Ղրղզստանն իր քաղաքացու ձերբակալման կապակցությամբ նոտա է հղել Ղազախստանին

Ղրղզստանի իշխանությունները նոտա են հղել Ղազախստանին՝ կապված ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով ղազախստանցի ուժայինների կողմից ղրղըզ քաղաքացու ձերբակալության հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Բիշքեկում լրագրողներին հայտարարել Է Ղրղզստանի կառավարության փոխնախագահ, Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Կամչիբեկ Տաշիևը:

«Մենք նոտա ենք ուղարկել [Ղազախստան] և ամբողջ տեղեկատվությունն այդ գործի վերաբերյալ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ղրղզական կողմին «վիրավորել» են ղազախստանցի իրավապահների չհիմնավորված մեղադրանքները Ղրղզստանի «բարեկանոն քաղաքացու, երաժշտի և հասարակական գործչի» հասցեին: Տաշիևը վստահություն է հայտնել, որ Ղազախստանում ձերբակալված ղրղըզ երաժիշտ Վիկրամ Ռուզախունովը չի կարող ահաբեկիչ լինել:

«Ամենայն հավանականությամբ, նա կարող էր ոչ այն տեղում հայտնվել ոչ այն ժամանակ», – ենթադրել է նա:

Ղրղըզստանի ՆԳՆ-ի տվյալներով ՝ ղազախստանցի ուժայինների կողմից ձերբակալված և ջարդերին մասնակցության մեջ մեղադրվող Ռուզախունովը հաճախ է հյուրախաղերով հանդես եկել Ալմաթիում: Նոր տարվա նախօրեին նա հրավիրվել էր այդ քաղաք՝ «համերգային ծրագրեր անցկացնելու» համար։

Ալմաաթիի տոմսը ձեռք է բերվել 2021 թվականի դեկտեմբերի 16-ին, և հունվարի 2-ին նա մեկնել է հարևան հանրապետություն։ ՆԳՆ-ն արդեն պարզել է, որ Բիշքեկի օդանավակայանում Ռուզախունովին ճանապարհել է նրա մայրը։

Երաժիշտը Ղազախստանում ազգականներ չունի և մեկնել է հարևան հանրապետություն «միայն համերգային ծրագրեր անցկացնելու, ինչպես նաև երաժշտական փառատոներին մասնակցելու հրավերով»։

Ղազախստանում ձերբակալված Ռուզախունովը Ղրղզստանում բավականին հայտնի ջազ-կատարող է, դաշնակահար և «Բիշքեկ-ջազ-գարուն» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչներից մեկը: Ալմաթիի կոտորածներին մասնակցելու մասին Ռուզախունովի խոստովանության կադրերը կիրակի հրապարակել են ղազախական որոշ ԶԼՄ-ներ:

Տեսանյութում երևում են երաժշտի դեմքին ծեծի հետքերը։ Նրա ձերբակալությունը բացասական արձագանք է առաջացրել Ղրղզստանի սոցիալական ցանցերում, օգտատերերը պահանջում են դադարեցնել ղազախստանցիների համար հումանիտար օգնություն հավաքելը և վերադարձնել խաղաղապահներին:

Բիշքեկում Ղազախստանի դեսպանատան մոտ կիրակի օրը հանրահավաք է տեղի ունեցել՝  Ռուզախունովի հետապնդումը դադարեցնելու պահանջով: