Նույն սպառնալիքների լեզուն Մոսկվան շարունակում է կիրառել, բայց այն, ինչ ասվում է, շատ հեռու է իրականությունից. Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը 

– Պարո՛ն Նավասարդյան, հաշվի առնելով այն հայտարարությունները, որոնք հնչում են Ռուսաստանից ու Հայաստանից միմյանց հասցեին, կխնդրեմ ասեք, թե հայ-ռուսական հարաբերություններն ի՞նչ վիճակում են այսօր։ 

– Հայ-ռուսական հարաբերությունները ես կնմանեցնեի երկու մարդկանց վարքագծի, որոնք իրարից բավական հեռու են գտնվում և առանց իրար լսելու ինչ-որ բաներ են խոսում, որոնք մյուս կողմին դուր չեն գալիս։ Սա շարունակվում է, թեև Հայաստանը շատ առումներով շարունակում է կապված լինել Ռուսաստանի հետ, ու ես կարծում եմ, որ ավելի նպատակահարմար ու արդյունավետ կլիներ՝ անկախ նրանից, թե ինչ աստիճանի ծանրության երկխոսություն է դա, պետք է տեղի ունենա, ու պետք է փորձեն հարաբերությունները հնարավորինս համապատասխանեցնել այն իրողություններին, որ կան այսօր։ 

Հիմա կարելի է ասել, որ այդ հարաբերությունները «շպագատի» մեջ են, մի կողմից զուտ պայմանագրային-փաստաթղթային բազան ենթադրում է, որ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, բայց իրական կյանքում այդ դաշնակցային հարաբերություններից այլևս ոչինչ չի մնացել։ Կան միայն հակասություններ ամենակարևոր հարցերում, ու, իհարկե, ցանկալի կլիներ, որ հաշվի առնելով Ռուսաստանի մնացող կարևորագույն դերակատարությունը մեր տարածաշրջանում՝ մենք հարաբերությունները հստակեցնեինք՝ տարբեր մակարդակներով ու ուղղություններով։ Պետք է հանել այն սուր հռետորաբանությունը, որը կա Մոսկվայի ու Երևանի միջև, որը ոչ մի դրական արդյունքի չի կարող բերել։ 

Ռուսաստանում արդեն հասկացել են, որ Հայաստանի քայլերը բավականին լուրջ են, դրանք միայն հայտարարությունների մակարդակով չեն, որ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական իր կողմնորոշումների փոփոխության ընթացքում, և, կարծում եմ, պետք է որ շահագրգռված լինեին, որպեսզի այդ իրողությունները քննարկման առարկա դառնան ու ավելի հստակ հարաբերությունների հիմք լինեն։ 

Պարզ է, որ համաձայնության հասնելը հեշտ չի լինի կամ նույնիսկ այդ համաձայնությունը հնարավոր էլ չէ այսօր, դա էլ չեմ բացառում, բայց ուղիղ, հանգիստ ու կոնստրուկտիվ խոսակցությունն ավելի ցանկալի է, քան այդ աղմկոտ մեսիջներն ուղարկելը։

– Ձեր ասած այդ ուղիղ քննարկումն ինչո՞ւ տեղի չի ունենում։ 

– Ես կարծում եմ, որ Ռուսաստանում կար պատկերացում, որ Հայաստանի հետ պետք չէ երկխոսության մեջ լինել, կարելի է մենախոսությամբ՝ թելադրելով Հայաստանին, բոլոր հարցերը լուծել։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում, դրանից դժգոհ լինելով ու փորձելով հարցերը լուծել՝ առանց Մոսկվայի հետ որևէ հաղորդակցության, բաց են թողել այն ժամանակաշրջանը, դա միայն վերջին 5-6 տարին չէ, առնվազն 15-16 տարի է, երբ պետք էր գնալ հարաբերությունները իրականության հետ համապատասխանեցնելու ճանապարհով: Փոխարենը ստորագրվում էին նոր պայմանագրեր նոր ինտեգրացիոն գործընթացների՝ ի դեմս Եվրասիական տնտեսական միության, այն դեպքում, երբ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը գնալով ավելի էին տարբերվում իրարից, եթե չասենք՝ հակասության մեջ էին մտնում։ Երկու կողմից էլ հարաբերությունների նկատմամբ նման ոչ ադեկվատ վերաբերմունքը բերեց այսօրվա անորոշ իրավիճակին։ 

– Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարել են, թե Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխավորը Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան է, նշել են, որ Հայաստանը կանգնելու է «կոտրած տաշտակի» առաջ։ Այս կարգի հայտարարությունները սպառնալի՞ք, թե՞ նախազգուշացում են, պարո՛ն Նավասարդյան։

– Դրանք միակողմանի փորձեր են հարաբերությունները բերել այն սովորական ռեժիմին, ինչ կար նախկինում, երբ Ռուսաստանը պահանջ կամ պայման էր դնում, և Հայաստանը, դժգոհ լինելով դրանցից, ամեն դեպքում կատարում է կամ ավելի մեծ հույսեր էր դնում Ռուսաստանի վրա, քան դա իրականությունը թույլ էր տալիս։ Այսօր էլ, փաստորեն, այդ նույն սպառնալիքների լեզուն Մոսկվան շարունակում է կիրառել, բայց պարզ է, որ այն, ինչ ասվում է, շատ հեռու է իրականությունից, ու այն դերակատարությունը, որ 102-րդ ռազմաբազան ուներ 20 կամ 25 տարի առաջ, այսօր չունի։ 

Թուրքիան այնպիսի ուժեր է կուտակել մեր անմիջական հարևանությամբ, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը դրա դիմաց ոչինչ է, կարելի է ասել, այսինքն՝ եթե Թուրքիան ցանկություն ունենա ինչ-որ ագրեսիվ գործողությունների գնալ, դժվար թե Ռուսաստանն իր ներկայությամբ կարողանա զսպել։ 

Ռուսաստանը կարող է Թուրքիային զսպել քաղաքական լծակների միջոցով, նկատի ունեմ Թուրքիայի հետ բավական լայն ծավալի համագործակցությունը, որը խարսխված է այդ երկու երկրների շահերի վրա, բայց հենց դա է ծնում հայ-ռուսական հարաբերությունների հստակեցման անհրաժեշտությունը, որպեսզի նաև ռուս-թուրքական հարաբերություններում պարզ լինի, թե ինչ կարող են սպասել կողմերը միմյանցից: Առանց այդ հարցերում որոշակիության, բնականաբար, մեր անվտանգության ապահովման առումով ո՛չ ռազմաբազան, ո՛չ էլ ցանկացած այլ ներկայություն չի տալու։

– Իսկ Արևմուտքից մենք ռեալ երաշխիքներ ունե՞նք, որոնք կապահովեն Հայաստանի անվտանգությունը։

– Երաշխիքներ չունենք, բայց ունենք ինչ-որ գործընթաց, որի համաձայն Արևմուտքը ներդրում է ունենում մեր անվտանգային համակարգի մեջ է ու առաջին և ամենամեծ դրսևորումը քաղաքացիական դիտորդների ներկայությունն է Հայաստանում ու այդ առաքելության ընդլայնումը։ Անկախ նրանից, որ դա երաշխիք չէ, այնուամենայնիվ, պետք է խոստովանենք, որ երևի շատ ավելի անհանգիստ կլիներ հայ-ադրբեջանական սահմանը, եթե այդ դիտորդները չլինեին, դա փաստ է։ 

Հաջորդը՝ Արևմուտքի կողմից, ու առաջին հերթին խոսքը Ֆրանսիայի մասին է, պատրաստակամության մեծացումն է, նաև սպառազինությամբ ապահովել Հայաստանին ու փորձել այդ առումով էլ նպաստել Հայաստանի անվտանգությանը։ 

Պարզ է, որ դա երկարատև համագործակցության դեպքում միայն կարող է էական արդյունք տալ, բայց մենք ուշացել ենք այդ ուղղությամբ աշխատանք իրականացնելուց, սակայն դա չի նշանակում, որ հիմա չպետք է անենք դա, բայց, նորից եմ կրկնում, դա իհարկե երաշխիք չէ։ 

Հայաստանի ու հավաքական Արևմուտքի միջև երկխոսության ինտենսիվությունը, ապրիլի 5-ին սպասվող հանդիպումը խոսում են այն մասին, որ մշտական աշխատանք է գնում, ու այդ աշխատանքը երևի այսօր չունի էական այլընտրանք։ 

Բայց այդ աշխատանքը ոչ թե հայ-ռուսական հարաբերություններին փոխարինող հանգամանք պետք է լինի, այլ՝ լրացնող, որքան էլ մենք սերտացնում ենք հարաբերությունները Արևմուտքի հետ, Մոսկվա-Երևան հարաբերություններում որոշակիություն պետք է լինի։ 

Դա անհրաժեշտ գործոն է, որովհետև պարզ է, որ դրա վրա էլ են ուշադրություն դարձնում և՛ Բրյուսելում, և՛ Վաշինգտոնում, ու դա մտնում է ընդհանուր օրակարգի մեջ՝ իրավիճակի կայունացման տեսանկյունից։ Իսկ որ որոշակի արդյունավետություն, ամեն դեպքում, կա Հայաստան-Արևմուտք հարաբերություններում, դրա ամենավառ վկայությունն ինձ համար Ադրբեջանի դժգոհությունն է: Եթե այստեղ չլիներ Հայաստանի վիճակը բարելավող միտում, ապա Ադրբեջանը այդքան նյարդային չէր լինի, ինչը մենք տեսնում ենք այս օրերին։

 – Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների որոշակիացում ե՞րբ հնարավոր կլինի։

– Ամեն դեպքում սկսել է պետք, դա կարող է նաև երկար ձգվել, կարող են որոշ հարցեր պարզ դառնալ առաջիկա ամիսների ընթացքում, բայց որ ինտենսիվ աշխատանք պետք է լինի, ու դա պետք է Արևմուտքի հետ հարաբերությունների խորացմանը փոխլրացնող, այլ ոչ թե փոխարինող գործընթաց լինի, դա ակնհայտ է։ Հուսով եմ, որ այդ գիտակցմանն ի վերջո կգա նաև մեր քաղաքական իշխանությունը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am