Չգիտես ինչու՝ դիմակ կրել-չկրելով է արտահայտվում տղամարդկության դրսևորումը, պետք է փորձել հասկանալ դրա ակունքները. Աղասի Թադևոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը

– Պարոն Թադևոսյան, չնայած իշխանությունների այդքան կոչերին և հորդորներին՝ դիմակ կրել, շատերը չեն հետևում։ Ավելին՝ ազատամարտիկ Պավել Մանուկյանին ոստիկանները բերման են ենթարկել, որովհետև նա հայտարարել է, թե դիմակ չի կրել ու չի կրելու: Սա մշակութայի՞ն խնդիր է՝ կանոնները խախտելու, կանոնին ենթարկվելը պատվից ցածր համարելու առումով:

– Սրանք լայն առումով ոչ թե համահասարակական բնույթի երևույթներ են, այլ առանձին ենթամշակութային հատկություն ունեն իրենց մեջ: Այստեղ մի քանի բան է 

խառնված: Դրանցից մեկը տղամարդկության մասին կարծրատիպերն են: 

Չգիտես ինչու՝ դիմակ կրել-չկրելով է արտահայտվում տղամարդկության դրսևորումը: Իհարկե, եթե այս խնդիրը շատ կարևորվի, պետք է փորձել հասկանալ դրա ակունքները՝ հետազոտելով խնդիրը, բայց զուտ դիտարկման մակարդակով կարող եմ ասել, որ հատկապես այն մարդկանց միջավայրում, որոնք հակված են, այսպես ասած, «լավ տղա», «հարգված տղա», «թաղի տղա» երևալ, դիմակ կրելը համարվում է ոչ այդքան հարգի: 

Դա նրանց կարծրատիպերով դիտվում է գործող կարգուկանոնին ենթարկվել, իսկ այդ ենթամշակույթի ներսում ընդունված նորմերով իրենք պետք է չընդունեն իշխանության, կառավարության և հասարակության համար ընդհանուր կանոններն ու օրենքները: Այսինքն՝ օրենքին ենթարկվելը նրանց համար համարվում է պատվի կոդեքսին հակասող մի բան: Ես ենթադրում եմ, որ այդ խմբի մարդկանցից է դա գալիս: 

Երբ մենք խոսում ենք առանձին ինչ-որ մարդկանց մասին, որոնք նաև կարող են ազատամարտիկ եղած լինել, կոնկրետ այս դեպքում նրանց մոտ կարծեք նորից այդ տղամարդկության՝ իմ նշած ընկալումն է սրվում: Միգուցե շատերը առանց խորապես գիտակցելու, թե դա խորքային իմաստով ինչ ֆենոմեն է, որպես տղամարդ իրենց պատվից ցածր են համարում դիմակ կրելը: Խորքում ընկած է պետության կողմից սահմանված օրենքին չենթարկվող տղամարդու կարծրատիպը: 

– Ինչո՞վ է բացատրվում հանգամանքը, որ շատերի համար դավադրությունների տեսություններով համեմված կեղծ տեղեկատվությունն ավելի հավաստի է համարվում, քան սեփական կյանքի համար հնչող կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը: Մասնավորապես, ասում են՝ մարդկանց չիպավորում են, ու մի ստվար զանգված դրան հավատում է: 

– Իմ կարծիքով՝ դա մի քանի պատճառ ունի: Նման ձևով շատերն են մտածում: Նախ՝ դրան հակված են հավատալու այն մարդիկ, որոնք ճշմարտության հասնելու, ճանաչողության ճանապարհն ավելի շատ համարում են ոչ թե իրենց ռացիոնալ փորձի վրա հիմնված փորձառությունը, ռացիոնալ դատողականությունը, այլ ամեն ինչին մոտենում են հավատալ-չհավատալու սկզբունքով: Երբ մարդն ասում է՝ ես հավատում եմ կամ չեմ հավատում վարակի գոյությանը, նա հրաժարվում է սառը դատողությամբ փաստերը ճանաչելուց: 

Մյուս պատճառներից մեկը հենց այդ դավադրապաշտական տարբեր տեսակի տեսություններն են, որոնք ավելի հակված են աշխարհը և իրականությունը մարդկանց կեղծ ներկայացնելուն: Այսինքն՝ գործում է «ամեն ինչ սուտ է» սկզբունքը: Այդ սկզբունքը տարածվում է որոշակի ուժերի կողմից հատուկ նպատակադրումով, որովհետև նրանք գիտեն, որ երբ մարդիկ սկսում են մտածել, որ ամեն ինչ սուտ է, այդ տիպի մարդկային զանգվածին կեղծ ինֆորմացիայով կառավարելը շատ ավելի հեշտ է, քան այն հատվածին, որոնք որևէ խոսքի հավատալու համար պահանջում են փաստարկներ: 

