«Գերմանիան բավական կարևոր դերակատար է Հայաստանի  համար վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումների խորապատկերին». քաղաքագետ

«Գերմանիան բավական կարևոր դերակատար է Հայաստանի  համար վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումների խորապատկերին». քաղաքագետ
«Գերմանիան բավական կարևոր դերակատար է Հայաստանի  համար վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումների խորապատկերին». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

– Պարո՛ն Սաֆարյան, ի՞նչ ուղերձ ունի այս փուլում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հարավային Կովկասի տարածաշրջան: Քանի որ տարածաշրջանում մշտապես մեծ է եղել Ռուսաստանի ազդեցությունը, ի՞նչ կարող է այս առումով փոխել Մերկելի այցը:

– Ասել, թե Գերմանիայի քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ մեղմ է, սխալ կլինի: Այնուամենայնիվ, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները Գերմանիան էլ է պահպանում, բայց հստակ նշաններ ուղարկելով Ռուսաստանին, որ Մինսկի պայմանավորվածությունների կատարման դեպքում ինքը պատրաստ կլինի հանել դրանք: Հետևաբար, այս կտրվածքով Գերմանիան այն պետություններից մեկն է, որի հետ Ռուսաստանը հույսեր է փայփայում, որ այդ երկրի միջոցով հնարավոր կլինի կարգավորել իր հարաբերություններն Արևմուտքի հետ:

Իհարկե, քաղաքական խոչընդոտները բավական լուրջ են, և որևէ մեկը չի պատրաստվում հենց այնպես, իր դեմքը չպահպանելով ընդառաջ քայլեր անել, մոռանալ Ուկրաինայում կատարվածը, բայց մյուս կողմից՝ Գերմանիայի զգուշավոր քաղաքականությունը հետխորհրդային տարածքում մեծ պրոբլեմներ չի հարուցի:

Եվ այս կտրվածքով չեմ կարծում, թե Ռուսաստանը նման զգուշավոր քաղաքականության նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք կունենա: Իհարկե, ռուսական փորձագիտական, քաղաքական էլիտաներում կան ոչ ադեկվատ գնահատականներ, բայց հիմնական կարծիքն այն է, որ Մերկելը չի արթնացնի ռուսական խանդը:

Ռուսաստանի համար, կարծում եմ, բավական թափանցիկ են այն համագործակցությունն ու քաղաքական նպատակները, որոնք Գերմանիան դրել է իր առջև՝ այս տարածաշրջանում երկրների հետ երկկողմ հարաբերություններ զարգացնելու, տարածաշրջանային անվտանգության գործընթացներում ակտիվ դեր խաղալու և այլ առումներով: Հետևաբար, ես կարծում եմ, Գերմանիան բավական կարևոր դերակատար է հատկապես Հայաստանի համար, հատկապես վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած զարգացումների խորապատկերին, երբ ժողովրդավարության առումով Հայաստանն ակնհայտորեն մի քանի քայլ առաջ է անցել հետ գնացող Թուրքիայից ու Ադրբեջանից:

Նաև սրան գումարենք Բունդեսթագի բանաձևը, երբ որքան էլ դժվար էր Գերմանիայի համար, ինքն այդ խիզախությունը գտավ իր մեջ՝ ոչ միայն ճանաչելու Ցեղասպանության փաստը, այլ նաև դիրքավորվելու:

– Հաշվի առնելով Հայաստանում կատարված փոփոխությունները՝ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման ի՞նչ նոր հեռանկարներ կան:

– Գերմանիան շատ պրակտիկ պետություն է, շատ հարուստ պետություն է: Մեր խորհրդարանական կառավարման համակարգը, կարելի է ասել, ինչ-որ չափով կրկնում է գերմանական մոդելը: Եվ բավական լուրջ համագործակցության դաշտ կա՝ սկսած պետականաշինության աջակցությունից, վերջացրած Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի շրջանակներում նախանշված ոլորտներում համագործակցությունը, որոնցից մի քանիսի մասով Գերմանիան ակնհայտ հետաքրքրություն է ցուցաբերել անցած տարիների ընթացքում: Հետևաբար, ես կարծում եմ, համագործակցության մեծ դաշտ ու պոտենցիալ կա:

– Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի կարևոր դրույթներից մեկն էլ վիզաների ազատականացման հարցն է: Գիտենք, որ այդ հարցով կան դեմ արտահայտվող երկրներ, Գերմանիան կարևոր երկիր է համարվում այս տեսանկյունից: Այս հարցով Հայաստանը ինչպե՞ս կարող է բանակցել Գերմանիայի հետ:

– Խոշոր առումով Գերմանիան և Եվրամիության այլ երկրներ խնդիր չունեն չափերով ու մասշտաբներով փոքր, այն էլ քրիստոնեական դավանանքով Հայաստանի ժողովրդի համար ազատ մուտք ապահովելու համար: Ընդհանրապես Եվրոպայում, մասնավորապես, Գերմանիայում միգրացիոն քաղաքականության նկատմամբ դժգոհություններն ավելի շատ առաջ են եկել սիրիական ճգնաժամից հետո և առավելապես կապված են խորթ մշակույթի կրող հանրության ներկայացուցիչների՝ այնտեղ ներթափանցելու դեպքերի հետ: Քաղաքական որոշման ընդունման տեսանկյունից դա այնքան էլ բարդ որոշում չէ:

Վիզաների ազատականացումը շատ մեծ փաթեթ է, որը ենթադրում է երկու կողմից բավական շատ կանոնների հստակեցում: Ասոցացման համաձայնագրի դեպքում նախատեսվում են անվերապահորեն այդ բոլոր հարցերի շուրջ համաձայնեցումներ: Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և ասոցացման համաձայնագիր ստորագրած մյուս երկրների դեպքում ավելի շատ քաղաքական որոշման հարց կար:

Նաև այդ խնդիրը մասամբ համընկավ միգրացիոն առումով դժվարին համարվող փուլի հետ: Հայաստանի դեպքում այլ է իրավիճակը: Ասոցացման համաձայնագրի դեպքում, անկախ Եվրամիության ներսում առաջացած այս խնդիրներից, ԵՄ ցանկացած երկիր պարտավոր էր իր կողմից կատարել այդ պարտավորությունը: Այսինքն ՝ որքան էլ հասարակության ճնշում ու քաղաքական էլիտաների դիմադրություն լինեին, վաղ թե ուշ Եվրամիությունն ասոցացման համաձայնագրի դեպքում ուներ պարտավորություն՝ ապահովել չորս կատեգորիաների համար բոլոր տեսակի խոչընդոտների վերացում՝ մարդկանց, կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժ:

Հայաստանի դեպքում Եվրոպան այդպիսի պարտավորություն չունի, որովհետև մեր երկիրն ասոցացման համաձայնագիր չի ստորագրել: Բայց Հայաստանը շահագրգռություն  է հայտնել խոր և համապարփակ համագործակցություն ունենալ Եվրամիության հետ, այդ թվում, և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունները հայտարարել են վիզաների ազատականացման մտադրության մասին: Ես ուղղակի այստեղ տեսնում եմ գրագետ և ճիշտ աշխատանքի անհրաժեշտություն, որի դեպքում ոչ մի խոչընդոտ չի լինի:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am