Գերությունից վերադարձածներից մեկը, որը կալանավորվեց, չի ընդունում մեղադրանքը. փաստաբանը մանրամասնում է

Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական ահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ գերի ընկած և դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած գերիներից մեկը՝ Ս. Ա-ն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է: Այդ մասին «Մեդիալաբին» տեղեկացրեց նրա փաստաբան Լևոն Վարդապետյանը:

«Քննչական մարմինը միջնորդել էր կալանավորել, և դատարանը որոշեց կալանավորել պաշտպանյալիս», -փոխանցեց փաստաբանը:

Պաշտպանական կողմը առայժմ չի ստացել դատարանի որոշումը, բայց ամեն դեպքում, նրանք պատրաստվում են բողոքարկել կալանքի որոշումը:

Փաստաբանն ասաց, որ գերիությունից վերադարձած Ս. Ա-ն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Իմ պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը: Շատ բացասաբար ենք վերաբերում այս ամենին. մարդը էսքան ժամանակ գերի է ընկած եղել, հիմա եկել է Հայաստան ու այստեղ նրան ապօրինի քրեական հետապնդման են ենթարկում: Այդ ամենը քիչ է, մի հատ էլ կալանավորում են»:

Գերի ընկնելու հանգամանքների մասին փաստաբանը հրաժարվեց խոսել՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք՝ Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նրանց կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան:

MediaLab.am