«Եթե ես ու Նաիրա Զոհրաբյանը լինեինք ԲՀԿ շարքերում, արդյունքն այսպիսին չէր լինի». Գևորգ Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Բարգաբաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը

-Պարո՛ն Պետրոսյան, ձեր գնահատականը խնդրեմ Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ կապված:

– Դատելով այն հանգամանքից, թե որ բևեռն ինչ ժողովրդական ռեսուրս էր կարողանում ապահովել նախընտրական հանդիպումներին, արդյունքն անսպասելի էր: Այսինքն՝ ստացվում է՝ մի կողմը, որ չի կարողանում հանրահավաքին մարդ բերել, ստանում է 54 տոկոս, իսկ մյուս կողմը կարողանում է Հանրապետության հրապարակն ամբողջությամբ լցնել, բայց հավաքել կեսի կես ձայները: Սա անտրամաբանական է:

Ընտրական գործընթացին հետևողները գիտեն, որ աննախադեպ քանակի և տարաբնույթ խախտումների մասին էին խոսում, ինչը թույլ է տալիս մտածել, որ իշխող կուսակցության ձայներն իրականում չեն արտացոլում իսկական պատկերը:

Ամենավտանգավորն ու ոչ ցանկալին այն է, որ ժողովուրդը չկարողացավ ճիշտ գնահատել իրավիճակն ու շատ շուտ մոռացավ այն կորուստները, որոնք մենք ունեցել ենք:

Սա այն դեպքն է, որ ո՛չ կարող ես ամբողջությամբ մեղադրել ժողովրդին, ո՛չ՝ ամբողջությամբ արդարացնել: Ժողովուրդը չկարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը, ինչպես ասում են՝ ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը:

-Որպես իրավաբան՝ կխնդրեմ ասեք՝ ի՞նչ զարգացումներ կլինեն, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչները հրաժարվեն մանդատներից:

-Հստակ իրավական կարգավորում չկա, կա կարծիք, որ եթե ամբողջ կազմով հրաժարվեն մանդատներից, այդ դեպքում որևէ քաղաքական ուժ իրավունք չունի տիրանալ խորհրդարանի աշխատանքները բոյկոտած քաղաքական ուժերի մանդատներին:

Կա նաև իրավաբանների մի խումբ, որ կարծում է, թե այդ դեպքում հրաժարված ուժերի մանդատին կտիրանան ձայներով զիջած հաջորդ ուժերը, տվյալ դեպքում՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»:

Բայց ես հակված եմ այն տեսակետին, որ այդ պարագայում խորհրդարանում մնում է մեկ ուժ, իսկ մեկ ուժով խորհրդարան չի կարող ձևավորվել, և հանգում ենք խորհրդարանական ճգնաժամի, որովհետև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ գոնե ձևավորման փուլում պետք է երեք քաղաքական ուժ լինի, մեկ ուժով չի կարող խորհրդարան ձևավորվել, որովհետև և՛ Սահմանադրությունը, և՛ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը խոսում են ընդդիմության պարտադիր առկայության մասին:

Բայց քանի որ չկա հստակ իրավակարգավորում, չենք կարող հստակ ասել, թե ինչ կլինի, եթե այդ ուժերը հրաժարվեն մանդատներից:

Պարո՛ն Պետրոսյան, իսկ սպասելի՞ էր, որ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները չէին հայտնվի խորհրդարանում:

Նախընտրական քարոզարշավին հետևելով՝ հասկանում էի, որ «Բարգավաճ Հայաստանը» այն նույն ոգևորությամբ չէր մասնակցում քարոզարշավին, ինչպես եղել է նախկին բոլոր ընտրությունների ժամանակ:

«Լուսավոր Հայաստանի» մասով էլ կասկած կար, որ կարող է չանցնել, քանի որ նրանց քարոզարշավն իրականացվում էր բակային փոքրաքանակ հանդիպումներով ու երթերով, որոնք այդքան էլ արդյունավետ չէին:

Իրենց մասով՝ սպասելի էր, իսկ «Բարգավաճ Հայաստանինը», հաշվի առնելով այն ռեսուրսը, որ միշտ է ունեցել, մտածում էի, որ կհաղթահարի անցողիկ շեմը: Բայց պարզվում է, որ այն մարդիկ, որ, ենթադրվում էր, թե պետք է անպայման քվեարկեին ԲՀԿ-ի օգտին, ընթացքում դարձան թափառող ձայներ ու իրենց ձայնը այլ քաղաքական ուժի տվեցին:

Իսկ հնարավո՞ր է «Բարգավաճ Հայաստանը» չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը, քանի որ դուք և Նաիրա Զոհրաբյանը կուսակցության կազմում չեք, չէիք մասնակցում քարոզարշավին:

