«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
– «Մեկ այլ մտահոգիչ գործոնն այն է, որ ռևանշիստական տրամադրությունները պահպանվում են հայ երիտասարդության շրջանում, կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ակտիվորեն աշխատել իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ: Մենք ցանկանում ենք այս խաղաղությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի, այլև հայ ժողովրդի հետ»: Տիկի՛ն Հայրապետյան, ի՞նչն է հիմք հանդիսացել, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման հայտարարություն անի:
– Այդ հայտարարությունը քաղաքական ցինիզմի դրսևորում է, առաջին անգամը չէ, որ Հաջիևը նման միտք է արտաբերում, բայց ինձ համար դա պարզ ցինիզմ է մի պետության ներկայացուցչի կողմից, որն առավոտից երեկո քարոզում է, որ իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանն իբր իրենց է պատկանում: Դրա համար ոչ մի պատմական փաստ չկա, ոչ մի փաստաթուղթ ու քարտեզ չկան, բայց կա հստակ զավթողական ծրագիր, ու, բնականաբար, իրենք էլ այդ ֆոնին Փաշինյանին կոչ են անում փաստացի արագացնել հայ ժողովրդի նվաստացման, նսեմացման, ազգային արժանապատվությունից ու հիշողությունից զրկելու, Հայ Առաքելական Եկեղեցին թիրախավորելու, ՀՀ Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելու գործընթացը: Փաստացի, Հաջիևը շատ ցինիկ հայտարարություն է անում, հասկանալով, որ Հայաստանում իրեն արժանի պատասխան չեն տա:
– Փաստորեն, որևէ նոր բան չի՞ եղել ադրբեջանական կողմում, ինչը կստիպեր նման հայտարարություն անել:
– Բացարձակ, նույն Հաջիևն էր, որ մոտ քսան օր առաջ եղծում էր հայ ժողովրդի պատմությունը, փորձում հարվածել մեր արժանապատվությանը: Եթե իրենք իսկապես ցանկանում են հայ ժողովրդի հետ խաղաղություն կնքել, ապա իրենց վարքը պետք է բոլորովին այլ լիներ: Կրկնում եմ, որ առկա իրավիճակում այս հայտարարությունը ցինիզմ է. իրենք պետք է քարոզեն ատելություն ու ագրեսիա, մեզանում՝ մոռացում ու անարժանապատվություն: Սա է ադրբեջանցիների պատկերացրած խաղաղությունը:
– Իսկ Իլհամ Ալիևի հայտարարությունն ինչի՞ մասին է, որում նա մեղադրում է Հայաստանի թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանություններին՝ իբր Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար:
– Դա ընդամենն ազդակ էր Փաշինյանին, որ նա շարունակի առաջնորդվել իրենց պահանջները կատարելով, որ, գիտես՝ մենք քո նկատմամբ էլ նույն վերաբերմունքն ունենք, որքան էլ դու ջանաս, փորձես, միևնույն է, դու մեզանից ես կախված: Կարծում եմ, սրա մասին էր այդ հայտարարությունը, որովհետև մի տեսակ անհասկանալի է Արցախի էթնիկ զտումից ու ամեն ինչից հետո նորից վերադառնալ այս թեմային՝ քաղաքական առումով:
– Իսկ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ հիմքեր տվե՞լ է նման ազդակ հղելու համար:
– Ո՛չ կարծում եմ, ուղղակի Նիկոլ Փաշինյանը հանրային դիմադրության է հանդիպում տարբեր առիթներով ու դրվագներով, թե՛ Եկեղեցու հետ կապված իր օրակարգի վերաբերյալ, թե՛ Սահմանադրության փոփոխության հարցում, առնվազն սոցցանցային տիրույթում դա ակնհայտ դրսևորվում է: Իսկ դա Ադրբեջանի համար անընդունելի է, ու իրենք պահանջում են Փաշինյանից արմատական գործողություններ թե՛ Սահմանադրության փոփոխության, թե՛ Եկեղեցու շուրջ ծավալվող գործողություններում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















