Դադարեցվել է օրենքի խախտմամբ հանքարդյունաբերական գործունեություն ծավալած ընկերության ընդերքօգտագործման իրավունքը. դատախազություն

Դատախազական ներգործության արդյունքում՝ դադարեցվել է Արարատի մարզում օրենքի խախտմամբ հանքարդյունաբերական գործունեություն ծավալած ընկերության ընդերքաօգտագործման իրավունքը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։

«Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ:

Օրենքի խախտմամբ հանքարդյունաբերական գործունեություն ծավալած, պետությանը  1 մլն 359 հազար դրամի գույքային վնաս պատճառած, Արաքս գետի հունը խախտած ընկերությունը «Արև Սյուզի» ՍՊ ընկերությունն էր:

Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերությունը, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում, չունենալով թույլտվությամբ տրամադրված սահմաններից դուրս օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվելու իրավունք, շեղվել է Ընկերությանը տրամադրված կոորդինատներից, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող՝ 2748 խմ ծավալով լեռնային զանգված՝ խախտելով Արաքս գետի հունը: Միևնույն ժամանակ, Ընկերության տնօրեն Կ.Հ.-ն, շրջանցելով օրենքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով՝ պետությանը չէր վճարել 5 մլն դրամ տուգանքը:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Կ.Հ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում:

Նախաքննության ընթացքում Ընկերության տնօրենը վերականգնել էր 1 մլն 359 հազար  դրամ վնասը, վճարել էր նաև գանձման ենթակա՝ 5 մլն դրամ տուգանքը: 

Դատախազը, նույն թվականի նոյեմբերի 16-ին, հաստատել էր Կ.Հ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով՝ Ընկերության տնօրենը մեղավոր էր ճանաչվել վերոնշյալ արարքում և նրա նկատմամբ որպես պատիժ՝ նշանակվել էր տուգանք՝ 2 մլն 720 հազար դրամի չափով:

Արարատի մարզի դատախազությունը, 2023 թվականին միջնորդագիր էր ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ «Արև Սյուզի» ՍՊ ընկերությանը տրամադրված՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը դադարեցնելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով՝ դադարեցվել է «Արև Սյուզի» ՍՊ ընկերության ընդերքաօգտագործման իրավունքը, ուժը կորցրած է ճանաչվել ՇԱԹՎ-29/306 թույլտվությունը, լեռանահատկացման թիվ ԼՎ-306 ակտը և լուծվել է օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրված թիվ ՊՎ-306 ընդերքօգտագործման պայմանագիրը: