Դավիթ Տոնոյանի, Դավիթ Գալստյանի և ևս 5 անձի մեղադրական եզրակացությունները հաստատվել են․ գործն ուղարկվել է դատարան․ Factor.am

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի, զենք մատակարարող ընկերության տնօրեն, գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի ու ևս 4 անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է․ քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվեց սեպտեմբերի 30-ին՝ Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Նույն գործով մեղադրյալ է նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն՝ Պատրոն Դավո մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։ Առաջադրված հանցանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում, պնդելով, որ դրանք անհիմն են։