Ռուսաստանի սահմանափակումների դեմ բողոքարկումը կարելի է հաջող քայլ համարել, բայց մեծ հույսեր կապել պետք չէ․ Հրանտ Միքայելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը

 – Պարո՛ն Միքայելյան, Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները և ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն։ Հայկական կողմի այս որոշումն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ կարելի է ակնկալել այս բողոքարկումից:

– Այս քայլը հետաքրքիր է, քանի որ օգտագործվում են ներքին մեխանիզմները, որոնք պետք է միտված լինեին այս հարցը լուծելուն, ու այն առնվազն թույլ է տալու ուրիշ գործընկերների ներգրավել այս հարցում, որպեսզի ինչ-որ չափով խնդիրը լուծվի: Այլ բան, որ սա ավելի շուտ քաղաքական քայլ է, բայց ուրիշ դաշտից, որովհետև խնդիրը չի ստեղծվել զուտ տնտեսական դաշտում ու ԵԱՏՄ-ի դաշտում, այլ՝ հայ-ռուսական հարաբերությունների, իսկ ռուսական շուկան ամեն դեպքում վերահսկում են Ռուսաստանի իշխանությունները, ապա նրանց պարտադրելու հարցում իհարկե ոչ մի բան չի ստացվի, Ռուսաստանի իշխանություններն ինչ ուզեն, այն էլ կանեն: Հետևաբար, որպես առանձին քայլ սա կարելի է հաջող համարել, բայց շատ մեծ հույս չպետք է կապել այս ամենի հետ: 

– Ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանն այնուամենայնիվ չի՞ վերացնելու այդ սահմանափակումները:

– Այո՛, որովհետև խնդիրը ստեղծվել է ուրիշ դաշտում, ԵԱՏՄ-ից դուրս, աշխարհաքաղաքական պայքարի տրամաբանության մեջ, ու այդ պայքարի ճակատներից մեկն է Հայաստանը, ու, օրինակ՝ կան Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների դաշտ, ուկրաինական պատերազմ, Իրանի պատերազմ, այս ամենը այդ պայքարի մասերն են, ԹՐԻՓՓ-ը՝ ևս: 

Այս ամենում ընդամենը մի մասն է կազմում Հայաստանի իշխանությունների հայտարարությունը՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկության վերաբերյալ: Սա չպետք է ընկալենք իբրև հիմնական պատճառ, դա ընդամենը մի փոքր մասն է, բայց միևնույն ժամանակ, երբ Ռուսաստան-ԵՄ հարաբերություններն աստիճանաբար դառնում են պատերազմական, ապա պարզ է, որ ներկա պահին այդ հարաբերությունները համատեղել հնարավոր չի լինի, հետևաբար, նույնիսկ եթե պատկերացնենք, որ ԵԱՏՄ-ն Ռուսաստանին սխալ ճանաչի, ապա այդ պարագայում անգամ քաղաքականությունը չի փոխվի: 

– Եթե այդ մեխանիզմները կային, ապա ինչո՞ւ հայկական կողմը միայն հիմա որոշեց դիմել այդ քայլին, ինչո՞ւ ավելի վաղ չէին անում դա:

– Որոշ քայլեր, այնուամենայնիվ, հենց սկզբում արվել են, օրինակ՝ իշխանությունների կողմից եղել է առաջարկ՝ ստեղծել ապրանքների որակի ստուգման հանձնաժողով տեղում, որպեսզի ապրանքը ստուգվի, նոր ուղարկվի Ռուսաստան: Սա ևս բավականին գրագետ քայլ էր այն առումով, որ եթե խնդիրը որակն է, ապա եկեք ստուգենք ու սահմանին արդեն այդ գործողության կարիքը չի լինի, այսինքն՝ սերտիֆիկացիան տեղում կկատարվի, բայց քանի որ հարցը որակի մեջ չէ, այդ առաջարկը չընդունվեց: 

Ինչ վերաբերում է՝ ինչո՞ւ հիմա դիմեցին, կարելի է ասել, որ փորձում էին մինչ այս պահը հարցերը կարգավորել երկկողմ մակարդակում, հիմա որոշել են հարցը տեղափոխել այլ հարթություն: Բայց ես նորից եմ ասում, որ հարցը քաղաքական է ու քաղաքական լուծում ունի կամ չունի: Գրագետ քայլ է, բայց դա չի կարող հարցը լուծել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am