվազն երկու նպատակով՝ պատասխանել Իսրայելի նման հանդուգն գործողություններին, որպեսզի հետագայում կանխվի դրանց կրկնությունը, երկրորդը՝ սեփական հեղինակությունը փրկելու համար։  

Մյուս խնդիրն Իրանի համար այն էր, որ այդ գործողությունը լինի առավելապես կառավարելիության շրջանակում և լեգիտիմ ու որևէ կերպ չհանգեցնի տարածաշրջանային լայն էսկալացիայի ու Իրանի դեմ մասշտաբային պատասխան գործողության, որի դեպքում մենք արդեն ականատես կլինեինք տարածաշրջանային լայնածավալ պատերազմի։ 

Պետք է նկատել նաև, որ ավելի մեծ էր այս հարձակման հոգեբանական ու քարոզչական կողմը, քան բուն առարկայական արդյունքները գետնի վրա, որովհետև, մեծ հաշվով, այդ օդային զինատեսակների զգալի մասը խոցվել է ԱՄՆ-ի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի զինված ուժերի կողմից՝ անգամ Իսրայելի օդային տարածքը չհատած։ Փաստացի, ինչպես տեսնում ենք, նկատվում են կրքերի պարպում ու նաև ռազմական լարվածության աստիճանական նվազում ու գործընթացները դեպի քաղաքական հարթություն տեղափոխելու միտում։

– Իսրայելն ինչո՞ւ որոշեց չպատասխանել Իրանի այս հարվածին։

– Ես ամեն դեպքում չեմ կարծում, թե Իսրայելի պատասխան հարվածը չի լինելու, այնուամենայնիվ, որոշակի գործողություն Իսրայելն իրականացնելու է։ Եթե Իսրայելը որևէ պատասխան չիրականացնի Իրանի դեմ, իրավիճակը տարածաշրջանում կգնահատվի որպես հօգուտ Իրանի, իսկ Իսրայելը նման բան թույլ տալ չի կարող, չնայած, կրկնում եմ, Իրանի գործողությունը առարկայական արդյունավետության տեսանկյունից չափազանց փոքր է։ 

Ամենակարևորը՝ ինչո՞ւ արագ պատասխան տեղի չունեցավ, որովհետև, վստահաբար, հիմնական առանցքային դերակատարը՝ ԱՄՆ-ն, տարբեր աղբյուրների կողմից տարածված տեղեկատվության համաձայն, Բայդենը ուղիղ կերպով նախազգուշացրել է, որ Իսրայելի պատասխանն Իրանին որևէ կերպ աջակցություն չի գտնի ԱՄՆ-ի կողմից։ Սա շատ կարևոր ազդակ է Իսրայելի համար, որովհետև եթե չլիներ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի էական աջակցությունը Իրանի գործողությունների սահմանափակման գործընթացում, բնականաբար, Իրանի հարվածը կարող էր այլ հետևանքներ ունենալ։ 

– Պարո՛ն Պետրոսյան, կարո՞ղ ենք ասել, որ Իրանն այս գործողությամբ ավելի շատ նպատակ է ունեցել, ձեր ասած, հոգեբանական ճնշում գործադրել, այլ ոչ թե առարկայական արդյունք ապահովել։

– Այս գործողությունը ներկայում տարածաշրջանային համատեքստում Իրանի հնարավորության առավելագույնն էր, որ կարող էր իրականացնել Թեհրանը, շատ լավ հասկանալով, որ ավելի լայնածավալ գործողությունը կարող էր հանգեցնել Իրանի դեմ անհամաչափ պատասխանի, որը լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել այդ երկրի համար։ Իրանի համար այս պահին առանցքային խնդիր է չտրվել սադրանքների, որոնք իրեն ներքաշելու են լայնածավալ պատերազմի մեջ, ու առավելագույնս կառավարելի պահել իրավիճակը։ 

Առնվազն վերջին երկու տարվա ընթացքում բազմաթիվ սադրանքներ են իրականացվել Իրանի դեմ՝ նպատակ ունենալով նրան ներքաշել տարածաշրջանային մեծ պատերազմի մեջ, որը Իրանը մինչև այս պահը կարողացել է կառավարել ու տուրք չտալ դրան։ Իրանի քաղաքականությունը հիմա էլ շարունակում է մնալ նույնը՝ անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա իրեն ներքաշեն մեծ պատերազմի մեջ, քանի որ դրա հետևանքները Իրանում գործող վարչակարգի համար կարող են կործանարար լինել:

Իրանն այս տարածաշրջանում չունի դաշնակիցներ, որոշ հարցերում ունի շահակիցներ, անգամ Հայաստանն է իրեն շահակից, բայց այս շահակից երկրները դաշնակիցներ չեն ու չունեն Իրանին աջակցելու պատասխանատվություն, և եթե սկսվի տարածաշրջանային պատերազմ, բնականաբար, այդ պատերազմում Իրանը մնալու է մենակ, իսկ նրա հակառակորդները կամ տարբեր դաշինքներով կամ մեկ ընդհանուր դաշինքով փորձելու են Իրանից ստանալ հնարավորը, հետևաբար այս պահին Իրանի լրջագույն խնդիրն է թույլ չտալ որևէ կերպ իրեն ներքաշել մեծ ռազմական էսկալացիայի մեջ։ 

– Իսրայելի այդ հնարավոր պատասխանն ինչպիսի՞ն կլինի, ու Իրանն ինչպե՞ս կարձագանքի դրան։

– Ամբողջ խնդիրն այստեղ մեկն է՝ Իսրայելի ծայրահեղական կառավարությունը՝ ի դեմս Նեթանյահուի, կարծես անկառավարելի է դարձել իր ամենաառանցքային դաշնակից ԱՄՆ-ի կողմից ու հաճախ տարածաշրջանում ստեղծում է ԱՄՆ-ի շահերին հակասող իրավիճակներ։ Իսկ Նեթանյահուի նման վարքագիծը որոշակիորեն պայմանավորված է շատ հարմար ժամանակային իրավիճակով, այն է՝ ԱՄՆ-ում նախընտրական ժամանակաշրջան է, իսկ նման փուլում Բայդենի վարչակազմը չի կարող չաջակցել Իսրայելին, այլապես կարող է կորցնել հրեական լոբբիի զգալի աջակցությունը։ 

Այնուամենայնիվ, Իսրայելն առայժմ գուցե փորձի գործընթացներն առաջ մղել քաղաքական, դիվանագիտական հարթությունում, իհարկե չի բացառվում իրանական որոշ ռազմական օբյեկտների ուղիղ թիրախավորում։ Իսրայելը կարող է օգտագործել ոչ շատ մասշտաբային պատասխան գործողությունը, գոնե հրապարակային քարոզչական մակարդակում։ Իրանի պատասխանն էլ, վստահաբար, դարձյալ կլինի իրավիճակի կառավարելիության սահմանում, որպեսզի այն չենթադրի լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվելու հնարավորություն։ Այս պահին, սակայն, տարածաշրջանում իրավիճակը կառավարելիի սահմանում է։  

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am