Նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական մարմին. Արմեն Գրիգորյան

Կառավարությունն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ լայնածավալ, երեք ուղղությամբ բարեփոխումներ է իրականացնում Ոստիկանության, Պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի ոլորտներում. ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների իր ելույթի ժամանակ:

Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրել է, որ այս բարեփոխումների համատեքստում պլանավորվում է ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին. Անվտանգության խորհրդի գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել նոր կառույցի ձեւավորման հարցով:

«Ուզում եմ ասել, որ Ոստիկանության բարեփոխումները հենց այս լայն կոնտեքստում պետք է դիտարկել, եւ դրա հիմքում դրված է ժողովրդավարական կոնցեպտը: Սկսած 2018 թ. Կառավարությունը սկսել է անվտանգության ոլորտի ժողովրդավարացման գործընթաց, ինչը կարեւոր է նաեւ անվտանգության, կայունության եւ մեր կարողությունների ավելացման տեսանկյունից»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

Ընդհանուր, նաեւ անվտանգության համակարգի տեսանկյունից Անվտանգության խորհրդի քարտուղարը կարեւորել է Ոստիկանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների՝ մեկ նախարարության մեջ համատեղումը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը: