«Ադրբեջանում ծայրահեղ դժգոհ են ռուսական ներկայությունից Արցախում․ հասունանում է այն գիտակցումը, որ պատերազմում պարտվել են Թուրքիան ու Ադրբեջանը»․ Գրիգորի Այվազյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը

Պարո՛ն Այվազյան, ինչի՞ մասին է խոսում այն, որ Բաքվում հակահայկական «պուրակ» է բացվել, որտեղ նաև զոհված հայ զինծառայողների հիշատակն է անարգվում։ Ադրբեջանի հասակության համար սա նորմա՞լ երեւույթ է։

– Ոչ թե ես պետք է այդ «պուրակի» նշանակության մասին պատմեմ, այլ Ադրբեջանի նախագահն ինքն իր շուրթերով ներկայացրեց, որ իրենց նպատակը գալիք սերնդի դաստիարակությունն է։ Եվ արդեն տեղեկություններ ենք տեսնում լրատվամիջոցներում ու սոցցանցերում, որ իրենց երեխաներին են բերում այնտեղ, զվարճանում են, դաստիարակում։

Այսպես կոչված, հայկական մանեկենների վրա փորձում են իրենց ինքնագնահատականը բարձրացնել։ Այնպես որ, առաջին հերթին կարող ենք ասել, որ դա նրանց ազգային մտածելակերպի, մենթալիտետի մի մասն է։ Նրանք չեն հանգստանում, մինչև թշնամուն լիակատար չեն ոչնչացնում։

Երկրորդ՝ դա հայկական կողմի վրա հոգեբանական ճնշման ձև է։ Սա ասում եմ՝ հաշվի առնելով մեր ռազմագերիների հարցը, որն իրենք առևտրի առարկա են դարձրել իրենց համար՝ փորձելով ռազմագերիների դիմաց ստանալ Կարմիր Շուկայի «կյանքի ճանապարհը» դեպի Շուշի։

Իհարկե, քաղաքակիրթ աշխարհի աչքերում դատապարտելի է այդ «թանգարանի» բացումը։ Պետք է նաև արձանագրենք, որ դա տեղի է ունենում Մարաղայի ցեղասպանության օրերին։

Պետք է արձանագրենք նաև, որ դա ապրիլյան պատերազմի հերթական տարելիցի օրերին է լինում։ Եվ այս պարագայում ցանկացած խոսակցություն այն մասին, թե Ադրբեջանը տրամադրված է ինչ-որ չափով խաղաղ համագոյակցության հայկական կողմի հետ, լիակատար սին է, որովհետև տանգոն երկուսով են պարում, իսկ ադրբեջանական կողմն իր ձեռքի տակ ունեցած բոլոր լծակներով ապացուցում է, որ ինքը չի պատրաստվում խաղաղության։

Այդ մասին են փաստում նաև նոր զորավարժությունները, Թուրքիայի կողմից հայտարարությունները, որ Էրդողանը պատրաստվում է այցելել Շուշի։

Նաև Հայաստանի տարածքների վերաբերյալ է պարբերաբար հայտարարություններ անում Ալիևը։

– Այո՛, նա մի կոնֆերանսի ժամանակ մի կողմից ասում է, թե հավակնություններ չունի հայկական տարածքների նկատմամբ, մյուս կողմից հստակ ասում է, որ «Զանգեզուրը ադրբեջանական հող է», որ իրենք «վերադարձել են Ղարաբաղ, և շատ ժամանակ չի անցնի, երբ կհասնեն անգամ Երևան»։

Լկտի սուտ է տեղի ունենում, և մեր կողմից որևէ արձագանք չկա։ Մենք չենք ասում, որ 1918 թվականին է միայն Ադրբեջանը հայտնվել Հարավային Կովկասում, որ դա քաղաքական պրոյեկտ էր։

