Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվի

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը Արցախի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվի: Այդ մասին հրամանագիր է ստորագրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հրամանագրով սահմանվել է, որ գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը:

Իսկ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում՝ այդ պաշտոններում նշանակվում են պաշտոնակատարներ` գյուղական համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքային համայնքում` տարածքային կառավարման բնագավառի պետական մարմնի ներկայացմամբ, իսկ այլ քաղաքային համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ` կառավարության որոշմամբ: