Հաղորդում հանցագործության մասին` Գյումրիում կատարված դեպքերի առնչությամբ. Զարուհի Փոստանջյան

Հաղորդում հանցագործության մասին` Գյումրիում կատարված դեպքերի առնչությամբ. Զարուհի Փոստանջյան
Հաղորդում հանցագործության մասին` Գյումրիում կատարված դեպքերի առնչությամբ. Զարուհի Փոստանջյան

ՀՀ գլխավոր դատախազ պարոն Գևորգ Կոստանյանին
Պատճենը` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Կարեն Անդրեասյանին
Հաղորդում հանցագործության մասին

Գործի նկարագրությունը

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի 188 տանը տեղի է ունեցել յոթ անձանց սպանություն, այդ թվում երկու մանկահասակ երեխաների, նրանցից մեկին՝ վեցամսյա Սերյոժա Ավետիսյանին պատճառվել էր ծանր մարմնական վնասվածքներ, որի հետևանքով նա մեկ շաբաթ անց մահացել է հիվանդանոցում: Համաձայն ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի հայտարարության` շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել այն մասին, որ Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ, դեպքի վայր մեկնել է օպերատիվ խումբը, և օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է  Սերյոժա Կարապետի Ավետիսյանի, Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանի, Արմեն Սերյոժայի Ավետիսյանի, Արաքս Անդրանիկի Ավետիսյանի, Աիդա Սերյոժայի Ավետիսյանի, Հասմիկ Արմենի Ավետիսյանի դիակները հրազենային վնասվածքի հետքերով. Սերյոժա Արմենի Ավետիսյանին տեղափոխել են հիվանդանոց: Ենթադրյալ հանցագործը դեպքի վայրում թողել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը՝ ինքնաձիգը, իր զինվորական համազգեստը և դիմել փախուստի:

Համաձայն ՀՀ քննչական ծառայության 2015 թվականի հունվարի 12-ի հայտարարության՝  դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ զինծառայողի տարբերանշանով զինվորական համազգեստ, զինվորական կոշիկներ։  Պարզվել է, որ դրանք պատկանում են Պերմյակով ազգանունը կրող անձին, ով հանդիսանում է Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմական բազայի ժամկետային զինծառայող։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները, հարեւանները (տես՝ այստեղ):

Հայաստանի Հանրապետության փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը 2015 թվականի հունվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է հետևյալը՝

«…Ոչ մեկ ինքնուրույն ոչինչ չի անում, ես եմ գլխավորում օպերատիվ խումբը և ոչ մեկ չի կարող ինքնուրույն փնտրել նրան, համագորակցված ենք աշխատում, նշեցի արդեն, որ  նաև  Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների հետ…Այս պահի դրությամբ գտնվելու մասին ռեալ տեղեկություններ չկան, կարծում եմ, կարող ենք ենթադրել, որ նպատակը փախուստի դիմելն է և շատ արագ հանրապետությունից դուրս գալը…

(հարց) -Այս պահին Շիրակ մտնող ճանապարհները բա՞ց են:

-Շիրակ մտնող ճանապարհները բոլոր օրինահարգ քաղաքացիների համար բնականաբար բաց են, բայց ոստիկանությունը անցել է խիստ ռեժիմային աշխատանքի  հատուկ միջոցառման շրջանակներում:

(հարց) -Դեպքի առնչությամբ ինչ-որ պարտավորվածություն ունի՞ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը գտնելու կամ, առհասարակ, որքանո՞վ են ներգրավված:

-Դեպքի առնչությամբ իրանք ներգրավված են այնքանով, որքանով որ  մենք գտնում ենք նպատակահարմար և կրկնվում եմ ու ասում՝  համագործակցում ենք լուրջ և անկեղծ շահագրգռվածություն եմ իրենց բոլորի կողմից տեսնում:

(հարց) -Ուզում եմ իմանալ՝ ո՞ր կողմի օրենսդրությունն է գործում:

