Իրավապահներին արդեն կես ամսից ավելի չի հաջողվում հայտնաբերել Տիգրան Խաչատրյանին. «Ազատություն»

Արդեն 16 օր է իրավապահներին չի հաջողվում հայտնաբերել Գորիսում վիճաբանության ժամանակ քաղաքացու վրա կրակելու համար մեղադրվող, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

Ապօրինի հրազենով խուլիգանության և առողջությանը վնաս պատճառելու հոդվածներով անցնող Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացվել, բայց նախկին մարզպետի որդուն ոստիկանները դեռ փնտրում են:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, մինչդեռ, վստահ է՝ Սյունիքի նախկին մարզպետի որդուն չեն էլ փնտրում. – «Որևէ մեկը չի պատրաստվում նրանց պատժել, իսկ տղան ինչպե՞ս լքեց քաղաքը, ինչպես տարածել են հաղորդագրության մեջ, շատ հնարավոր է չի լքել, և դա ուղղակի Քննչական կոմիտեի ենթադրությունն է, ոչ թե հետևանքը կամ արդյունքը, որ փնտրել են՝ չեն գտել: Իսկ սահմանները Հայաստանի լքել է՞: Գորիս քաղաքի սահմաններում ե՞ն փնտրել ընդամենը: Չեն ուզում՝ չեն գտնում»:

Մինչ այդ, Սուրիկ Խաչատրյանի մյուս որդին՝ Տրդատ Խաչատրյանը, Քննչական կոմիտե է դիմել, որ իր փաստաբան Վահագն Քեշիշյանն այս գործով որպես եղբոր իրավունքների պաշտպան ներգրավվի։ Փաստաբանի պնդմամբ՝ կոմիտեն ձգձգում է իրեն գործում ներգրավելու գործընթացը, Քննչական կոմիտե են դիմել երկու օր առաջ:

«Վարույթ իրականացնող մարմինն ասում է՝ «մենք ձեզ կպատասխանենք»: Ինչի՞ն կպատասխանեք, դուք պիտի անհապաղ միջոցներ ձեռնարկեք: Պիտի խնդրե՞նք, որ պաշտպան անձը ներգրավի: Կոպիտ կերպով խախտում են թե՛ Սահմանադրության, թե՛ Քրեական դատավարության, թե՛ Մարդու իրավունքների արձանագրությամբ հոդվածներով ինչ որ նախատեսվում է, որ անձը ինչ իրավունք ունի: Ի՞նչ մտավախություն ունի վարույթ իրականացնող մարմինը», – «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Քեշիշյանը՝ ձեռնպահ մնալով հայտնելուց՝ Հայաստանը լքե՞լ է Տիգրան Խաչատրյանը, և ընդունո՞ւմ է նա արդյոք, որ ինքն է կրակել. – «Իրավունք չունեմ նման տեղեկություններ հայտնեմ: Իրավունք չունեմ նմանատիպ հայտարարություններ անեմ»:

Քննչական կոմիտեից երեկ փոխանցեցին՝ դիմումը ստացել են, քննարկման փուլում է, սահմանված ժամկետում որոշում կկայացվի։


Շուրջ 11 տարի Սյունիքի մարզը ղեկավարած Սուրիկ Խաչատրյանն իր երկու որդիների հետ տարբեր հնչեղ քրեական գործերով են անցնում։ Հետախուզման մեջ գտնվող Տիգրան Խաչատրյանը 2013-ին Ավետիք Բուդաղյանի սպանության գործով էր անցնում, բայց դատարանը նրա գործողությունները որակել էր որպես ինքնապաշտպանություն ու արդարացրել։ Նա նաև նախորդ տարի կառավարության 3-րդ շենքի դիմաց զանգվածային անկարգություններին էր մասնակցել, ըստ իրավապահների՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրել, հետո մեկ ամսով կալանավորվել ու ստորագրությամբ ազատ արձակվել։

Սյունիքի նախկին մարզպետի երկու որդիները մեղադրվում էին փաստաթղթերի կեղծմամբ ու խաբեությամբ բանակից խուսափելու համար։ Հեղափոխությունից հետո այս գործերը վերաբացվել են և կրկին փակվել։

Ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, 2018-ի հեղափոխությունից հետո մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու, լիազորություններն անցնելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու համար։ Ուղիղ հինգ տարի է ինչ նա հետախուզվում է։