Այստեղ նրանք փաստարկներ չունեն և մարդկանց այդ մասի՝ աշխարհը ճանաչելու հավատի բաղադրիչի վրա են շեշտադրում անում և համոզում են, որ ամեն ինչ սուտ է: Իսկ երբ ամեն ինչ սուտ է, դա նշանակում է, որ երբ կառավարությունն ինչ-որ բան է ասում, դա էլ է սուտ: 

Այստեղ կառավարության ազդեցությունը թուլանում է այդ զանգվածի վրա, և կոնկրետ այդ տիպի լուրեր տարածողները հատուկ քաղաքական նպատակներ են հետապնդում, որպեսզի հասարակության մեջ թուլացնեն կառավարության ազդեցությունը, որը ձգտում է այս վարակի դեմ ավելի ռացիոնալ սկզբունքով հաղթել: 

Ակնհայտ է, որ վարակին հաղթել իռացիոնալ ձևով, այսինքն՝ աղոթելով, խնկարկելով, հավատալով կամ չհավատալով, հնարավոր չէ:

 Այստեղ կա կոնկրետ գործողությունների շարք, որը քիչ թե շատ փորձի միջոցով արդեն իրեն արդարացրել է, և այդ գործողությունների շարքը մարդիկ անում են: Դա դիմակ կրելն է, հեռավորություն պահպանելն է, ձեռքերը լվանալն է:

– Այս իրավիճակում, երբ հասարակության մեջ կա նման անվստահություն, հնարավո՞ր է ոստիկանության և այլ պատկան մարմինների ուժերով արդյունավետ պայքարել կորոնավիրուսի դեմ: Վերջին շրջանում այդ առումով փոփոխություն նկատո՞ւմ եք:

– Իհարկե նկատում եմ, իհարկե հնարավոր է պայքարել և հասնել շատ դրական արդյունքների, և մենք դա արդեն տեսնում ենք: Շատ բան կախված է կառավարության՝ հասարակության հետ հարաբերվելու, հաղորդակցվելու ձևից: Երբ կառավարության ներկայացուցիչներն էլ շատ հստակ, շատ որոշակի չէին մարդկանց ասում՝ ինչ պետք է անել, արդյունքը մեծ չէր: 

Ասենք, ասում էին՝ լվացվեք, պահպանեք կանոնները, բայց իրենք գնում մասնակցում էին խնջույքի առանց դիմակի, բայց հենց որ կառավարության վերաբերմունքը փոխվեց, երբ երկրի առաջին դեմքը շատ հստակ վեր կացավ և դիմակով, կառավարության մյուս անդամներից որոշակի հեռավորությամբ շատ սթափ, զգոն մարդկանց բացատրեց, հենց հաջորդ օրը արդեն փողոցում նկատելի էր դիմակ կրողների և կարգուկանոնին հետևողների թվի զգալի աճ: 

Ասենք՝ երևի մոտ 3-4 անգամ ավելի շատ էին փողոցում դիմակով մարդիկ: Օր օրի մենք դա նկատեցինք և այսօր, երբ դուրս գաք փողոց, ապա կտեսնեք, որ համարյա 95 տոկոսը կարգուկանոնի սահմաններում է: 

Միակ տեղը, որտեղ մարդիկ իրավունք ունեն դիմակ չկրելու, սննդի բացօթյա տեղերն են, քանի որ, բնականաբար, անհնար է դիմակով օգտվել սննդից: Մնացած բոլոր տեղերում մարդիկ կրում են դիմակ և շարժվում են սահմանված կանոններով: Որովհետև կառավարությունը մարդկանց շատ հստակ բացատրել է՝ մարդու դատողությանն ուղղված կոնկրետ խոսքով, այլ ոչ թե հավատալ-չհավատալու խնդրով: 

Այսինքն՝ ճիշտ կառավարելու դեպքում՝ հասարակության մեջ ռացիոնալ մտածող, ռացիոնալ դատող մարդկանց թիվը միշտ էլ մեծամասնություն է կազմել, և այդ մարդիկ միանգամից որսում են իրենց ուղղված խոսքը: Մնացած հատվածի, որ փոքրամասնություն է, թիվը աստիճանաբար նվազելու է: Հասարակության մեջ լինում են նաև այդպիսիք, այդ փոքր տոկոսը միշտ էլ կա համարյա բոլոր հասարակություններում: 

Մանե Հարությունյան

MediaLab.am