Նախ՝ թուրքական պրոյեկտ էր, հետո Ռուսաստանը վերցրեց՝ մտադիր լինելով Հյուսիսային Իրանը միացնել արդեն Բոլշևիկյան կայսրությանը։ Եվ ոչ ոք չի ասում, որ մինչև 1918 թվականը Հարավային Կովկասում որևէ Ադրբեջան չի եղել։ Եվ եթե մինչև 1936 թվականը ադրբեջանցի ազգ գոյություն չի ունեցել, այդ ի՞նչ ադրբեջանական հողերի մասին կարող է ընդհանրապես խոսք լինել։

– Քաղաքակիրթ աշխարհն այսօր համարժե՞ք է արձագանքում այս իրադարձություններին։ 21-րդ դարում նման խայտառակ իրադարձություններ են տեղի ունենում, ինչո՞ւ։

– Քաղաքակիթ աշխարհը ժամանակին Եվրոպայի կենտրոնում հանդուրժեց Հիտլերի նացիստական ռեժիմը։ Հիմա ադրբեջանական կողմը փորձում է լարել մեր հակառուսական տրամադրությունները՝ ասելով, թե իբր հայերը ֆաշիստների կողմից են։ Բայց պետք է հիշենք, որ ադրբեջանական լեգեոնը ֆաշիստական բանակում կրկնակի մեծ էր հայկականից։

Եվ ադրբեջանական պետության այն ժամանակի հիմնադիրն ամեն ինչ անում էր, որ համագործակցեն ֆաշիստական ռեժիմի հետ։ Եվ փաստացի Ադոլֆ Հիտլերն էլ չէր թաքցնում, որ ավելի շատ վստահում էր ադրբեջանցիներին, քան հայկական լեգեոններին։

Բաց հարթակի վրա կա այդ տեղեկատվությունը, հուշեր կան, բայց մենք չենք օգտագործում, թույլ ենք տալիս, որ այդ Իլհամ Ալիև կոչեցյալն անընդհատ Գարեգին Նժդեհի օրինակը բերի։ Մենք համարժեք չենք պատասխանում, և այդ պայմաններում ակնկալել, որ քաղաքակիրթ Եվրոպան մեր փոխարեն դա կանի, այդպես չէ։

– Ադրբեջանում ի՞նչ է կատարվում, հասարակության տրամադրություններն ինչպիսի՞ն են, կարծես պատերազմի արդյունքներից դժգոհություննե՞ր կան։

– Հիմա Ադրբեջանը ծայրահեղ դժգոհ է ռուսական ներկայությունից Արցախում, այնտեղ միտինգներ են տեղի ունենում։ Ե՛վ հասարակության, և՛ նաև էլիտաների մեջ հասունանում է այն գիտակցումը, որ այս պատերազմում ոչ թե Հայաստանն են պարտվել ու Արցախը, այլ պարտվել են Թուրքիան ու Ադրբեջանը։ Եվ միակ հաղթանակած կողմը Ռուսաստանի Դաշնությունն է։

Մի քանի օր առաջ Բաքվում «Ենի Մուսաֆաթ» կուսակցությունն իշխանությունների կողմից արտոնված հանրահավաք է անցկացրել Ռուսաստանի դեսպանատան մոտ, որտեղ ասում էին․ «Պուտի՛ն, հեռացի՛ր Ադրբեջանից, իվաննե՛ր, հեռացե՛ք Ադրբեջանից»։

Դրան զուգահեռ տեսնում ենք Շուշիում «Իսկանդերի» կիրառման հետ կապված ռուս-ադրբեջանական սկանդալը։ Եվ միաժամանակ թուրք-ռուսական հակասությունների ենք ականատես լինում։

Մենք սրան զուգահեռ նաև Դոնբասում ենք սրացումներ տեսնում, «Բայրաքթարներ» և այլն։ Չի բացառվում, որ դա հատուկ է արվում, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն իրենց համար շահեկան լուծում գտնել արցախյան հարցում։ Բայց Ռուսաստանն Արցախը նրանց չի զիջի, որովհետև Արցախից մնացած մասը ռուսական ներկայության միակ երաշխիքն է Հարավային Կովկասում։ Հայաստանի վրա ազդելու միակ լծակը Արցախն է։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am