Թրամփը մտադիր է դատի տալ BBC-ին զրպարտության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է զրպարտության համար դատական հայց ներկայացնել բրիտանական BBC հեռարձակող կորպորացիայի դեմ՝ Panorama հաղորդման ընթացքում իր ելույթի մոնտաժման շուրջ առաջացած սկանդալի պատճառով։ Այս մասին Թրամփը հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ ստիպված կլինեմ դա անել։ Ինչո՞ւ ոչ։ Նրանք մոլորության մեջ են գցել հանրությանը, և իրենք էլ դա խոստովանել են», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը նշել է, որ BBC-ն «արմատական» է ներկայացրել 2021 թվականի հունվարի 6-ի իր ելույթը․
«Դա գեղեցիկ և հանդարտեցնող ելույթ էր, իսկ նրանք այն մոնտաժել են այնպես, որ կարծես կոչ եմ անում գրավել Կոնգրեսի շենքը։ Կարծում եմ՝ պարտավոր եմ դա անել, որովհետև չի կարելի թույլ տալ մարդկանց այդպես վարվել», – ընդգծել է նա։

BBC-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփը սպառնացել է դատական հայց ներկայացնել 1 միլիարդ դոլարի չափով, եթե մինչև նոյեմբերի 14-ը կորպորացիան չհեռացնի խմբագրված ելույթով թողարկումը։ Խոսքը վերաբերում է մեկ ժամ տևողությամբ Panorama հաղորդմանը, որը BBC-ն հեռարձակել էր 2024 թվականի հոկտեմբերին։

Հաղորդման ընթացքում Թրամփի 2021 թվականի հունվարի 6-ի ելույթը մոնտաժվել էր այնպես, որ տպավորություն էր ստեղծվում, թե նա կոչ է անում գրավել ԱՄՆ Կոնգրեսի շենքը, մինչդեռ իրականում նա խոսել էր խաղաղ և օրինական բողոքի անհրաժեշտության մասին։ Մոնտաժված հատվածից անմիջապես հետո BBC-ն ցուցադրել էր կադրեր՝ մարդկանցով, որոնք շարժվում էին դեպի Կոնգրեսի շենք, ինչի արդյունքում ձևավորվել էր կեղծ տպավորություն, թե նրանք հետևում են Թրամփի կոչին։ Իրականում այդ կադրերը նկարահանվել էին նախքան Թրամփի ելույթի մեկնարկը Վաշինգտոնում։

Սկանդալի հետևանքով հրաժարական են տվել BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին, ինչպես նաև լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թըրնեսը։ BBC-ի կառավարիչների խորհրդի նախագահ Սամիր Շահը հրապարակավ ներողություն է խնդրել այս «սխալ որոշման» համար։