Մենք փորձում ենք ոչ թե թշնամիներ, այլ բարեկամներ ձեռք բերել․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ համաժողովին մեկնելուց առաջ մամուլի ասուլիս է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, հայտնում է Anadolu գործակալությունը։Այս մասին հայտնում է Aliqmedia.am-ը:

Հարցին, թե ինչ փուլում է երկու երկրների միջեւ կարգավորման գործընթացը, Էրդողանը պատասխանել է, որ վերջին հանդիպումը տեղի է ունեցել Պրահայում․ «Մենք նրանց շատ հստակ ասացինք՝ եթե Ադրբեջանի հետ ձեր հարաբերությունները դրական ուղղությամբ տանեք, Թուրքիան եւս իր հարաբերությունները Հայաստանի հետ կտանի դրական ուղղությամբ։ Մենք սա ենք ակնկալում ձեզնից»։

Թուրքիայի նախագահը նշել է, որ չի կարող ասել, թե այս պահին որեւէ դրական տեղաշարժ կա, եւ հավելել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ աշխատում է հայկական սփյուռքը․ «Սփյուռքը՝ լինի Ֆրանսիայում, թե ԱՄՆ-ում, բացասական ազդեցություն է ունենում գործընթացի վրա։ Իսկ այս բացասական ազդեցությունը դրականի վերածողն, իհարկե, Հայաստանի իշխանություններն են։ Եթե նրանց դա հաջողվի, ապա մեր հայացքները նույնպես դրական առումով կփոխվեն: Մենք փորձում ենք ոչ թե թշնամիներ, այլ բարեկամներ ձեռք բերել»։