Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ներդրել է ներվիրահատական հետազոտության նորագույն եղանակ

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրվել է ներվիրահատական ֆլուորեսցենտային հետազոտության եղանակը, որի շնորհիվ հնարավոր է նվազեցնել հետվիրահատական բարդությունները և զգալիորեն բարելավել վիրահատական բուժման արդյունքները: Այդ նպատակով ձեռք է բերվել հատուկ սարք, որը նորույթ է հայաստանյան առողջապահական համակարգում։

«Ժամանակակից ուռուցքանության մեջ ներվիրահատական հետազոտությունը շատ կարևոր դերակատարում ունի, և որոշակի տեղակայման քաղցկեղների դեպքում տրավմատիզացիան է քչացնում, վիրահատության ծավալն է փոքրացնում, և պացիենտները հետագայում խուսափում են հաշմանդամությունից», – նշել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը` առանձնացնելով ձեռքբերված սարքի առավելությունները:

Ուռուցքային հիվանդությունների վիրահատությունների ժամանակ` որպես ներվիրահատական հետազոտություն, ֆլուորեսցենտային եղանակը կիրառվում է մի շարք ոլորտներում․

  1. հետազոտության շնորհիվ հայտնաբերվում են, այսպես կոչված, պահակային ավշային հանգույցները կրծքագեղձի, մաշկի չարորակ նորագոյացությունների ժամանակ,
  2. վահանաձև գեղձի վիրահատությունների ժամանակ ֆլուորեսցենտային հետազոտությամբ հայտնաբերվում են հարվահանագեղձերը, գնահատվում է դրանց կենսունակությունը,
  3. պլաստիկ-վերականգնողական վիրահատությունների ժամանակ այս հետազոտությամբ որոշվում է տեղափոխվող հյուսվածքների արյունամատակարարման աստիճանը, գնահատվում է այդ հյուսվածքների կենսունակությունը, վերջնական արդյունքում զգալիորեն բարելավվում են վիրահատական բուժման արդյունքները:

«Ֆլուորեսցենտային հետազոտությունները նորագույն, գերժամանակակից հետազոտություններ են, որոնք լայնորեն կիրառվում են ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով: Հետազոտության ընթացքում ներարկվում է հատուկ կոնտրաստային նյութ, որը ինֆրակարմիր սպեկտրում լուսարձակում է, ինչը որսում է խցիկը և փոխանցում էկրանի վրա։ Մեթոդն ունի բարձր ինֆորմատիվություն, ցածր տոքսիկության պրոֆիլ, և կեղծ բացասական գործակցի ցածր ցուցանիշ»,- մանրամասնել է կենտրոնի Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր Կոստանյանը։