Ռիսկն ընդունելի՞ է. Մեծամորի ատոմակայանի անվտանգության շուրջ մտահոգություններ շարունակվում են

Թեև Հայաստանի ատոմակայանը մնում է բնապահպանների լուրջ քննադատության թիրախ, իսկ հարևան երկրները շարունակում են ահազանգել «ամենավտանգավորներից մեկը» որակված ատոմակայանի հասցեին, գրեթե երկու շաբաթ տևած փորձագիտական ուսումնասիրությունից հետո Հայաստանում գտնվող ԱԷՄԳ-ի OSART հանձնախումբը, ամփոփելով ՀԱԷԿ-ում ստուգումների արդյունքները, ատոմակայանում շահագործման անվտանգության «ռիսկն ընդունելի» է որակել:
«Չկա արտադրական այնպիսի մի գործունեություն, որը որոշակի ռիսկ չներկայացնի, սակայն ես կարծում եմ, որ մեր ստուգման արդյունքները ցույց են տալիս, թե այդ ռիսկն ընդունելի է»,- հունիսի 2-ին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի OSART առաքելության ղեկավար Գաբոր Վամոշը:
Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն ասում է, որ ռիսկի ընդունելի լինելու մասին որակումն ուղղակի ծիծաղելի է: Նա պնդում է, որ ատոմակայանը բազմաթիվ չափանիշներով ռիսկային է:

«Ուրիշ ակնկալիքներ չունեինք էլ փորձագետներից,- «Մեդիալաբին» ասում է Սանասարյանը: – Միամտություն կլիներ մտածել, թե հայտարարվելու է ՀԱԷԿ-ի վտանգավորության մասին: Սակայն մենք շարունակելու ենք մեր պայքարը: Ատոմակայանը վտանգավոր է թե´ բնապահպանական, թե´ սեյսմիկ և թե´ անվտանգության առումով»:

Սակայն բնապահպանների մտահոգությունները չեն կիսում իշխանությունները, որոնք պնդում են, որ ատոմակայանը անվտանգության առումով «ապահով է», իսկ բնապահպանների մտահոգությունները` «անհիմն»:

1976 թ.-ից շահագործման հանձնված Մեծամորի ատոմակայանը, որը կառուցված է բնակավայրերին կից և գտնվում է մայրաքաղաք Երևանից մոտ 30 կմ հեռավորության վրա, մշտապես հայտնվելով բնապահպանների քննադատության թիրախում, անվտանգության առումով լուրջ մտահոգությունների տեղիք տվեց մարտին Ճապոնիայի ատոմակայաններում ստեղծված արտակարգ իրավիճակներից հետո:

«Մենք ևս մեկ անգամ քննության առարկա կդարձնենք այս խնդիրը՝ հրավիրելով միջազգային փորձագետներին, որպեսզի ստանանք նրանց գնահատականները, թե ինչ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրենք բարձրացնելու նաև Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը»,- մարտի 18-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի կառավարության խնդրանքով առաջին անգամ` մայիսի 16-ից հունիսի 2-ը, OSART հանձնախումբը, որում ընդգրկված էին տասնմեկ միջազգային փորձագետներ Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Հունգարիայից, Նիդերլանդներից, Սլովակիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, ԵՀ-ից և ԱԷՄԳ-ից, իրականացրել է շահագործման անվտանգության մանրամասն ստուգում` հանձնարարականներ և առաջարկություններ ներկայացնելով:

Ըստ OSART-ի մամլո հաղորդագրության` ստուգումներն ընդգրկել են կառավարում և կազմակերպական կառուցվածք, ուսուցում, շահագործում, տեխնիկական սպասարկում, տեխնիկական աջակցություն, շահագործման փորձ, ռադիացիոն պաշտպանություն և անցում շահագործման փուլից շահագործումից դուրս բերելու փուլ և այլ ոլորտներ:

«Հաշվի առնելով մեր դիտարկումներն ու գնահատականները` ենթադրելի էր, որ անվտանգության ռիսկի առումով Մեծամորի ատոմակայանը կարժանանա միջազգային փորձագետների նման գնահատականին»,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

Երկրի էլեկտրաէներգիային մոտ 40 տոկոսն ապահովող Մեծամորի ատոմակայանի շահագործման անվտանգության վերաբերյալ միջազգային փորձագետների վերջնական հաշվետվությունը նախատեսվում է ՀՀ կառավարություն ներկայացնել Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի դիտողությունները ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնական գրասենյակում քննարկվելուց հետո եռամսյա ժամկետում:

Ա. Մարտիրոսյանի խոսքով` ուսումնասիրությունները շարունակվելու են, և աշխատանքները կարող են ավարտին հասնել մինչև տարեվերջ: Նա նշում է, որ փորձագետներն ուսումնասիրություններ են անցկացրել շահագործման անվտանգության վերաբերյալ և ռիսկեր չեն հայտնաբերել, սակայն նշում է, որ նրանց ներկայացրած հանձնարարականները դեռևս «փակ են» և կբացվեն եռամսյա ժամկետում:

Գաբոր Վամոշը հայտարարել է, որ Հայկական ատոմակայանն իր ուժերով զգալի աշխատանքներ է իրականացնում անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, սակայն միևնույն ժամանակ OSART-ը հանձնարարականներ և առաջարկներ է ներկայացրել այն ուղղությունների վերաբերյալ, որտեղ հնարավոր է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության բարելավում:

«Այդ հանձնարարականներն ու առաջարկները դեռևս հրապարակային չեն, սակայն ոչ մի արտառոց բան չկա, օբյեկտիվ առաջարկներ են, որոնց հետևելով աշխատանքներ կտարվեն»,- «Մեդիալաբին» ասում է Մարտիրոսյանը:

Ըստ OSART-ի` ղեկավարությունը պետք է համալիր կերպով սահմանի, տեղեկացնի և շարունակաբար ամրապնդի իր սպասելիքները, որոնք վերաբերում են անվտանգության տեխնիկայի մասով վտանգները կանխելուն կամ դրանց մասին նախազգուշացնելուն և անհատական պաշտպանության միջոցների կիրառմանը:

«Կայանը պետք է կատարելագործի շրջայցերի իրականացման կարգը` սարքավորումների թերությունների հայտնաբերումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ` հավելելով, որ կայանում վերանորոգման աշխատանքների իրականացման գործելակերպը պետք է բարելավվի` համապատասխան որակ և սարքավորումների անվտանգ ու հուսալի աշխատանք ապահովելու համար:

Մարտիրոսյանն ասում է, որ անվտանգությունը գնահատող աշխատանքները կշարունակվեն, և սթրես-թեստերի միջոցով ԱԷԿ-ում անվտանգության ավելի խոր և բազմակողմանի ուսումնասիրություններ կանցկացվեն:

«Աշխատանքներ կտարվեն, ռիսկը միշտ էլ կա, բայց ամեն դեպքում անվտանգության առումով մենք մտահոգություններ չունենք»,- ասում է Մարտիրոսյանը:

Սակայն Էներգետիկների համահայկական ասոցիացիայի նախագահ Սլավիկ Սարգսյանը մտահոգություն է հայտնում ատոմակայանում անվտանգության առումով: Նա ասում է, որ ի թիվս մի շարք խնդիրների` Հայաստանի ԱԷԿ-ում մասնագետների պակաս կա, քանի որ վերջին տարիներին նրանց մեծ մասը մեկնել է երկրից` դրսում աշխատանք ստանալով:

«Մի քանի միջազգային փորձագետներ հպանցիկ ուսումնասիրություններ են անում ու հայտարարում, որ ռիսկն ընդունելի է, սակայն մենք մեծ խնդիրներ ունենք մասնագետների առումով,- ասում է նա: – Ճապոնիան, լինելով գերզարգացած և պատրաստված երկիր, աղետի առաջ կանգնեց: Աստված մի արասցե, եթե ատոմակայանում ինչ-որ վտանգավոր վիճակ ստեղծվի, մենք չունենք հնարավորություն, մասնագետներ` վտանգին դիմակայելու համար»:

© Medialab.am