«Հովիկ Աբրահամյանն ավելի հեղինակազրկված անձ է, քան անգամ Տիգրան Սարգսյանը». վերլուծաբան

«Հովիկ Աբրահամյանն ավելի հեղինակազրկված անձ է, քան անգամ Տիգրան Սարգսյանը». վերլուծաբան
«Հովիկ Աբրահամյանն ավելի հեղինակազրկված անձ է, քան անգամ Տիգրան Սարգսյանը». վերլուծաբան

Քիչ առաջ  վարչապետ առաջադրված Հովիկ Աբրահամյանի անձին, ինչպես նաեւ ընդհանուր իրավիճակին է անդրադարձել վերլուծաբան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:

Իր գրառման մեջ վերլուծաբանը նշել է, որ Աբրահամյանն ավելի հեղինակազրկված անձ է քան Տիգրան Սարգսյանը եւ հավելել, որ հանրության կողմից ընկալելի լինելու համար միակ ճանապարհը Հովիկ Աբրահամյանի համար արտահերթ ընտրություններ կազմակերպելն է:

Ստեփան Դանիելյանի ֆեյբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:  

«Փաստորեն Ուկրաինան Մայիսի 25-ին ի վիճակի չի լինելու նախագահական ընտրություններ կազմակերպել, այսինքն օրինական իշխանություն ձևավորել, դա կարող է վերջնականապես` դե յուրե փլուզել երկիրը: Կարծում եմ, որ Ռուսաստանի հիմնական նպատակը դա է: Մյուս կողմից ուղիղ իմաստով ծնկի բերված և նվաստացված ներքին զորքերը այլևս չեն ցանկանում ծառայել իշխանություններին:

Այդ դասերից մենք պետք է եզրակացություններ անենք: Սերժ Սարգսյանը նույնպես պետք է եզրակացություններ անի և նույն վիճակին չհասցնի երկիրը: Մոտ ժամանակները պետք է հայտարարվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որից հետո Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական ներկայացնի: Հիմա շատ կարևոր է ունենալ օրինական իշխանություններ: Նաև պետք է ամեն ինչ անել, որ Ուկրաինայի նմանՀայաստանի ուժային կառույցները չվարկաբեկվեն:

Հովիկ Աբրահամյանը ավելի հեղինակազրկված անձ է, քան անգամ Տիգրան Սարգսյանը: Նա կարող է միմիայն մեկ դեպքում հանրության կողմից ընկալվել որպես ընդունելի վարչապետ, եթե հայտարարի, որ իր միակ առաքելությունը արտահերթ ընտրություններ կազմակերպելն է»:

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀԿ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀ 13-րդ վաչապետի պաշտոնում, ինչպես եւ սպասվում էր, առաջադրել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը:

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ հաստատվել է վարչապետի թեկնածությունը:

Ի դեպ Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակվելու շուրջ խոսակցությունները սկիզբ էին առել դեռեւս 2008-ի վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, երբ մարտիմեկյան ողբերգական իրադարձություններից հետո, իշխանությունները ստիպված էին այլ թեկնածու փնտրել երկրում ստեղծված լարվածությունը թուլացնելու համար:

ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն այս դեպքում լավագույն թեկնածուներից մեկն էր, քանի որ ընդունելի է միջազգային հանրության կողմից, ինչը քիչ չէր ԵԽԽՎ ընդունած բանաձեւերի եւ ընդհանուր ստեղծված իրավիճակի համար:

Սակայն, սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի` Հայաստանի Մաքսային միությանն անդամագրվելու աննախադեպ հայտարարությունից հետո, Տիգրան Սարգսյանի անձի նշանակությունը եւ կարեւորությունը միջազգային  հանրության հետ հաղորդակցման տեսանկյունից մեծ հաշվով ոչ միայն վերացավ, այլեւ անցանկալի դարձավ, քանի որ վարչապետ Սարգսյանը հայտնի էր իր եվրոպամետ մոտեցումներով:

© Medialab.am