«Վիրավոր զինվորների տներում հաճախ խնամքի տարրական պայմաններ չկան, ջեռուցում չկա, որպեսզի այդ գերզգայուն մարմինը ամոքվի և ապաքինվի». Իրավապաշտպան

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հազարավոր մարդիկ ամեն օր բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնք առնչվում են բնակարանների վարձակալությանը, կոմունալ ծախսերին, երեխաների կրթությանը, հոգեբանական հավասարակշռությանը և այլ հարցերի։ Սակայն, խնդիրների լուծումները միշտ չէ, որ հնարավոր է լինում գտնել։

Այս մասին «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, որը պատերազմի առաջին օրերից ընդգրկված է Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցության գործում։ 

«Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել,- «Մեդիալաբին» ասում է Հովհաննիսյանը,- բազմանդամ ընտանիքները շատ են, բնակարանների վարձակալության խնդիր կա, մահճակալների խնդիր կա։ Երբ ասում ենք՝ առաջին անհրաժեշտության պարագաներ, մարդիկ պատկերացնում են սնունդ ու տաք հագուստ, բայց անտեսվում է մարդկանց քնելու հնարավորությունը, որը փորձել և հիմա էլ փորձում ենք լուծել»,- նշում է Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ իրադարձությունների արագ ընթացքը, սեփական տունը լքելը, ընտանիքներում հարազատների կորուստը և միաժամանակ ապագայի նկատմամբ լիակատար անորոշությունը սրել են Արցախից Հայաստան եկած անձանց հոգեբանական վիճակը։

«Արդյոք մնալո՞ւ են Հայաստանում, թե՞ գնալու են Արցախ, ունենալո՞ւ են իրենց սեփական տարածքը, ի՞նչ ժամկետներում է դա տեղի ունենալու, որքա՞ն նրանք կարող են անորոշության մեջ մնալ և սպասել՝ այդ ամեն ինչը առաջացնում է լուրջ ճգնաժամ մարդկանց մոտ։

Պետության լրջագույն միջամտության անհրաժեշտությունը կա այս հարցում, բոլոր հարցերում իհարկե, բայց մարդկանց հուսադրելու տեսանկյունից՝ որ արվում են որոշակի քայլեր, նախատեսված է այսինչ ժամկետներում այսինչ հարցեր լուծել, դա բավական կփոխի նրանց վիճակը, ապագայի հանդեպ էդ հուսահատ և նաև բավական շփոթված վիճակը»,- ընդգծում է Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ խնդրահարույց է կոմունալ ծախսերի հարցը՝ հատկապես ցուրտ եղանակին, այսքան ժամանակ այն եղել է բացառապես կամավոր օգնել ցանկացողների հույսին:

«Արդեն կառավարության որոշմամբ կան քայլեր կոմունալ ծախսերի փոխհատուցման առումով, բայց միայն դեկտեմբերի 25-ից հետո նոր հնարավոր է լրացնել, դիմել: Այսքան ժամանակ դա եղել է բացառապես կամավոր օգնել ցանկացողների հույսին, այն ընտանիքի, որը հյուրընկալել է, ինչը շատ մեծ սոցիալական բեռ է, և, բարեբախտաբար, կան մարդիկ, որոնք պատրաստ են վարձավճարը փոխհատուցել, մուծել»,- ասում է Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ խնդիր է առաջանում նաև օգնության տրամադրման հարցում հավասարության պահպանումը, քանի որ կան մարդիկ, որոնք անտեսված են մնում, չեն բարձրաձայնում իրենց խնդիրները, չունեն հմտություններ դիմելու և ներկայացնելու իրենց հարցերը, և մնում են իրենց խնդիրների հետ միայնակ:

«Կան սոցիալական ճեղք, անհավասարություն: Մարդիկ, որոնք ունեն մինիմալ հմտություններ զանգահարելու, ինտերնետից օգտվելու, դիմելու օգնություն բաժանող անձանց, կազմակերպություններին, կարողանում են իրենց մասին տեղյակ պահել, իրենց կարիքները բարձրաձայնել:

Բայց կան մարդիկ, որ գտնվում են ծայրահեղ իրավիճակում, չենք կարողանում հասնել, անտեսանելի են մնում: Գուցե կարողացել են ինչ-որ տեղ տեղավորվել, բայց քնում են գետնին, չունեն տարրական հարմարություններ, բայց չեն բարձրաձայնում այդ մասին: Այդ իմաստով հասարակության համերաշխության կարիք կա, որ նրանք ուշադիր լինեն էդպիսի մարդկանց հանդեպ»,- ընդգծում է Հովհաննիսյանը։

Նա նշում է, որ առանձին խումբ են կազմում վիրավոր զինծառայողները, նրանք, որ դուրս են գրվել հիվանդանոցներից և վերադարձել ընտանիքներ:

«Երիտասարդ տղաներ են, շատ հաճախ տանը տարրական պայմաններ չկան, որպեսզի նրանց խնամքը իրականացվի, տանը ջեռուցում լինի, որպեսզի այդ գերզգայուն մարմինը ամոքվի և ապաքինվի։

Բավական լուրջ խնդիրներ կան, մարդիկ առաջին հերթին պետության հոգածության կարիքն ունեն և հասարակության համերաշխության, որ տեսնեն և օգնեն նրանց»։

Հովհաննիսյանի խոսքով՝ պետությունը հիմնականում որպես կապող օղակ է հանդես եկել կազմակերպությունների, օգնող մարդկանց և օգնության կարիք ունեցող Արցախի քաղաքացիների միջև։ Օգնություն և աջակցություն տրամադրելու հարցում հիմնական ծանրությունը հանրային տարբեր ռեսուրսների վրա է ընկել։

«Պետությունը ունեցել է թեժ գծեր, և մարդիկ կարողացել են թեժ գծերով զանգել և իրենց կարիքներն ասել, բայց հիմնականում նաև սոցապ նախարարությունը այդ կարիքների վերաբերյալ տեղյակ է պահում հանրային տարբեր ինքնակազմակերպված խմբերի կամ ՀԿ-ների, որոնք փորձում են գտնել միջոցներ՝ ուղղված այդ մարդկանց օգնությանը: Ինչ վերաբերում է պետությանը, այն կարծես եղել է կապող օղակ»,- ասում է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ՀԿ-ները, տարբեր անհատներ պատրաստ են շարունակելու աջակցություն տրամադրել օգնության կարիք ունեցող անձանց, սակայն ֆինանսական առումով անհրաժեշտ է պետության միջամտությունը:

«Ֆինանսական օգնությունը շատ կարևոր է։ Մարդիկ կարիք ունեն գումարի, մինչև վերջ ամենանուրբ գնահատման պարագայում բոլորի կարիքները չես կարող վեր հանել ու ստեղծել քիչ թե շատ ապահով պայմաններ։

ՀԿ-ները պատրաստ են և շարունակելու են տարբեր տիպի աջակցություն տրամադրել, բայց ֆինանսական աջակցությունը, բնականաբար, պետության կողմից պիտի արվի, դա հույժ կարևոր է»,- ընդգծում է Զառա Հովհաննիսյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am