– Այո՛, նման բան կա, հիմա ո՛չ ավելորդ համեստություն, ո՛չ էլ անհամեստություն կանեմ: Անհամեստությունն այն կլինի, որ ասեմ՝ այո՛, դա բացարձակ ճշմարտություն է, չեմ կարող ինձ նման բան թույլ տալ:

Բայց նաև չեմ ուզում ավելորդ համեստություն անել ու ասել, եթե մենք այնպես, ինչպես արել ենք նախկինում, նույն ձևով կրկնեինք մեր քարոզարշավը նույն ջանասիրությամբ, նույն տեմպով, ակտիվությամբ ու նվիրվածությամբ լինեինք իրենց շարքերում, գուցեև արդյունքն այդպես չլիներ, որովհետև հարյուրավոր զանգեր եմ ստացել, որ ասում էին, եթե դուրս ես եկել ԲՀԿ-ից՝ կներես, բայց մենք այլևս մեր աջակցությունը չենք հայտնի:

Բայց էլի եմ կրկնում՝ չեմ կարող նման անհամեստություն թույլ տալ ինձ ու ասել, եթե ես ու Նաիրա Զոհրաբյանը լինեինք, ուրեմն ԲՀԿ-ն կհաղթեր, գուցեև այդպես լիներ, որովհետև տիկին Զոհրաբյանն էլ ուներ համակիրների մեծ բանակ:

Թե ինչքան կլինեին այդ ձայները՝ չեմ կարող ասել, բայց եթե ես ու Զոհրաբյանը լինեինք, համենայնդեպս, արդյունքն այդպիսին չէր լինի, որովհետև հաստատ մեր մասնակցությամբ չէինք նվազեցնի ԲՀԿ-ի ձայները:

– Պարո՛ն Պետրոսյան, կարծում եք, որ ԲՀԿ-ն միտումնավո՞ր էր պասիվություն դրսևորում քարոզարշավի ընթացքում:

– Չեմ կարող պնդել, քանի որ չգիտեմ: Գուցեև ընդհանուր հիասթափություն կար, որովհետև քարոզարշավի ողջ ընթացքում, բացի Գագիկ Ծառուկյանից, որևէ մեկը որևէ հանրային ելույթ չունեցավ: Նկատի ունեմ հեռուստաընկերություններով՝ հաղորդաշարերի ու հարցազրույցների ձևաչափով, ինչն ինձ համար զարմանալի էր, որ միայն կուսակցության ղեկավարը խոսի, այն էլ՝ հանրահավաքներին:

Ակնհայտ էր, որ ԲՀԿ-ում նախկին ջանասիրությունն ու եռանդը չեն մնացել, թե դրա մեջ ինչքանով էինք ես ու տիկին Զոհրաբյանը մեղավոր, չեմ կարող ասել:

Բայց բոլորն էլ գիտեն, որ մենք եղել ենք առաջամարտիկ և ոչինչ, այդ թվում՝ մեր անձնական բարեկեցությունն ու անվտանգությունը չենք խնայել, որ ԲՀԿ-ն միշտ հաջողություն ունենա: Թող ժողովուրդը, հետաքրքրվող հատվածը դատի՝ մեր բացակայությունը ինչ տվեց կամ չտվեց ԲՀԿ-ին:

– Հայաստանին ի՞նչ ապագա կտա այս կառուցվածքն ունեցող օրենսդիր մարմինը:

– Երբեք ավելորդ վատատես չեմ եղել, և այն, ինչ հիմա կասեմ, իմ իրական գնահատականն է: Ոչ մի լավ բան չեմ սպասում, քանի որ այդ նույն քաղաքական ուժը դարձյալ բացարձակ մեծամասնություն ունի, և եթե անգամ ընդդիմությունը չհրաժարվի ու պահպանի իր 33 ձայնը այդ բացարձակ մեծամասնության առաջ, նույն պատկերն է լինելու, ինչ կար 7-րդ գումարման ԱԺ-ում:

Այսինքն՝ իրենք նույն սկզբունքներով, արժեհամակարգով, իրավագիտակցությամբ շարունակելու են իրենց կամքը միակողմանիորեն թելադրել:

Նույն բարքերն իշխելու են օրենսդիր քաղաքականության մեջ, դրան էլ գումարած այն, որ այդ կազմն արդարացրեց Նիկոլ Փաշինյանի ամբողջ արտաքին քաղաքականությունը՝ հանցակցելով նրան կատարված ողջ գործընթացում: Ես որևէ լավ բան ակնկալել չեմ կարող այս խորհրդարանից:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am