Շուշիի շրջանի Եղցահող համայնքում նախատեսվում է ջրագիծ կառուցել. համայնքի ղեկավար

Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները շարունակում են ապրել ու արարել սեփական հողի վրա:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը: Նրա խոսքով՝ պատերազմական գործողությունների պատճառով գյուղը, բարեբախտաբար, վնասներ չի կրել: Պատերազմական գործողություններից հետո գյուղում վերաբնակեցվել է երեք ընտանիք՝ երկուսը՝ Արևշատից, մեկը՝ Քիրսավանից: Եվս մոտ 15 ընտանիքի կարող են ընդունել:

 «2021թվականի հունվարի 11-ից վերաբացվել է գյուղի դպրոցը, որտեղ սովորում է 14 աշակերտ: Գյուղը չունի մանկապարտեզ: Ունենք գործող բուժկետ, որի շենքը վերանորոգման կարիք ունի: Պատերազմից հետո գյուղի մշակույթի ակումբը օգտագործվում է այլ նպատակով. քանի որ գյուղի անվտանգությունն ու ապահովությունն առաջնային են համարվում, այստեղ տեղակայված է աշխարհազորը։ Համայնքապետարանի շենքը գտնվում է վթարային վիճակում. կապիտալ վերանորոգման կարիք ունի: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ,նախատեսվում է ջրագծի կառուցում»,- տեղեկացրել է գյուղապետը: 

Համայնքն ունի 4306,6 հա տարածք,որից 2319,28 հա֊ն ունի գյուղատնտեսական նշանակություն: Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ Ա. Հակոբյանը նշել է, որ հիմնական ուղղություններն են անասնապահությունը, գյուղատնտեսությունը, հողագործությունն ու մեղվաբուծությունը: Ա. Հակոբյանը հատկանշել է, որ պատերազմը գյուղի բնակչության մեջ չի կոտրել հայրենասիրության ոգին։

Պատերազմն ավարտվելուն պես՝ բոլորը վերադարձել են հայրենի բնօրրան։