Արցախում պատերազմից հետո ադրբեջանական թվով 3-րդ չծանուցված զորավարժությունները անվտանգության իրական սպառնալիք են. Դեսպան Պապիկյանը՝ ԵԱՀԿ-ում

ԵԱՀԿ մշտական խորհրդի հեռավար նիստի ընթացքում ՀՀ առաքելության կողմից հերթական անգամ բարձրացվել է «Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների անմիջական մասնակցությամբ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան» վերնագրով ընթացիկ հարցը:

Անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և որպես պատանդ պահվող քաղաքացիական անձանց խնդրին՝ ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում ընդգծել է, որ հայատյացության և պետական մակարդակով տարածվող հակահայկական քարոզի պայմաններում, նրանց առողջությանը և կյանքին սպառնացող վտանգներն առավել քան իրական են:

Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանն ամբողջությամբ կատարել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ռազմագերիների ազատ արձակման պահանջը՝ առաջնորդվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով՝ նշելով, որ այդ քայլը չի փոխադարձվել Ադրբեջանի կողմից, ով շարունակում է կոպտորեն անտեսել ռազմագերիների ազատ արձակման դրույթը՝ ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքը: Ուստի, ռազմագերիների հարցին անդրադառնալիս, անընդունելի են համարվել երկու կողմերին ուղղված ընդհանրական և անհասցե կոչերը:

Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանի հանդեպ հնչեցվող տարածքային նկրտումների համատեքստում դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությունն է հրավիրել մարտի 15-18-ն Ադրբեջանի կողմից անցկացվելիք լայնամասշտաբ զորավարժությունների փաստի վրա:

Դեսպանն ավելացրել է, որ պատերազմական գործողությունների դադարից հետո անցկացվող թվով 3-րդ չծանուցված զորավարժությունները հանդիսանում են անվտանգության իրական սպառնալիք, ուստի ԵԱՀԿ համար պետք է ծառայեն՝ որպես հնարավոր հակամարտության վաղ նախազգուշացման ազդակ:

Ելույթի ընթացքում նաև անդրադարձ է եղել օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների խնդրին և Թուրքիայի ապակառուցողական դերակատարությանը: Մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության և, մասնավորապես, Մեծ հայրենական պատերազմի հերոսների արձանների և հուշակոթողների ոչնչացման մասին: