«Համաճարակային իրավիճակը դեռևս լարված է, բայց դեպքերը նվազում են, քանի որ երկու շաբաթ առաջ դպրոցները փակ էին». Ռոմելլա Աբովյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը 

– Տիկի՛ն Աբովյան, համաճարակային իրավիճակն այս պահին ձեր գնահատմամբ ինչպիսի՞ն է, կարծես վարակվածների ու մահվան դեպքերի թվի նվազում է նկատվում, ինչո՞վ է դա բացատրվում։

– Այս պահի դրությամբ համաճարակային իրավիճակը դեռևս գնահատվում է լարված, բայց մենք ունենք դեպքերի նվազում, ինչը պայմանավորված էր երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատությունների ոչ առկա ուսուցմամբ։ Մենք այդպես էլ կանխատեսում էինք, որ երկու շաբաթ անց դեպքերը կնվազեն, ու այս պահին 100 հազար բնակչության հաշվարկով, եթե համեմատենք վերջին 14 օրը նախորդ 14 օրվա հետ, ունենք 47%-ով նվազում։

Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում 10,2% է, իսկ նախորդ 14 օրը՝ 14% էր։ Վարակի վերարտադրողականության ցուցանիշը երկու շաբաթ առաջ 1,2% էր, այժմ՝ 0,2%, ինչը նշանակում է, որ վարակման տեմպերը ևս նվազել են։ Յոթօրյա հաշվարկով ունենք հիվանդացության դեպքերի նվազում 38%-ով։

Մանկապատանեկան տարիքային խմբում դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ 3-5 տարեկանների շրջանում ունենք նվազում 2,1 անգամ, 6-17 տարեկանների շրջանում՝ 1,5, իսկ 23 տարեկանների շրջանում՝ 1,9։ Մարզային հիվանդացությունների մասով ևս ունենք նվազում, գրեթե բոլոր մարզերում։

Եվրոպական չափանիշներով մենք ունենք 442,9 դեպք՝ 100 հազար բնակչության հաշվարկով։

Շարունակում ենք գտնվել վառվող կարմիր գոտում, բայց պետք է հիշեցնեմ, որ երկու շաբաթ առաջ ունեցել ենք հիվանդացության նվազում, ինչը մի փոքր առաջընթաց է: Սակայն այս ամենը չի նշանակում, որ պետք է մեր զգոնությունը նվազեցնենք, որովհետև արդեն ունենք բացված ուսումնական հաստատություններ, ինչը ենթադրում է մարդկային շփումներ, հանրային տրանսպորտի բեռնվածություն, ու այս պարագայում շատ կարևոր է հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը և, ամենակարևորը՝ ակտիվացնել պատվաստումային գործընթացը, քանի որ ապացուցված է, որ միայն պատվաստման միջոցով կարող ենք վերահսկել այս հիվանդությունը։

– Իսկ պատվաստումային գործընթացում առաջընթաց նկատվո՞ւմ է, մարդկանց մոտեցումներն այս առումով փոխվե՞լ են։

– Հստակ թվային տվյալներ, բնականաբար, չեմ կարող ներկայացնել, քանի որ ես համաճարակային իրավիճակի պատասխանատուն եմ: Բայց կարող եմ ասել, որ գործընթացում ակտիվացում կա, մարդիկ դիմում են, պատվաստվում են, կարող եմ ասել, որ այդ ակտիվացումն արդեն երկու ամիս է՝ ինչ նկատվում է:

Պատվաստումային գործընթացն էլ իր հերթին ևս նպաստել է, որ մենք այս պահին ավելի լավ վիճակում ենք, քան նախորդ ամիս էինք։

– Տիկի՛ն Աբովյան, այնուամենայնիվ, կարծում եք, որ թվերի նվազման դինամիկան հիմնականում պայմանավորված է կրթօջախների հեռավար ուսուցմա՞մբ։

– Ուսումնական հաստատությունների ոչ առկա դասապրոցեսը դեռևս մեծ ազդեցություն ունի վարակի նվազեցման գործում, այդ գնահատականը մենք ունենք դեռևս 2020 թվականից։

Հեռավար ուսուցումն արդյունավետ է միանշանակ, այդ դեպքում շփումները նվազում են, հանրային տրանսպորտը թերծանրաբեռնվում է, ինչը բերում է, բնականաբար, վարակի տարածման տեմպերի նվազմանը։ Իսկ այս պահին ունենք ռիսկ, քանի որ առկա ուսուցում է, ու եթե չպահպանենք կանոնները, միանշանակ թվերի աճ կարձանագրենք։

– Հիվանդանոցների ծանրաբեռնվածության մասով ի՞նչ իրավիճակ ունենք։

– Շարունակում են գերծանրաբեռնված աշխատել, բայց դեռևս հասցնում են, ուղղակի հոսպիտալացման հետ կապված՝ բնակչությանը կցանկանայի հորդորել, որ ախտանշաններ ունենալու դեպքում չզբաղվեն ինքնաբուժմամբ և ոչ մասնագետի կողմից նշանակված բուժումներ չստանան, որովհետև հիվանդանոց ընդունվում են բավականին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում՝ միջինում 10 օր ոչ նպատակային և սխալ բուժում ստացած պացիենտները։

– Երևի ծանոթ եք համացանցում այսօր տարածված տեղեկությանը, ըստ որի՝ Նորքի ինֆեկցիոն հվանդանոցում ազատ հիվանդասենյակներ կան, իսկ քովիդով վարակված մարդիկ տանը պառկած են։ Այս մասով եմ մեկնաբանություն խնդրում, որքանո՞վ է սա իրականությանը համապատասխանում։

– Ասեմ, որ գործ ունենք հերթական ապատեղեկատվության հետ։ Ինֆեկցիոն ազգային կենտրոնն այս պահին ունի վերապրոֆիլավորված բաժանմունքներ, այսինքն՝ ոչ միայն քովիդ հիվանդանոց է համարվում, այլ նաև սպասարկում է այլ վարակիչ հիվանդություններով անձանց, իսկ վարակի հսկողության պահպանման տեսանկյունից՝ քովիդ բաժանմունքներ ընդունվում են միայն քովիդ պացիենտները, իսկ վարակիչ հիվանդություններով այլ հիվանդասենյակներ՝ միայն այդ պացիենտները։

Բացի դրանից՝ ասեմ, որ Ինֆեկցիոն ազգային կենտրոնի մոդուլային մասնաշենքը ևս բաժանված է երկու մասի՝ վարակի հսկողության տեսանկյունից, որտեղ նաև սահմանի անցակետից եկած անձինք, որոնք հրաժարվում են ՊՇՌ թեստավորումից, ինքնամեկուսացվում են մոդուլային մասնաշենքի այդ հատվածում։

Այսինքն՝ կարող է ազատ մահճակալ լինել այն բաժանմունքում, որտեղ պետք է պառկեն այլ վարակիչ հիվանդություն ունեցող պացիենտներ, իսկ քովիդ բաժանմունքներում ազատ մահճակալ լինելու դեպքում անմիջապես համալրվում է տրիաժ կենտրոնի կողմից ուղղորդված պացիենտով։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am