Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը համարում է վստահության կառուցման կարևոր քայլ

Վաշինգտոնը ողջունում է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը, որը վստահության կառուցման կարևոր քայլ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը 2 ադրբեջանցի և 32 հայ պահվող անձանց ազատ արձակման մասին։ Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր քայլ է, մինչ կողմերն աշխատում են խաղաղության համաձայնագիրն ավարտին հասցնելու և հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին Հարավային Կովկասի ժողովրդի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերի համար», – նշված է հայտարարությունում։

Միլլերը հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի մեծապես աջակցել տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին։

Ինչպես ավելի հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: