Օպերատիվ խորհրդակցություն՝ ոստիկանությունում. որոշ աղբյուրներ նշում են, որ տնտեսել եւ փուչիկները հելիումով չեն լիցքավորել

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրավիրել է օպերատիվ խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը:
Ըստ հաղորդագրության, խորհրդակցությունը նվիրված էր մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպին, որից տուժել են միջոցառման մասնակիցներ:
«Ոստիկանության պետը համապատասխան ծառայությունների ղեկավարներին հրահանգեց աշխատել ամբողջ գիշեր, ստուգել բոլոր վարկածները, անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի համակողմանի և բոլոր ուղղություններով քննության, բոլոր հանգամանքներն ի հայտ բերելու և կատարվածի ամբողջական պատկերը բացահայտելու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ խորհրդակցության ընթացքում կոնկրետ հանձնարարականներ են տրվել:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ՀՀԿ նախընտրական եզրափակիչ հանրահավաքի ժամանակ երիտասարդների ձեռքում գտնվող փուչիկները այրվել են, պայթյուն առաջացնելով: Նախնական պաշտոնական տվյալներով, տուժածների թիվը հասնում է 150-ի, թեեւ լրատվամիջոցներն արդեն նշում են 200 թիվը:

Ըստ մամուլում առաջ քաշվող տեսակետի, դժբախտ միջադեպը տեղի է ունեցել ծխախոտի կրակի հետեւանքով: «Հրապարակ» օրաթերթը նշում է, ըստ իրենց տեղեկությունների հաջողվել է պարզել, որ եթե «փուչիկները լիցքավորված լինեին հելիում գազով, ապա պայթյուն տեղի չէր ունենա, սակայն հելիումը թանկ արժե, այդ պատճառով էլ փուչիկները լիցքավորում են մեթան կամ բնական գազերով»:

© Medialab.am