ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը թերի հայտարարագիր է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Իր նախորդ հայտարարագրում (2022 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագիր) նախարարը նշել էր, որ 1 մլն դոլար փոխառություն ունի։ Այս պարտքը նա ուներ դեռևս 2021 թ-ից և ամեն տարի հայտարարագրերում ներկայացնում էր այն։ Սակայն 2023 թ-ին այդ պարտքն «անհետացել» է․ նախարարը 1 մլն դոլար փոխառությունը չի հայտարարագրել և որևէ կերպ չի էլ ներկայացրել, թե ինչպես է այն մարել։
Առավել ևս, որ Հովհաննիսյանը 2023 թ-ին չի ունեցել բավարար գումար այդ պարտքը մարելու համար։ Նա եկամտի 1 աղբյուր է հայտարարգրել՝ նախարարությունից ստացած աշխատավարձ՝ 20․1 մլն դրամ ծավալով։ Նա չի հայտարարագրել նաև կանխիկ ու անկանխիկ նման ծավալի խնայողություններ, որ թույլ կտար մարել պարտքը։ Հովհաննիսյանի բանկային հաշիվներին 2023-ի տարեվերջին եղել է մոտ 4 մլն դրամ և 4937 դոլար, կանխիկ ունեցել է ընդամենը 100 հազար դրամ։ Ընդ որում՝ 2023 թ-ին նա 5500 դոլար գույքի վարձակալության համար է ծախսել և 3 մլն դրամ ուսման վարձավճար է տվել։ Ուրեմն՝ ի՞նչ է եղել այդ 1 մլն դոլար պարտքը․ այս հարցի պատասխանը բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարագրում արտացոլված չէ։
Թերի են եղել նաև Հովհանիսյանի նախորդ տարիների հայտարարագրերը․ օրինակ՝ 2021 թ-ին ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ներկայացված հայտարարագրում նա նշել էր նաև 1 մլն դոլար վարկ, որը հաջորդ տարիների հայտարարագրերում չէր հիշատակել, թեև ոչ էլ մարել էր։
Factor.am-ը գրել էր, որ նախարարն այգետնակ ունի Հրազդանում, որը, ինչպես Հովհաննիսյանն էր հայտնել մեզ հետ զրույցում, վարձակալության է տվել «Վարդենի» ՍՊԸ-ին, սակայն այդ վարձակալությունից ստացած եկամուտները նախարարն իր հայտարարագրում չի նշել։ Հովհաննիսյանը, ինչպես և նախորդ տարիներին, շարունակել է բնակվել Երևանի Կենտրոնում՝ երրորդ անձի պատկանող տանը։ 2023 թ-ին նա 25 մլն դրամով Ա․ Թունյանին է վաճառել 2006 թ-ի արտադրության իր TOYOTA մակնիշի ավտոմեքենան։ Տարեվերջի դրությամբ նախարարն ունեցել է 2019 թ-ին գնված TOYOTA ավտոմեքենա (2007 թ-ի արտադրության) և TRANSALP V600 PD06 մակնիշի մոտոցիկլ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում