ԳՈւՄ-ի շուկայի մոտի մսի պասաժները պատուհաս են բոլորիս գլխին․ Տեսչության ղեկավար

ԳՈւՄ-ի շուկայի մոտի մսի պասաժները պատուհաս են բոլորիս գլխին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և կից հրապարակել տեսչության իրականացրած մշտադիտարկման արդյունքները։

Ըստ այդմ, սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն այսօր վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, ստուգայց են կատարել Երևանի Խորենացի փողոցի մսի տաղավարներում (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք)՝ նպատակ ունենալով հսկել թե ստացված մսի ծագումը, թե մսի տեղափոխման պայմանները և թե տաղավարների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը:

Տեսչական մարմնի մասնագետները եղել են այդ պահին գործող 9 տաղավարներում, ստուգել են ստացվող մսեղիքն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Բոլոր 9 տնտեսավարողների մոտ էլ արձանագրվել են խախտումներ:

Տնտեսավարողներից միայն մեկն է ունեցել մսի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը: Մի քանի տեղ մսի տեղափոխումն իրականացվել է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին չհամապատասխանող փոխադրամիջոցներով, իսկ տաղավարներից երկուսի աշխատակիցները չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կբացվեն ստուգումներ՝ կոնկրետ վարչական պատասխանատվություն ենթադրող հետևանքներով:

Հիշեցնենք՝ սպանդանոցային մորթի պահանջը ողջ հանրապետությունում պարտադիր է դարձել 2020թ. հուլիսի 1-ից, ինչը նշանակում է, այդ նորմի պահպանումը լինելու է ՍԱՏՄ ուշադրության կենտրոնում՝ որպես պետական այս կառույցի գործունեության առաջնահերթություններից մեկը: