«Հույսս ոչ մեկի վրա չեմ դրել, ուզում եմ հույսս ինձ վրա դնել». ինչո՞ւ է Սեդա Սաֆարյանը մասնակցում ընտրություններին

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Սեդա Սաֆարյանը

 – Տիկի՛ն Սաֆարյան, դուք բավական փորձառու, հաջողակ փաստաբան եք, ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականություն: Արդեն հայտարարվել է, որ դուք ընտրություններին մասնակցելու եք «Հանուն Հանրապետության» կուսակցության համամասնական ցուցակով:

– Իմ կողմից այդ հարցի վերաբերյալ վերջնական ու վճռական որոշում կայացնելու համար շատ կարևոր էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական վերջնական որոշումը:

Ես մշտապես համոզված եմ եղել, որ Հայաստանում նախկինում քրեական օրենսդրությունը բացառապես ուղղված է եղել նախկին իշխանությունների անձնական, բիզնես շահերի սպասարկմանը:

Սակայն վերջին երկու տարիների ընթացքում անվերջ ձգձգվող դատական նիստերը, ինչպես նաև՝ Քրեական դատավարության ու Քրեական օրենսգրքերը բզբզելը ինձ բերեցին այն համոզման, որ Ազգային ժողովում անհրաժեշտ է, որ լինեն մարդիկ, որոնք պետք է վերանայեն անորոշ օրենսդրությունը:

Այս առումով, ես կարծում եմ, անելիքներ Ազգային ժողովում շատ ունենք: Ժողովուրդը օրենսդրության, դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտ փոփոխմամբ կարող է բարելավում ունենալ:

Հույսս ոչ մեկի վրա չեմ դրել, ուզում եմ հույսս ինձ վրա դնել: Գտնում եմ, որ իմ կայացրած որոշումը ճիշտ է, քանի որ մարդիկ էլ, քաղաքացիներն էլ գալիս էին իմ գրասենյակ ու ասում՝ լավ կլինի, որ գնաք Ազգային ժողով: Երևի նաև այդ պահանջն էր, որ ստիպեց նման որոշում կայացնել:

– Կարելի՞ է կարծել, որ փաստաբանական գործունեությունը ձեզ այլևս չէր բավարարում, և նաև այդ պատճառով որոշեցիք մտնել քաղաքականություն:

– Չէ՛, բավարարում էր: Ես, այո՛, սիրում եմ իմ աշխատանքը, բայց այն սերտորեն փոխկապակցված է կիրառվող օրենսդրության հետ, իսկ կիրառվող օրենսդրությունը շատ վատ վիճակում է, ու վերափոխման անհրաժեշտություն կա: Իմ որոշումը բացառապես դրանով է պայմանավորված:

– Իսկ ինչո՞ւ ընտրեցիք հենց «Հանուն Հանրապետության» կուսակցությունը: Տպավորություն է, որ այդ կուսակցության ղեկավարի՝ Արման Բաբաջանյանի հետ ձեզ միավորել է Քոչարյանի դեմ պայքարը կամ նրա վերաբերյալ քրեական գործին զարգացում տալը:

– Միայն դա չէ: Ես հարգում եմ Արման Բաբաջանյանի քաղաքական ակտիվությունը: Ընդդեմ ինչ-որ մեկի չի կարելի գնալ ինչ-որ տեղ: Դա համակարգում ստեղծված վիճակի խնդիրն է: Ես նպատակահարմար գտա գնալ Արման Բաբաջանյանի հետ և վստահ եմ՝ մեր կհաջողի միասնական աշխատանքը:

Մենք գնում ենք սխալները ուղղելու: Մենք տեսանք՝ ինչպես է Հայաստանում դատուդատաստան իրականացվում, և այս խայտառակության դեմն առնելը միայն պետք է օրենքով լինի:

Հայաստանը շատ ծանր վիճակում է, և ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կարող են, ի վիճակի են դրական տեղաշարժ անելու մեր երկրում, պետք է գնան այդ դրական տեղաշարժն ապահովեն: Սպասելու ժամանակ չունենք:

– Արդեն երևում է, որ իշխանություններն ընտրել են նախկիններին թիրախավորելու մարտավարությունը: Ի՞նչ մարտավարությամբ է ընթանալու ձեր քարոզարշավը: 

– Ես չեմ նայում ո՛չ իշխանության, ո՛չ էլ առավել ևս ընդդիմության մարտավարությանը:

Ընդդիմությունն ինձ համար ոչ թե ընդդիմություն է, այլ խումբ է, որն իր հին խնդիրներն ունի և դրանք լուծելու համար ուզում է, այսպես ասած՝ քաղաքական լծակներ ունենալ: Այնպես չէ, որ ես մտածում եմ՝ այսօրվա ընդդիմությունը մտահոգ է Հայաստանում ստեղծված վիճակով:

Նրանք չեն կարող մտահոգ լինել: Նրանք ստեղծել են այդ վիճակը ու քաղում են դրա պտուղները: Ես, ընդհանրապես, մտածում եմ՝ գործ անելու համար եմ գնում:

– Բայց տեսնո՞ւմ եք իրավիճակ, որ քաղաքական քննարկումները, հայտարարությունները, նաև՝ հարցումները նախկինների ու ներկաների շուրջ են պտտվում: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

– Լավ կլինի, որ մեր ժողովուրդը մեզ իրականում դիտի երրորդ ուժ, և մենք իսկապես կարողանանք երրորդ ուժի դեր խաղալ, ու ժողովուրդն էլ հասկանա, որ չի սխալվել, որովհետև մենք գնում ենք իրական փոփոխություններ անելու նպատակով: Ընդ որում՝ այդ փոփոխությունները պետք է տեսանելի լինեն մարդկանց համար և ոչ թե թղթային փոփոխություններ լինեն: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am