Բարոյազրկված երկիր, որ աճեցնում է բարոյազուրկ սերունդ.Էդգար Բաղդասարյան

Բարոյազրկված երկիր, որ աճեցնում է բարոյազուրկ սերունդ.Էդգար Բաղդասարյան
Բարոյազրկված երկիր, որ աճեցնում է բարոյազուրկ սերունդ.Էդգար Բաղդասարյան

Օրերս ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, տեսնելով դահլիճի բուռն ծափահարությունները Սերժ Սարգսյանին դիմավորելիս, ասել է` ոնց որ Մովսեսի գալուստը լինի Կարմիր ծովից: Այս արտահայտությունը բուռն քննարկման և քննադատության առիթ է տվել ֆեյսբուքի օտատերերի մոտ: Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյան էլ գրել է, որ իսկապես ժամանակն է երկրից հեռանալու. «Ամոթից գետինն եմ ուզում մտնել»:

Մեզ հետ զրույցում նա ասել է, որ սա ուղղված չէ միայն Նազենի Հովհաննիսյանի արտաբերած մտքին: Սա արդեն բարոյազրկված երկիր է, որ աճեցնում է բարոյազուրկ սերունդ, պոռնկացրել է գրեթե բոլորին, և այս բարոյազրկված երկրում ապրելն այլևս պատիվ չի բերում:

«Ես նրանց մեկ հավաքական կերպարի մեջ եմ դիտարկում, նրանք ինձ առանձին չեն հետաքրքրում: Այսքան բարոյազրկված մթնոլորտում չես կարող երեխա մեծացնել, կարող ես միայն երեխային զոմբիացնել և տանել գցել թուրքերի դեմը: Այդ մտածողությամբ չես կարող վաղվա օր, ապագայի տեսլական ունենալ»,-ասել է կինոռեժիսորը` հավելելով` թող պարեն փլատակների վրա, որովհետև իրենք ահռելի գումարներ ունեն, բայց բարոյազուրկ են:

Նա նշել է նաև, որ անգամ անտիբիոտիկը չի բավականացնի վարակը վերացնելու համար: «Պապս լավ խոսք ուներ` գողի ու բոզի օրը 40 օր է: Մովսեսն էլ 40 տարի ման էր ածում ազգը, որ ստրկությունը սերունդներից վերանա», ասում է Էդգար Բաղդասարյանը:

Նրա խոսքով, այն, որ բոլորի դեմքը վաղուց պատռվել է, դա չի մտահոգում և ոչ էլ այն, որ հիմա շոու բիզնեսը և մտավորականությունը հերթական գործին են լծված և քրտնում են հաճույքից, քանի որ սրան-նրան առնում են, որ երգի կամ խոսա, այս դերասանին կամ ռեժիսորին կգնեն: Հետաքրքրվեցինք` արդյոք դիմել են իրեն այդ խնդրով: Ռեժիսորի խոսքով` անգամ չեն էլ համարձակվի, քանի որ հստակ գիտեն իր դիրքորոշումը:

Միակ մտահոգվելու առիթը զոմբիացված սերունդն է բոլոր ասպարեզներում: «Հիմա զոմիբիլենդ են սարքում` վախեցած գյուղացի, եթե ճիշտ չքվեարկես, ջուրդ կկտրեմ, զոմբի երիտասարդություն են սարքում, որը սերիալներով և անասուն երգերով ոգեշնչված է», ասել է կինոռեժիսորը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` ապահով Հայաստան կարգախոսին, նա նշել է, որ այո, նրանց համար սա իսկապես ապահով Հայաստան է, քանի որ այնքան գումար են դիզել, որ անգամ իրենց ծոռի ծոռին էլ կհերիքի, բայց սա բոլորովին էլ այն Հայաստանը չէ, որտեղ ռեժիսորը կուզի ապրել և ստեղծագործել:

Lragir.am