Եվրոպական շատ երկրներում Հայաստանը կարմիրով է նշված՝ որպես ոչ անվտանգ վայր. խնդիր է, որը պետք է լուծենք. Մեխակ Ապրեսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը 

– Պարո՛ն Ապրեսյան, հանգստի շրջանն արդեն մեկ ամսից ավելի է՝ ինչ մեկնարկել է, ի՞նչ վիճակ է զբոսաշրջության ոլորտում, ակտիվություն կա՞, թե՞ պասիվ է հոսքը դեպի Հայաստան։

– Ակտիվություն, եթե նայում ենք թվերին, իհարկե կա, նույնիսկ ուրախալի փաստ ունենք․ Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել էր առաջին վեց ամսվա տվյալները, որ արդեն մեկ միլիոնը գերազանցել է, իսկ դա նշանակում է, որ նույնիսկ 2019-ի ցուցանիշն ենք գերազանցել: Մինչ այդ, որքան էլ նախորդ տարիների համեմատ աճ կար, դեռ չէինք հասնում 2019-ի ցուցանիշին։ 2019-ի առաջին կիսամյակի ցուցանիշը եղել է մոտ 770 հազար ու մի փոքր ավելի այցելություն, իսկ հիմա արդեն մեկ միլիոն, սա լավ ցուցանիշ է։ 

Հիմնականում գերակշռում են Ռուսաստանից այցելությունները, որոնք 50 տոկոսից ավելի են, կան նաև այլ երկրներից այցելուներ բնականաբար, բայց խնդիրը ես ավելի շատ ուրիշ տեղ եմ տեսնում՝ այն է, թե այս այցելությունների մեջ որքա՛ն է կազմակերպված զբոսաշրջությունը։ 

Կազմակերպված զբոսաշրջության ցուցանիշը շատ ցածր է, այդ այցելությունները հիմնականում անհատական են, իսկ եթե ուզում ենք առավելագույնը քաղել զբոսաշրջությունից, պետք է կարողանանք վերականգնել ու լավ կայուն զարգացման ուղու վրա դնել կազմակերպված զբոսաշրջությունը, որն ավելի պատասխանատու, ինչ-որ տեղ նաև՝ ավելի վերահսկելի զբոսաշրջություն է ու կարող է լիարժեք նպաստել և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ մշակութային, և՛ քաղաքական խնդիրների լուծմանը։

– Կազմակերպված զբոսաշրջության շատ ցածր ցուցանիշն ինչի՞ հետևանք է։

– Մենք, իհարկե, կարող ենք ավելի լավ քաղաքականություն իրականացնել կազմակերպված զբոսաշրջությունը ավելի լավ վերականգնելու ու զարգացնելու համար, բայց դա հիմնականում պայմանավորված է իրավիճակով։ Քանի կար՝ կորոնավիրուսն էր, հիմա էլ տարածաշրջանային այս վիճակն է։ 

Մեզ համար նպատակային շուկա հանդիսացող եվրոպական շատ երկրներում Հայաստանը կարմիրով է նշված, Հայաստանի որոշ մարզեր կարմիրով են նշված՝ որպես ոչ անվտանգ վայր, իսկ այս դեպքում օտարերկրյա տուրիստական ընկերությունները, որոնք համագործակցում են մերոնց հետ, ավելի զգուշավոր են որոշում կայացնում՝ կազմակերպված խմբեր Հայաստան ուղարկելու առումով։ 

Սա մեծ խնդիր է, խոչընդոտում է կազմակերպված զբոսաշրջությունը, բայց մենք էլի հարցեր ունենք, առաջարկություններ էլ ենք ներկայացրել Կառավարությանը, որպեսզի օրենսդրական բարեփոխումների միջոցով կարողանանք նպաստել կազմակերպված զբոսաշրջության արագ վերականգնմանը ու կայուն զարգացմանը, որը մեր երկրի համար շատ կարևոր նշանակություն ունի։ 

Այս խնդիրը մենք կարող ենք լուծել նաև մեզ ճիշտ ներկայացնելու միջոցով, որ ցույց տանք, որ մեզ մոտ այնքան էլ վտանգավոր չէ: Այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տանել և՛ դիվանագիտական խողովակներով, և՛ սփյուռքի ներուժն օգտագործելով, և՛ պետական ու մասնավոր հատված համագործակցության շրջանակներում կարողանանք փոխել աշխարհում Հայաստանի վերաբերյալ տեղեկատվությունն ու կարծիքները։ 

Դա կարելի է անել ու արվում է միջազգային տարբեր միջոցառումներ կազմակերպելով, ավանդական դարձած կարևոր փառատոների աջակցելով։ Շատ ցավալի է, որ Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի ու Գեղարքունիքի մարզերը միջազգային շուկայում հիմնականում ներկայացվում են որպես վտանգավոր գոտի։ 

Օգոստոսի 10-ին մենք Սյունիքի մարզում ունենք Նավասարդ՝ հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոն, որը միջազգային նշանակության է, ու շատ զբոսաշրջիկներ այցելելու են տեսնեն շատ հետաքրքիր ու բացառիկ զբոսաշրջային արդյունք։ Սա պետք է շատ լավ ներկայացնենք աշխարհին, լայնորեն լուսաբանենք, որ տեսնեն, որ Հայաստանում հանգստանալը ամենևին էլ վտանգավոր չէ։ Աշխարհին պետք է ցույց տալ, որ իրենց լսածն ու իրականությունը այլ բան են։ Միջազգային նշանակության այլ միջոցառումներ էլ են պետք, որը պետք է էլի շատ լավ լուսաբանվեն։

– Պարո՛ն Ապրեսյան, այսինքն՝ եթե չլիներ տարածաշրջանային այս անկայուն վիճակը, ակտիվությունն ու թվային ցուցանիշները բոլորովին ա՞յլ կլինեին։

– Այո՛, ոչ միայն այլ թիվ, մենք կունենայինք հենց լավ կազմակերպված զբոսաշրջություն, որը, կրկնում եմ՝ շատ կարևոր է։ Այնպես չէ, որ ընդհանրապես չկա կազմակերպված զբոսաշրջություն, բայց դեռ կայուն վերականգնման փուլում չենք, ցանկալի իրավիճակը չունենք։

– Ռուսաստանին հաջորդող երկրները որո՞նք են, որոնց քաղաքացիները նախընտրում են Հայաստանում հանգստանալ։

– Իրանից են բավականին գալիս, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Վրաստանից, բայց գերակշռողը Ռուսաստանն է։ Արաբական երկրներից կա հետաքրքրություն, Չինաստանն է այս տարվանից բացվել, բայց մեծ թվեր չունենք: Հարցն այն է, որ այդ բոլոր երկրներից պետք է կարողանանք ներգրավել նաև կազմակերպված զբոսաշրջություն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am