Վայոց ձորի մարզում հովիվը ձիուց վայր է ընկել և ստացել է մարմնական վնասվածքներ.Shamshyan

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16:15-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի՝ անգիտակից վիճակում:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 47-ամյա Սամվել Ս.-ն է:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում նա իրենց գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում ոչխարի հոտը արածացնելու ժամանակ վայր է ընկել ձիուց, որից հետո ոտքը մնացել է թամբի ոտնակի մեջ, իսկ ձին որոշ տարածություն քարշ է տվել նրան, ինչի հետևանքով էլ ստացել է մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանները հայտնաբերել են նաև դեպքի վայրն ու այնտեղ գտնվող «Զոզո» անունով ձին: