Սփյուռքահայ եւ արտասահմանցի կամավորների հոսքը Հայաստան նախորդ տարվա համեմատ եռապատկվել է

«Դեպի Հայք» հիմնադրամի հաղորդագրությունը ներկայացնում նք ստորեւ։

«Դեկտեմբերի 5-ին Կամավորների միջազգային օրն է։ 2021 թ․-ին «Դեպի Հայք» հիմնադրամի (Birthright Armenia) և «Հայ կամավորների միություն» (AVC) ծրագրի ջանքերի շնորհիվ Հայաստան ժամանած կամավորների թիվը գրեթե հավասարվել է 2019 թ.-ի տվյալներին՝ 215 մասնակից «Դեպի Հայք» և 80 մասնակից «AVC» ծրագրով։ Ուրախալի է, որ չնայած հետպատերազմյան դժվարություններին և 2020 թ․ի պանդեմիային կամավորները պատրաստակամ են գալ Հայաստան, նվիրաբերել իրենց ժամանակը և գիտելիքները՝ ամեն կերպ օգտակար լինելով երկրի վերականգնմանը։ Իսկ ո՞ր երկրներից են գալիս կամավորները և ի՞նչ նպատակով։

2004 թ. -ից Հայաստանում գործող «Դեպի Հայք» հիմնադրամը հիմնադրվել է ամերիկահայ բարերար Էդիլ Հովնանյանի կողմից և մինչ օրս հիմնադրամի միջոցով երկարաժամկետ կամավորական ծրագրերի է մասնակցել շուրջ 2300՝ 21-32 տարեկան սփյուռքահայ երտասարդ, իսկ հիմնադրամի քույր կազմակերպության՝ AVC ծրագրի միջոցով ավելի քան 1100՝ 32 տարեկանը լրացած սփյուռքահայ և 21 տարին լրացած օտարերկրացի կամավոր։ Ծրագրի ամբողջ գործունեության ընթացքում Հայաստանում բնակություն է հաստատել մասնակիցների 10%-ը։ Կազմակերպության՝ 2022 թ․-ի գլխավոր նպատակը Հայաստան ժամանող կամավորների թիվը կրկնապատկելն է՝ թիրախավորելով հատկապես հայկական մեծ համայնք ունեցող երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը և Ֆրանսիան։

«Դեպի Հայք» ծրագրի շրջանակներում մինչ 2021 թ. -ը Հայաստան այցելած կամավորների գերակշռող մասն ԱՄՆ-ից էին (50 %) ։ Սակայն այս տարի՝ թեև ԱՄՆ-ից ժամանած մասնակիցները շարունակում են կազմել ծրագրի մասնակիցների մեծամասնությունը, ծրագրի ջանքերով՝ կամավորների դեմոգրաֆիկ պատկերը դարձել է ավելի բազմազան՝ մասնակիցների տոկոսային աճ գրանցելով նաև Եվրոպական և Հարավային Ամերիկայի երկրներից՝ հատկապես Ֆրանսիայից և Արգենտինայից։ 2019 թ․-ին Ֆրանսիայից ժամանած մասնակիցների թիվը ամբողջ ծրագրի կամավորների 5․1 %-ն էր կազմում, իսկ 2021 թ․-ին՝ 13 %-ը։ Կանադայից Հայաստան կամավորության եկած մասնակիցների թիվն աճել է 3 %-ով և Արգենտինայից՝ 1 %-ով։

Ինչո՞վ են զբաղվում ծրագրի կամավորները։ Ինչո՞վ է կարևոր նրանց աշխատանքը Հայաստանում։

«Մեր գործըներների մեծամասնությունը միաձայն նշում է, որ կամավորները նոր շունչ են բերում Հայաստան իրենց հետ, նոր մոտեցումներ, թարմ գաղափարներ և փոփոխություն: Տեղացիների հետ աշխատանքի արդյունքում փորձի փոխանակումը անխուսափելի է դառնում: Բազմաթիվ օրինակներ կարող եմ նշել, երբ մեր կամավորների փորձը, գաղափարները և մոտեցումները բեկումնային են եղել կազմակերպությունների հաջողության մեջ: Հաճախ ծրագրի ավարտից հետո, շրջանավարտները սերտ կապեր են հաստատում աշխատավայրերի հետ՝ աջակցությունը և փորձի փոխանակումը դարձնելով շարունակական», – ասում է «Դեպի Հայք» հիմնադրամի Աշխատավայրերի համադրման մենեջեր Նարինե Մխոյանը։

Կազմակերպությունը համագործակցում է շուրջ 1100 տեղական և միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանում՝ կամավորների համար ապահովելով աշխատանք ամենատարբեր ոլորտներում։ «Նա հիանալի սեմինար անցկացրեց մեզ մոտ, որը շատ դրական արդյունք ունեցավ, և նրա կողմից կատարված հրաշալի աշխատանքի հիման վրա որոշեցինք նրան աշխատանք առաջարկել Թումո ստուդիայում: Կարծում եմ՝ Քրիստոֆերի անցած ուղին «Դեպի Հայք»-ի առաքելության հիանալի օրինակ է», – գրում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պրոդուկտ դիզայներ Արամ Գյումիշյանը լիբանանահայ կամավոր 3D մոդելավորման մասնագետ Քրիստոֆեր Կարագուեզյանի մասին։

Դեպի Հայքը (Birthright Armenia) 21-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն է տալիս բացահայտել իրենց հայրենիքը: Ծրագրի մասնակիցները պարտավորվում են շաբաթական առնվազն 30 ժամ կամավորել առնվազն 9 շաբաթ և առավելագույնը 1 տարի տևողությամբ: Լրիվ դրույքով աշխաատող 25+ մասնակիցներին առաջարկում ենք Birthright Lite ծրագիրը, որը ենթադրում է ընդամենը  4 շաբաթ տևողությամբ կամվորություն:

Հայ կամավորների միությունը առնվազն 1 ամիս և առավելագույնը 1 տարի տևողությամբ կամավորության հնարավորություններ է առաջարկում 21 տարեկանից բարձր արտասահմանցիներին, ինչպես նաև 32 տարեկանից բարձր  անձանց, ովքեր ունեն հայկական արմատներ»: