Հայաստանը պետք է կիլոմետրերով հեռու մնար Ղազախստանում կատարվող դեպքերից. միջամտությունից խուսափելու տարբերակներ կային. Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարո՛ն Մեհրաբյան, Հայաստանի ակտիվ ու անմիջական ներգրավվածությունը Ղազախստանում կատարվող իրադարձություններին ինչպե՞ս եք գնահատում, պե՞տք էր միջամտել։

– Հայաստանը, իհարկե, պետք է կիլոմետրերով հեռու մնար այս ամենից։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն է պնդել, որ նման որոշում կայացվի: Ռուսաստանն է որոշել ՀԱՊԿ-ը՝ որպես պսևդո օրինականության տանիք օգտագործել, որպեսզի կարողանա միջամտել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին ու փրկել այնտեղի ավտորիտար ռեժիմը։ Ողջ իրականությունը սա է, մնացած լիրիկական բացատրությունները մեկ ռուսական կոպեկի արժեք չունեն։

– Իսկ Հայաստանը՝ ի դեմս իշխանության, հնարավորություն ունե՞ր խուսափելու, ինչպես դուք եք ասում, Ռուսաստանի պնդումը կատարելուց։

– Այո՛, ուներ։ Պետք է այդ հարցն ուղարկեր խորհրդարան ու խորհրդարանի կողմից հավանության չարժանացներ։ Տարբերակ երկրորդ՝ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, այդ հայտարարությունն անելուց հետո պետք է իր սեփական վերապահումն աներ, թե քանի որ Հայաստանը սեփական սահմանների պահպանության խնդիր ունի, հետևաբար հնարավորություն չունի այլ երկիր զորքեր ուղարկելու։

– Ըստ ձեզ՝ Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ չի օգտվել ձեր նշած տարբերակներից և ոչ մեկից։

– Ձեր հարցի հասցեատերը ես չեմ։

– Այս գործընթացներին մասնակցությունը Հայաստանի համար ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, պարո՛ն Մեհրաբյան։

– Կարող ենք խոսել կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարատև հետևանքների մասին։ Կարճաժամկետն այն է, որ Հայաստանը դրսևորեց ժողովրդավարությունների գագաթնաժողովին հրավիրված ժողովրդավարական հանդիսացող երկրին անհարիր պահվածք, և դա միանգամից համապատասխան գնահատականների արժանացավ միջազգային մամուլում։ Միջնաժամկետում՝ սա դնելու են մեր բուռը, ընդ որում, ցավալիորեն, մեզ համար ամենավճռորոշ պահին։ 

Երկարաժամկետ հետևանքը, գիտեք ի՞նչ, 1968 թվականից շատ ժամանակ է անցել, երբ Պրահայում իրադարձություններն էլ կոչում էին անկարգություններ, արտաքին միջամտություն և այլն, և այլն։ Եվ Սովետական Միությունը, այսպես կոչված Վարշավյան պակտի տանիքի ներքո, ինտերվենցիա կազմակերպեց Չեխոսլովակիայում, նույնը կատարվեց Հունգարիայում, մինչ այդ՝ Բեռլինում, արյան մեջ խեղդում էին մարդկանց դժգոհությունը: 

Հետո պատմության գրքերում այդ ամենը գրվեց, ու ցանկացած ռուս, որ կարդում է պատմության գիրքը, եթե մի քիչ խիղճ ու բարոյականություն ունի, հաստատապես, իր երկրի համար գլուխը կախում է: Եվ, ցավալիորեն, այսօրվա դեպքերի մասին ևս կգրվեն պատմության գրքեր, այո՛, մեր երկիրը լինելու է պատմության սխալ կողմ, և մենք, հաստատապես, ամաչելու ենք դրա համար։

– Արտաքին միջամտության մասին ասացիք. Նիկոլ Փաշինյանը ևս Ղազախստանում տեղի ունեցողի մեջ արտաքին ուժերի միջամտություն է տեսնում ու ՀԱՊԿ-ի օգնությունը պայմանավորում է այդ միջամտությունները խոչընդոտելով։ Նիկոլ Փաշինյանի կողմից նման արտահայտություն հնչեցնելն ինչպե՞ս եք մեկնաբանում՝ հաշվի առնելով այն, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մեջ շատերը ևս մատնանշում էին արտաքին միջամտությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հերքել է այդ մարդկանց։

– Ժամանակակից ավտորիտար ռեժիմները՝ առանց բացառության, ունեն վարքաբանական կարծրատիպ. երբ որևէ մեկն ուզում է նրանց դունչը լափամանից հանել, ապա դա կոչում են դրսի ուժերի պատվեր։ Իսկ տվյալ դեպքում, պայմանական՝ սիմոնյան մարգոները որոշել են, որ կա արտաքին միջամտություն, դա կրկնում է Ղազախստանի գործող նախագահը, ու դա հալած յուղի պես ընդունվում է Հայաստանի ղեկավարության կողմից, ու դրա հիման վրա տրվում է բացատրություն, թե ինչու ընդունվեց այդպիսի որոշում։ 

Ես կարծում եմ, որ դա ուղղակի նորմալ չէ, ճիշտ չէ, դա դեմ է մեր շահերին ու հայ ժողովրդի միջազգային հեղինակությանը և բարի համբավին։ Չի կարելի նման բան անել ուղղակի, չի կարելի։

– Պարո՛ն Մեհրաբյան, սպասելի՞ էր, որ Նիկոլ Փաշինյանը նման քայլի կգնար՝ հաշվի առնելով նույն Փաշինյանի կողմից հեղափոխության հարթակից հնչող ելույթները, սկզբունքները ժողովրդավարության և այլնի մասին։

– Չեմ կարող ասել, բայց, ի վերջո, հիմա դա հետաքրքիր էլ չէ, հետաքրքիրն այն է, որ, այո՛, հենց ձեր բերած պատճառներով կային բոլոր հիմքերն ու հնարավորությունները, որ Հայաստանի իշխանությունը հակառակ դիրքորոշում ձևավորեր ու արտահայտեր, բայց տեղի ունեցավ հակառակը։ Իսկ այդ ամենի հետևանքները շատ վատ են լինելու:

Ընդունվում է մի որոշում, որից որևէ օգուտ, նույնիսկ տեսականորեն, ակնկալել հնարավոր չէ, իսկ վնաս՝ ինչքան ուզեք։ Ամբողջ հարցն այսօր այն է, թե ինչպես անենք, որ նվազագույնի հասցնենք ցանկացած բնույթի վնասները։ Սա շահարկելով՝ օգտագործելու են մեր դեմ։

– Ովքե՞ր են լինելու հիմնական օգտագործողները։

– Մեր ոչ բարեկամ երկրները՝ մեր միջազգային արդեն թուլացված դիրքերը է՛լ ավելի թուլացնելու, զրոյացնելու նպատակով։

Հենց այսօրվանից պետք է մտածել այդ վնասները նվազեցնելու ուղղությամբ, իսկ դա պետք է անեն հարկատուների հաշվին փող ստացող պաշտոնյաները, նրանք դրա համար են վճարվում մեր կողմից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am