-Այս պահին, այս դրվագի համար, քանի որ հանցագործությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Գյումրի քաղաքում, վարչատերիտորյալ բաժանման կարգով, եթե լիներ զինվորական մասի ներսում՝ հանցագործությունը, բնականաբար, մենք իրենց կաջակցեինք, կզբաղվեին իրենց իրավապահ մարմինները, հիմա մենք ենք զբաղվում, քննությունը վարում է, Երևանից եկել են այստեղ նաև  Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը, այստեղ են նաև մեր քննչական կոմիտեի համապատասխան պաշտոնյանները՝ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի գլխավորությամբ: Մեր բոլորի գերխնդիրն է շատ արագ իրան գտնելը, գտնելուց հետո դեպքի մնացած մանրամասները շատ արագ կպարզեն… Այս պահին հավաստիացնում եմ Ձեզ, որ քննությունը վարում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, բնականաբար, հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունը, իսկ օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքները՝ միանշանակ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը՝ իրավապահ մյուս մարմինների հետ սերտ համագործակցելով, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայությունների  հետ:  …Խնդրում եմ խուճապ չառաջացնել, չապակողմնորոշել, մեր համաքաղաքացիներին, ազգաբնակչությանը և այս աշխատանքները չեն կատարվում միայն մտավախություն չունեն, օրինակ, որ Շիրակի մարզում կամ որևէ սահմանային անցագրային կետերում ողջ Հանրապետության տարածքում անցել ենք խիստ ուժեղացված ռեժիմի հատուկ միջոցառումների շրջանակներում:

(հարց) -Գոնե մո՞տ են ոստիկանները հանցագործներին:

-Ոստիկանները միշտ էլ հանցագործներին մոտ են…» (տես`այստեղ):

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «News.am»-ի  հարցին պատասխանել է հետևյալը՝«Մասնավորապես՝ սահմանապահների հետ աշխատելու, նրանց վստահել-չվստահելու մասին… Ես ինչո՞ւ պիտի չվստահեմ ռուս սահմանապահին, ինչո՞ւ պիտի չհամագործակցեմ նրա հետ: Կարո՞ղ եք բացատրել (տես՝http://news.am/arm/news/247901.html):

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտնել է հետևյալը՝

…(հարց) -Ինչու՞ մեր իրավապահները չբռնեցին, այնուամենայնիվ,  այլ Հայաստանի տարածքում ռուս զինվորները:

-Ես էտ հարցին պատասխանել եմ, մի հատ էլ կպատասխանեմ. մեր համար խնդիրը կայացելա և բոլոր նման դեպքերում կայանումա նրանում, որ ով բռնեց` ինչ-որ գյուղացի, քաղաքացի, ոստիկան, ես չգիտեմ ով, դերասան (սիրում եք ասել) խնդիրը դրվումա էդպես՝ վերցնել և ստեղծել էնպիսի իրավիճակ, որպեսզի հանցագործը չկարողանա տվյալ տարածքից դուրս գալ, որպեսզի  հանցագործը զգուշանա նոր հանցագործություններ  կատարելու, որպեսզի ստիպված լինի կամ մի տեղ ծպտվի, քողարկվի կամ սպասի ինչ-որ մի ժամի, ինչ-որ մի ժամանակի, որպեսզի կարողանա գործողություններ անել: Մեր խնդիրը կայանումա նրանում, որպեսզի ապահովել նման երևույթները: Իհարկե, մեր համար հասկանալի և ընկալելի էր, և մենք ստեղծել ենք էնպիսի իրավիճակ, որ որոշակի կանախատեսում էլ ունենք հնարավոր տասնյակ տարբերակներից, որ  նա սահման պետքա ձգտի գնա, որովհետև, մտածելով, որ ինչ-որ էտ տեղանք կարողա իմանա, և մենք, անկեղծ ասեմ, դեպքից մի երկու ժամ առաջ ինֆորմացիա ստացել էինք, ու երեսունհինգ հոգանոց խումբը գնացել էր, մի հատվածը նայել էր» (տես՝ http://www.azatutyun.am/content/article/26799175.html):

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Երկիրն այսօր»-ի հետ զրույցում հաստատել է հետևյալը՝ գիշերվանից շրջանառվող լուրը, որ գիշերը ռուս սահմանապահները Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտ հայտնաբերել և ձերբակալել են Գյումրիում վեց մարդու սպանության համար կասկածվող և երեկվանից հետախուզման մեջ գտնվող Վալերի Պերմյակովին: Ավելի ուշ Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը դեպքի մասին մանրամասներ է հաղորդել: Ըստ դրանց` կեսգիշերին սահմանապահ ուղեկալում նկատվել է անծանոթ անձ, որը շարժվել է Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ: Ուղեկալի սահմանապահ ջոկատի հրամանատարը կարգի համաձայն «կանգ առ», ապա «կանգ առ, կկրակեմ» է գոռացել, ապա, արձագանք չստանալով, օդ է կրակել և սահմանախախտը պառկել է գետնին: Քաղաքացիական հագուստով անձի մոտ եղել է 6.000 դրամ և 3 բջջային հեռախոս: Պարզվել է, որ հենց նա է հետախուզվող Պերմյակովը:   Նա փոխանցվել է 102-րդ ռազմական բազայի հրամանատարին: Մեր տեղեկություններով, այս պահին նրան հարցաքննում են նույն ռազմաբազայի քննչական մարմինները և, համաձայն կարգի, 24 ժամվա ընթացքում նա պետք է փոխանցվի հայ իրավապահներին (տես՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=23933):

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է հետևյալը՝ «Ռուս սահմանապահները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող Վալերի Պերմյակովին: Ռուսական կողմը բանավոր տեղեկացրել է հայ իրավապահներին, որ հայտնաբերվածը Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովն է:» Ասլանյանն ասել է, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների` արյունալի դեպքերի գործով հիմնական կասկածյալին գտել են հայ – թուրքական սահմանի մոտ՝ Բայանդուր և Երազգավորս գյուղերի հատվածում։ Դատախազը տեղեկացրեց, որ Վալերի Պերմյակովը հիմա ռուսական կողմի մոտ է (տես՝ http://www.azatutyun.am/archive/news/20150113/2031/2031.html?id=26790372):

Գյումրիում կատարված դեպքերի հետ կապված` Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունն իրականացրել է սահմանի առանձնահատուկ խստացված հսկողություն:  Այս մասին տեղեկացրել է  «Արմենպրեսը»։

«Հայ-թուրքական սահմանի երկայնքը շրջափակված էր, և այն հսկվում էր սահմանապահների կարգախմբերով` սպաների գլխավորությամբ, որպեսզի հնարավոր լիներ կանխել օրինախախտի հնարավոր ներթափանցումը դեպի Թուրքիա:

Այսպիսով, հունվարի 13-ին` ժամը 00:15-ին, սահմանապահ խումբը, որը բաղկացած էր Գյումրիի սահմանապահների խմբից, սահմանից մոտ 2000 մ հեռավորության վրա նկատել է անհայտ անձի, ով շարժվում էր դեպի պետական սահմանը:

Թույլ տալով անհայտ անձին մոտենալ հայ-թուրքական սահմանապահ կարգախմբին՝ կարգախմբի ավագը հրամայել էր նրան կանգ առնել, սակայն նա շարունակել է քայլել: Այնուհետ սահմանապահը բացականչել է. «Կանգ առ, այլապես կկրակեմ», սակայն դա էլ չի կանգնեցրել նրան: Դրանից հետո կարգախմբի ղեկավարն իրականացրել է մեկ նախազգուշական կրակոց դեպի վեր ԱԿ-74 ավտոմատից, որով ստիպել է օրինախախտին պառկել գետնին: Այսպիսով, հաջողվել է օրինախախտին ձերբակալել Բայանդուր գյուղից 700 մ դեպի հյուսիս հեռավորության վրա:

Սահմանախախտը քաղաքացիական հագուստով է եղել: Զննության ընթացքում անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել, ունեցել է բջջային երեք հեռախոս, գրպանի էլեկտրական լապտեր, 6 հազար դրամ:

Ֆիլտրացիոն միջոցառումների  ընթացքում հաստատվել է, որ ձերբակալվածը 102-րդ ռազմական բազայի զինծառայող  շարքային Վ.Պ. Պերմյակովն է:

Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ-մայոր Վ.Վ. Բիրյուկովի որոշմամբ` ձերբակալվածը  հանձնվել է 102-րդ ռազմական բազայի հրամանատարին` կայազորի ռազմական դատախազի և ռազմաքննչական բաժնի ներկայացուցիչների ներկայությամբ (տես՝  http://www.tert.am/am/news/2015/01/13/vpp/1557485):

Համաձայն ՀՀ քննչական ծառայության  2015թվականի հունվարի 21-ի հայտարարության՝  որոշում է կայացվել՝ Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը(տես՝ այստեղ

Քրեական գործ հարուցելու հիմքերը

Համաձայն  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի՝  քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պարտավոր են քրեական գործ հարուցել:

Համաձայն  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի՝  հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը իրենց լիազորություններն իրականացնելիս հանդիսանում են քրեական գործ հարուցելու առիթ:

12.01.2015 թվականին Գյումրիի Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած սպանությունների դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված ինքնաձիգը և պարկուճներն, ըստ նախնական տվյալների, պատկանել են Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի զինվորական ծառայող Վալերի Պերմյակովին: Տվյալ զենքը ապօրինի դուրս է բերվել Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայից, ինչն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված  արարք՝ ապօրինի կերպով զենք փոխադրելը:

