Ընդամենը սահմանի բացման համար ի՞նչ կարիք կար Թուրքիայի հետ նման գործընթացի մեջ մտնել. Հակոբ Չաքրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

Պարո՛ն Չաքրյան, Թուրքիայի նախագահն ասել է, որ «հայկական սփյուռքը՝ լինի Ֆրանսիայում, թե ԱՄՆ-ում, դեմ է (Թուրքիա-Հայաստան) երկխոսությանը, ինչը բացասաբար է անդրադառնում գործընթացի վրա։ Այս պահին մենք բավարար քայլեր չենք տեսնում Երևանի կողմից Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»: Բավարար քայլեր ասելով ի՞նչ նկատի ունի Էրդողանը:

– Նախքան ձեր հարցին պատասխանելն ասեմ, որ 1991 թվականին, երբ Հայաստանն անկախություն հռչակեց, Թուրքիան դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեք նախապայման էր առաջադրել Հայաստանին. չհիշատակել 1915-ի մասին, ստիպել արցախահայությանը, որ ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը և վերջ տալ սփյուռքի հակաթուրքական քայլերին: Հակաթուրքական քայլեր ասելով՝ նկատի ուներ սփյուռքում ծավալվող պայքարը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Էրդողանի այս հայտարարությունը լրացուցիչ ճնշման միջոց է Փաշինյանի վրա, այսինքն՝ մեղադրում է Փաշինյանին, հետևաբար՝ Հայաստանին:

Հիմա ձեր հարցի պատասխանը. այս կերպ Թուրքիան փորձում է հասնել նրան, որ Հայաստանը ճնշում գործադրի սփյուռքի վրա, որպեսզի վերջիններս դադարեցնեն Ցեղասպանության մասին խոսել ու որևէ հակաթուրքական ցույց չանեն արտասահմանում թուրքական ներկայացուցչությունների առջև:

Այս հայտարարությունից հետ Թուրքիան կշարունակի՞ պնդել, որ կարգավորումն ընթանում է առանց նախապայմանների, երբ հայտարարել է, թե «ես նրան (Փաշինյանին) պարզ և հստակ ասացի Անկարայի դիրքորոշումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսությունների փոխկապակցվածության վերաբերյալ»:

– Հատուկ ներկայացուցիչները որոշում էին ընդունել, որ հարաբերությունների կարգավորման այս անգամվա փորձը պետք է ընթանա առանց նախապայմանների, քանի որ նրանց որոշումը միջազգայնորեն պարտավորեցնող է երկու կողմի համար էլ, հետևաբար այդ պահանջներն այլ կերպ են ներկայացվում, օրինակ՝ ասում են, որ եթե Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի, ապա դրանով կնպաստի խաղաղության հաստատմանը տարածաշրջանում, այսինքն՝ մեզ, իբր լավություն են անում, բայց սա ոչ այլ ինչ է, քան նախապայման:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը երկկողմ է, Ադրբեջանն ի՞նչ գործ ունի այս ամենի հետ: Հայաստանն այս գործընթացը սկսել է, որ Թուրքիան սահմանը բացի իր առջև, բայց Թուրքիան 1993 թվականին միակողմանի փակեց այդ սահմանը, այսինքն՝ մենք Թուրքիայի առջև սահման չենք փակել: Ընդամենը սահմանի բացման համար ի՞նչ կարիք կար Թուրքիայի հետ նման գործընթացի մեջ մտնել:

Կարիք չկա՞ր, պարո՛ն Չաքրյան:

– Ո՛չ, ինչպես փակել էր, այնպես էլ թող բացի կամ թող չբացի: Թուրքիայի վաղեմի երազանքն է «Զանգեզուրի միջանցքը», դրա համար էլ անընդհատ խոսում է այդ մասին: Թուրքիան այս գործընթացը սկսել է հենց դրա համար ու Հայաստանին ստիպելու, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի: Այս պայմաններում եթե մենք ստորագրենք այդ պայմանագիրը, կօրինականացնենք Ադրբեջանի նվաճողական քաղաքականությունը ընդդեմ Հայաստանի ու նաև նրա գործած պատերազմական հանցագործությունները:

Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը մոտ ապագայում տեսանելի կլինի՞, թե՞ ոչ:

– Չեմ կարծում: Խնդիրն այստեղ հարաբերությունների կարգավորումը չէ, ինչպես ասացի, Թուրքիան երկու հիմնական նպատակի համար է մտել այս գործընթացի մեջ:

Իսկ Հայաստանը կգնա՞ այդ քայլին, թե՞, այնուամենայնիվ, կդիմադրի:

– «Զանգեզուրի միջանցքը» դժվար թե բացեն, որովհետև այս հարցի վերաբերյալ ընդհանուր մոտեցում չկա, իսկ խաղաղության պայմանագրի մասով գուցե որևէ բան հնարավոր լինի անել, չնայած առկա հակասություններին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am