«Եթե մենք շահենք դատը, դա նախադեպ կլինի նաև Հայաստանի համար». «Դելֆիի» գլխավոր խմբագիրը` «ֆեյքերի» եւ ազատության մասին

«Եթե մենք շահենք դատը, դա նախադեպ կլինի նաև Հայաստանի համար». «Դելֆիի» գլխավոր խմբագիրը` «ֆեյքերի» եւ ազատության մասին
«Եթե մենք շահենք դատը, դա նախադեպ կլինի նաև Հայաստանի համար». «Դելֆիի» գլխավոր խմբագիրը` «ֆեյքերի» եւ ազատության մասին

Անցյալ շաբաթ խորհրդարանում անցկացվող «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կամ հայտնի «ֆեյքերի» նախագծի լսումների ժամանակ օրենքի հեղինակները, օրինակ բերելով միջազգային փորձը, մատնանշել են «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» (Delfi AS v. Estonia) գործի հետ կապված որոշումը՝ նշելով, որ իրենց առաջարկություններն ավելի մեղմ են, քան այդ գործի որոշումը:

«Այս գործը շատ ավելի խիստ կարգավորումներ է նախատեսում, քան այն կարգավորումը, որը մենք նախատեսում ենք: «Դելֆին» ընդդեմ Էստոնիայի» գործում կայքը պատասխանատվության էր ենթարկվել նույնիսկ դրանք հեռացնելու մասին պահանջի բացակայությամբ վիրավորական մեկնաբանությունները չհեռացնելու համար։ Մենք առաջարկում ենք ավելի մեղմ տարբերակ՝ ծանուցել, հետո միայն քննարկել լրատվամիջոցի պատասխանատվության հարցը»,- ասում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

2013-ին «Դելֆի» տեղեկատվական պորտալն ընդդեմ Էստոնիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշեց, որ լրատվամիջոցները պատասխանատվություն են կրում կայքերում ընթերցողների թողած վիրավորական կամ զրպարտչական մեկնաբանությունների համար:

Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնի և Երևանում Եվրոպական միության կենտրոնի համատեղ նախաձեռնության շնորհիվ Էստոնիայում հայ լրագրողների հետ հանդիպմանը «Դելֆիի» գլխավոր խմբագիր Ուրմո Սոոնվալդը նշում է, որ միևնույնն է, իրենք կարծում են, որ այդ ամենը կապված է խոսքի ազատության հետ, ընթերցողն իրավունք ունի մեկնաբանություն թողնելու, դրանք պետք չէ փակել:

2009-ին «Դելֆիի» կայքում տեղադրված նյութի տակ արված մեկնաբանությունների համար տեղի է ունենում դատավարություն, որի արդյունքում լուրերի պորտալը ստիպված է լինում մեկնաբանություններից տուժած կողմին փոխհատուցել բարոյական վնասը:

ՄԻԵԴ-ի որոշումը «Դելֆին» բողոքարկել է Վերին պալատ: Հուլիսի 19-ին Ստրասբուրգում սպասվում է գործի քննությունը, որը լինելու է վերջին ատյանը:

Ուրմո Սոոնվալդը իրենց շանսերը գնահատում է 50/50: Ամեն տարի Վերին պալատ է բողոքարկվում շուրջ 150 գործ, վարույթ են ընդունվում երկու-երեքը, իրենց գործը այդ մի քանիսի մեջ է, ինչը, ըստ գլխավոր խմբագրի, նախադեպ է ամբողջ աշխարհի համար:

«Մենք մեկ մոդերատոր ունեինք, սակայն այս գործից հետո արդեն չորսն ունենք: Վստահ էինք, որ մի նախադեպը բավական էր, որպեսզի ցանկանային մեզ դատի տալ, սակայն դրանից հետո դեպքեր չեն եղել: Հույս ունեմ, որ մեր հայցը կբավարարվի, քանի որ մեկնաբանության համար լրատվամիջոցից գումար կորզելը կդառնա վատ նախադեպ շատ երկրների համար: Ես պնդում եմ, որ մեկնաբանության պատասխանատուն գրող ընթերցողն է, պորտալը մեղավոր չէ: Ամեն ամիս 300 հազար մեկնաբանություններ ենք ունենում: Կարծում եմ՝ միշտ էլ կգտնվի մեկը, ում ինչ-որ բան դուր չի գա և մեզ դատի կտա»,- ասում է «Դելֆի»-ի խմբագիրը:

Այնուհանդերձ այդ որոշումը ստիպել է նրանց զգուշանալ, Ղրիմի դեպքերի հետ կապված անգամ սկսել են հեռացնել որոշ ընթերցողների մեկնաբանությունները:

«Այդ օրերին մոդերատորները չէին հասցնում հետևել արձագանքների հեղեղին ու հարկադրված էին մեկնաբանության հնարավորություն տալ միայն մեր կայքում գրանցված օգտատերերին՝ զրկելով մնացածին»,- ասում է Ուրմո Սոոնվալդը:

«Դելֆին» այս պահին հինգ մոդերատորներ ունի, որոնցից երկուսը հետևում են ռուսերեն մեկնաբանություններին, երեքը՝ էստոներենին: «Դելֆին» մասնաճյուղեր ունի Լիտվայում ու Լատվիայում: Խմբագիրը նշում է, որ իրենց ընթերցողն իրավունք ունի մեկնաբանություններ գրելու, սակայն պետք է հասկանա, որ եթե դրա բովանդակությունը վիրավորական է, կայքը կարող է հեռացնել այն:

«Խնդիրները շատ են, բայց վստահ եմ, որ ամեն մարդ իրավունք ունի մեկնաբանություններ գրելու, և դա պետք է բաց լինի: Այդ մեկնաբանությունները հաճախ օգնում են թեմաներ գտնելու նոր հոդվածների համար, քանի որ շատերը գրում են խիստ կարևոր խնդիրների մասին, որոնց հետքերով էլ գնում են լրագրողները, մեկնաբանությունները հաճախ դառնում են պատճառ կոռուպցիայի դեմ հետաքննություն սկսելու համար: Եթե մենք շահենք դատը, դա նախադեպ կլինի բոլոր լրատվամիջոցների համար, այդ թվում նաև՝ Հայաստանի»,- ասում է նա:

Մերձբալթյան այս երկիրը, ըստ Freedom House իրավապաշտպան կազմակերպության խոսքի ազատության վարկանիշում 13-18-րդ հորիզոնականներում է գտնվում:

Լուսանկարում` «Դելֆիի» գլխավոր խմբագիր Ուրմո Սոոնվալդը:

Գայանե Մկրտչյան

© Medialab.am