Վախճանվել է ԱՄՆ առաջին կին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը

85 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը․ այս մասին հաղորդում է Օլբրայթի Twitter-յան պաշտոնական էջը՝ հղում անելով ընտանիքի հայտարարությանը։

«Սրտի ցավով հայտնում ենք, որ այսօր մահացել է Մադլեն Օլբրայթը՝ ԱՄՆ 64-րդ պետքարտուղարը և պաշտոնավարած առաջին կինը»,- ասվում է հայտարարության մեջ։ Օլբրայթը տառապում էր քաղցկեղով։ 

Ըստ հաղորդագրության՝ պետքարտուղարության նախկին ղեկավարը մահացել է ընտանիքի անդամներով ու ընկերներով շրջապատված։

Մադլեն Օլբրայթը ծնվել է 1937 թվականի մայիսի 15-ին Պրահայում։ Նրա հայրը դիվանագետ է եղել, աշխատել է որպես մամուլի կցորդ Բելգրադում, իսկ հետո նշանակվել Հարավսլավիայում  դեսպան։ 1948 թվականին Չեխոսլովակիայում տեղի ունեցած հեղաշրջումից հետո ընտանիքը գաղթել է ԱՄՆ՝ Դենվեր։ Օլբրայթը ԱՄՆ քաղաքացիություն է ստացել 1957 թվականին, ավարտել է Ուելսլի քոլեջը և Կոլումբիայի համալսարանը։ Պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 1997-2001 թվականներին: