«Երկրաշարժի ժամանակ էլ տուն կորցրեցի, հիմա էլ, էլ հույս չունենք, որ կարանք տուն դնենք»․ Քարվաճառից՝ Ջերմուկ՝ հուսահատ ու ձեռնունայն

48-ամյա Նունե Գասպարյանը վերջին 30 տարվա մեջ տունը երկրորդ անգամ է կորցնում՝ առաջին անգամ Գյումրու երկրաշարժի հետևանքով, երկրորդ անգամ՝ Արցախյան պատերազմի։

Ցավն ու մորմոքը սրտում՝ ասում է, որ կյանքն այլևս առաջվանը չէ, և հույս չունի, որ նորից տուն կառուցելու հնարավորություն կլինի:

«Ես բնիկ Լենինականից եմ, ես երկրաշարժ էլ եմ տեսել, էս էլ երկրորդ անգամ՝ ոնց որ դատարկ եմ ընգել արդեն։ Երկրաշարժից տուժել ենք, հետո գնացել ենք Արցախ, 21 տարի ապրել եմ, էնտեղ տուն դրել, հիմա էլի դափ-դատարկ ենք։

Երկրաշարժի ժամանակ էլ տուն կորցրեցի, հիմա էլ։ Էլ հույս չունենք, որ կարանք տուն դնենք, տան որևէ հարց լուծենք»,- մտահոգ պատմում է Նունե Գասպարյանը։

Նունե Գասպարյանը Արցախի Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքից է։ Աշխատել է զորամասի ճաշարանում։ Ասում է, որ մինչև պատերազմը ամեն ինչ լավ էր, տուն-տեղ էին ստեղծել, ապրուստը կարողանում էին հոգալ, հողամաս ունեին, բանջարեղեն էին ցանում՝ կարտոֆիլ, լոբի, պատերազմը լիովին փոխեց իրենց կյանքը։

«Սեպտեմբերի 27-ին տեղահանվեցինք, ոչ մի բան չվերցրեցինք, ընդամենը տեղաշոր ենք հանել ու մի քիչ հագուստ։

Ես ապրում էի իմ տղերքի, աղջկաս, հարսիս, թոռիս հետ։ Տղես ծառայող ա, էն մեկն էլ բանակից նոր էր եկել, կամավոր գնաց։ Իրանք գնացին պատերազմ, մենք եկանք Հայաստան։ Փոքր տղաս, որ կամավոր էր գնացել պատերազմ, վիրավորվեց, թևի վիրավորում ա ստացել։

Սկզբից մենք Արտաշատ էինք եկել, ծանոթ ունեինք, հիմա տեղափոխվել ենք Ջերմուկ։ Հիմա էստեղ վարձով 6 հոգով բնակվում ենք»,- ասում է Գասպարյանը։

Նշում է, որ պետությունից ստացած ֆինանսական աջակցությունը ստացել են, բայց այլևս գումար չի մնացել, ամբողջը սպառել են ունեցած վարկերի ու անհրաժեշտ իրեր գնելու համար:

«Տղաս էլ զինվորական ա, ընդամենը 130․000 փող ենք ստանում, ամբողջ ռոճիկը տան վարձ կամ կոմունալ ենք տալիս, մանավանդ աշխատավարձը քչացրել են. ինքը ստացել ա մինչև 170 հազար, հիմա ստանում ա 130-140 հազար։ 300․000 դրամն էին տրամադրել, բայց շատվոր ենք, վարկեր ունեինք, դրանք ենք տվել, որ չընկնենք սև ցուցակ։ Վարկերի ու մնացած բաների վրա ծախսվեց։ Ձմեռային շորեր չէինք վերցրել, մի երկու բան առել ենք, յոլա ենք գնում։

Ճիշտ ա, օգնություն տալիս են, բայց վախտ ա լինում՝ գնում ես, ասում են՝ չի հասնում, ծառայող ունեք, էս ունեք»,- նշում է Գասպարյանը։

Ասում է՝ նեղվածությունից սիրտը պայթում է, հիմա ապագայի հետ կապված որևէ բան չի կարողանում պատկերացնել։ Արցախ վերադառնալու մասին ևս չի մտածում, ասում է՝ ինչ տեսել է, բավական է։

«Ապահով չի, վախենում եմ, որովհետև ոչ ոք հույս չունի, կարող ա՝ էլի հելնենք, ընկնենք դատարկ»,- նշում է նա։

Ընդգծում է՝ հիմա ամենադժվարը տան հարցն է․ «Ո՞վ մարդուն ձրի կտա, եթե ընդամենը մի 140 հազար փող ես ստանում, դրանով տան վա՞րձ տանք, ուտե՞նք, թե՞ տուն առնենք։ Շատ-շատ վարկ վերցնենք, որ տուն առնենք, էն էլ ղարաբաղցիներին վարկ չեն տալիս, հիմա ամեն ինչ անորոշ ա, չգիտենք»,- հուսահատորեն ավելացնում է Նունե Գասպարյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am