13.01.2015 թվականին, ժամը 00:15-ին հայ-թուքական պետական սահմանին Ռուսասատանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողները ձերբակալել են պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարող անծանոթ անձի, որը, հետագայում պարզվել է, Վալերի Պերմյակովն է: Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու ցանկացած դեպքում պարտավոր են կատարել «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» (30 սեպտեմբերի, 1992թ.) պայմանգրի 5-րդ հոդվածով նախատեսված գործողությունները, որոնք բացառում են Ռուսասատանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից ինքնուրույն հետաքննչական գործողություններ իրականացնել և սահմանում են Հայաստանի Հանարապետության ազգային անվտանգության ծառայության և իրավապահ մարմինների հետ համատեղ օպերատիվ հետախուզական աշխատանք, պետական սահմանը խախտելու վերաբերյալ համատեղ հետաքննություն և համատեղ անհետաձգելի գործողություններ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օենսգրքերի:

13.01.2015 թվականին, ժամը 00:15-ին հայ-թուքական պետական սահմանին Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարող անծանոթ անձի վերաբերյալ տեղեկատվություն չեն փոխանցել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության  իրավապահ մարմիններին, իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի Հանրապետության  իրավապահ մարմիններն էլ, իրենց հերթին, տեղեկություն չեն պահանջել:  Հետագայում նույնպես, երբ արդեն  պարզ է դարձել, որ տվյալ անձը հանդիսանում է հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով կասկածվում էր Գյումրիի  Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած սպանությունների կատարման մեջ, Ռուսասատանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողների կողմից տեղեկություն չի տրամադրվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության  իրավապահ մարմիններին, իսկ  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի Հանրապետության  իրավապահ մարմինները տեղեկատվություն չեն  պահանջել: 

Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողները Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարած հետախուզման մեջ գտնվող և սպանությունների կատարման մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալել և հանձնել են Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներին: Հետախուզման մեջ գտնվող Վալերի Պերմյակովը, հայ-թուրքական սահմանի մոտից Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների վերահսկման ներքո անցնելով շուրջ 17 կիլոմետր, տեղափոխվել է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազա: Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի և 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների կողմից թույլ տրված ապօրինությունը՝ հետախուզման մեջ գտնվող Վալերի Պերմյակովին առանց ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության  իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից ձերբակալելը և առևանգման միջոցով տեղափոխելը  ՀՀ իրավապահ մարմինների կողմից չի կանխվել, չնայած նրան, որ պաշտոնապես հայտարարվել էր, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից  ճանապարհները վերահսկվում են և բոլոր գործողությունները կատարվում են համատեղ:

Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի ղեկավարության հետ համատեղ իրականացրել են Վալերի Պերմյակովի նկատմամբ ապօրինի ձերբակալություն, հետագայում՝ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ապօրինի ձերբակալված Վալերի Պերմյակովին թույլ են տվել ապօրինի տեղափոխել Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի տարածք, որտեղ նա ներկայումս գտնվում է ապօրինի:

Սույն գործողություններն իրենց մեջ պարունակում են մի շարք հանցակազմեր՝ նախատեսված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ արդարադատության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համապատասխան գլուխներով:

Վալերի Պերմյակովի գործողությունը, Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի  329-րդ հոդվածով նախատեսված  արարք՝ պետական սահմանն ապօրինի հատելը: Վալերի Պերմյակովի նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու վերաբերյալ մեղադրանք չառաջադրելը  ՀՀ իրավապահ մարմինների կողմից հանդիսանում է անգործության դրսևորում: 

Պահանջ

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք անհապաղ հարուցել քրեական գործ՝

  1. ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված  արարքի՝  ապօրինի կերպով զենք փոխադրելու փաստի առթիվ,
  2. Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալելու, տեղափոխելու և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում պահելու վերաբերյալ  ՀՀ քրեական օրենսգրքի արդարադատության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ նախատեսող համապատասխան հոդվածներով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության թույլ տրված ապօրինությունների փաստի առթիվ:
  3. ՀՀ քրեական օրենսգրքի  329-րդ հոդվածով նախատեսված  արարքի՝ Վալերի Պերմյակովի կողմից կատարված պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ: 

 Զարուհի Փոստանջյան

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

Լուսանկարում` հազարավոր մարդիկ Գյումրիում հրաժեշտ են տալիս Ավետիսյան ընտանիքին: