«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
– Պարո՛ն Միքայելյան, Ռուսաստանից վերջին օրերին ամենաբարձր մակարդակով հայտարարություններ են հնչում՝ ուղղված Հայաստանին, Նիկոլ Փաշինյանն օրերս ասել է, որ բոլոր հարցերը քննարկել է Վլադիմիր Պուտինի հետ, որ ԵԱՏՄ և ԵՄ ընտրության կարիք չկա այս պահին: Եթե կողմերն ամեն բան քննարկել են, ապա ինչո՞ւ է պաշտոնական Մոսկվան նման հայտարարություններ անում:
– Փաշինյանը որոշել է այնքան ժամանակ չկատարել այդ ընտրությունը, քանի դեռ ԵՄ անդամակցությունը իրատեսական չի դարձել, բայց միևնույն ժամանակ շարունակում է վարել արևմտամետ քաղաքականություն ու ավելացրել է նաև թուրքամետ քաղաքականությունը: Ռուսաստանում կարծում են, որ առանձնացնել ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն սխալ է, ու այսպիսով ասում են, որ եթե ուզում եք անդամակցել մեկին, ապա պետք է անդամակցեք նաև մյուսին: Երկրորդ՝ նրանք ասում են, որ Հայաստանը պատրաստվում է եվրոպական ինտեգրմանը Ռուսաստանի հաշվին, հետևաբար, ասում են, որ եթե Հայաստանն ուզում է աշխարհաքաղաքական ընտրություն անել, ապա դա պետք է անի հենց հիմա:
Այսպիսով՝ այն ժամանակը, որը Փաշինյանը փորձում էր շահել, Պուտինը փորձում է նրան զրկել այդ ժամանակից, որովհետև չի ուզում թույլ տալ Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերություններով պատրաստվել ԵՄ-ին անդամակցության, կոպիտ ասած, եթե ԵՄ-ն ուզում է ընդունել Հայաստանին, ապա նա էլ պետք է ապահովի Հայաստանի տնտեսական աճը: Սա է Ռուսաստանի մոտեցումը, բացի սրանից՝ տեսավ, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից պարտվել է Հարավային Կովկասում ու փորձում է ինչ-որ բան հետ քաշել:
– Ռուսաստանի նախագահի ընդգծումը, որ այդ ընտրությունը Հայաստանում պետք է տեղի ունենա հանրաքվեի միջոցով, ի՞նչ մեսիջ է պարունակում:
– Գուցե ուզում է ասել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն նշանակում, որ Հայաստանը կոնկրետ ընտրում է իր արտաքին քաղաքական ուղին, մյուս կողմից՝ նաև բառակապակցությունն է կարևոր: Հիշենք նաև, որ ԵՄ անդամակցության համար հանրաքվե անցկացնելու միտքը արծարծել է նաև Նիկոլ Փաշինյանը, բայց Ռուսաստանի ղեկավարությունը ընդգծում է, որ հանրաքվեն պետք է լինի ոչ թե ԵՄ անդամակցության համար, այլ՝ ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ: Այսինքն՝ իրար բացառող երկու պատասխան պետք է տրվի, որպեսզի տարակարծությունների ու մանևրելու տեղ չմնա:
– Այն պարագայում, երբ, ինչպես ասում եք, Պուտինը փորձում է զրկել Փաշինյանին ժամանակ շահելու հնարավորությունից, ի՞նչ պետք է անի Հայաստանի գործող իշխանությունը:
– Առաջին քայլը, որն ամենաճիշտը կլիներ, վերանայել ռազմավարությունը ու առհասարակ աշխարհաքաղաքական ընտրության թեման հնարավորինս բացառել արտաքին քաղաքականության մեջ, որովհետև դրա պատճառով այս վերջին տարիներին մենք անվտանգային բոլոր ճգնաժամերի միջով անցել ենք: Նախ՝ պետք է մշակել ռազմավարություն, երկրորդ՝ սկսել իրագործել ռազմավարությունը, իսկ եթե պահպանում են ներկա ռազմավարությունը, ապա գոնե հռետորական մակարդակով պետք է հակառուսական արտահայտություններ չանեն՝ ոչ Փաշինյանը, ո՛չ էլ իր մյուս թիմակիցները: Գոնե այս մակարդակով, եթե ավելի զգույշ խաղան, ապա ավելի քիչ արձագանք կլինի նաև ռուսական կողմից:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















