Մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» 2024 ուսումնաճանաչողական ծրագրի հայտադիմումների ընդունումը:

Ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին երկու շաբաթ անցկացնել Հայաստանում, բացահայտել հայրենիքը եւ ամրապնդել ազգային ինքնությունը: Ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արեւելահայերեն, արեւմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի եւ արվեստի գործիչների հետ, մարզական եւ մշակութային միջոցառումներ:

«Քայլ դեպի տուն»-ն այս տարի կանցկացվի 6 փուլով հունիսի 3-ից օգոստոսի 24-ը եւ կընդունի 600 սփյուռքահայ պատանիների: Ծրագրի հայաստանյան մասի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը: Մասնակիցներն ինքնուրույն պետք է հոգան Հայաստան ժամանման եւ մեկնման տրանսպորտային ծախսերը եւ ձեռք բերեն երկշաբաթյա ճամփորդական ապահովագրություն: Ծրագրին մասնակցության հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 1-ն է: Դիմելու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքէջ: