Հայաստանը մնում է իր դիրքորոշմանը, և միջանցքի հարց չի քննարկվում. Արմեն Գրիգորյան

Հայաստանը մնում է իր դիրքորոշմանը, և միջանցքի հարց չի քննարկվում: Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցին՝ ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Նոյեմբերից սկսած այս օրակարգում, մեծ հաշվով, լուրջ փոփոխություն չկա, և կարևոր է, որ եռակողմ աշխատանքային խմբի մակարդակում նաև հրապարակային հաստատվեց, որ միջանցքի տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Բոլոր քննարկվող հարցերը քննարկվում են այն տրամաբանության մեջ, որ բացվող ենթակառուցվածքները լինելու են տվյալ պետության սուվերեն վերահսկողության տակ»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Նա նաև կարևորեց Հայաստանի համար Ադրբեջանի ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորությունը՝ նշելով, որ այս պահին աշխատանքային խմբում քննարկվում է Երևան-Թբիլիսի-Բաքու, այնտեղից էլ՝ Ռուսաստան կամ այլ երկրներ բեռնափոխադրումների հարցը:

«Այս առումով մենք շարունակելու ենք կառուցողական մնալ, եռակողմ ձևաչափում շարունակելու ենք աշխատել, որ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում նշված բոլոր կետերը իրականություն դառնան և տարածաշրջանն ապաշրջափակվի»,- եզրափակեց ԱԽ քարտուղարը