Դե ինչ, մեկնարկեց հայոց քաղաքական մտքի ամլության 9-րդ մրցաշրջանը։
Եթե նայենք ջոջանց ժողովների պատմությանը, ապա ամենաորակյալը եղել է առաջին գումարումը, որը դեռ կոչվում էր Գերագույն խորհուրդ։ Մեր պետությունը որքան սեռահասուն է դառնում, տրամաբանորեն հակառակն է կատարվում քաղաքական մտքի եւ թիվ մեկ ամբիոնի հետ։
Ընդհանրապես քաղաքականությունը կարող է լինել նաեւ էսթետ, բազմաբովանդակ եւ երանգառատ։ Սակայն նոր գումարված Ազգային ժողովն այս ամենի հակոտնյան է։ Մի մասը շատ փող ունի, դրա համար է այնտեղ, մի մասը եկել է licencia stupri ստանալու («անառակության թույլտվություն», որը տալիս էր Հռոմեական սենատը), իսկ ոմանց համար այն դարձել է պարզապես աքսորատեղի։
Այս ԱԺ-ն, թերեւս, լավագույնս կարելի է դիտարկել մարդաբանական տեսանկյունից։ Առաջին օրերն «Ուժեղ Հայաստան» խմբակցության համար «ինիցիացիայի ծես» էին։ Անթրոպոլոգիայում ինիցիացիան այն պահն է, երբ անհատը փոխում է իր սոցիալական կարգավիճակը եւ ստանում նոր պատասխանատվություն: Օրինակ՝ տղաներին տանում էին անտառներ եւ ենթարկում կտտանքների, իսկ աղջկան, հատկապես երկրորդ արբունքից հետո, կուսազրկում էին փորձառու կանայք կամ ցեղի օրակուլները։ Ասածիս հավաստումն են նաեւ այդ ուժի պատգամավորների ելույթները, որոնց հիմնական մասը խոսքն սկսում էր «սա իմ առաջին անգամն է» իմաստային ենթատեքստով։
Այս առումով, «Հայաստան» դաշինքն արդեն փորձառու է։ Իշխող ուժի հետ նրանք վաղուց պրոմիսկուիտետային հարաբերությունների մեջ են։ Եթե հին աշխարհում Անահիտ աստվածուհուն նվիրված ծիսական օրերին (ապրիլի առաջին շաբաթը, որը հետո հռչակվեց Մարիամի էխոյի պատասխանի օր) այն գոնե ուներ նվիրական նշանակություն, ապա մեր ԱԺ-ում վերածվում է կեղտոտ ժանրի ֆիլմի, որտեղ բացակայում է միայն Տինտո Բրասսի մեղմիկ ժպիտը։
Մանդատը դարձել է թալիսման, որը կրողին ապահովում է աշխատավարձով, կոստյումով, վոյաժների օրապահիկներով, «քրտնաթույր աշխատանքի» պարգևավճարներով, հավելավճարներով, ջեբածախսով ու եռամսյակային հանդեսագումարների մսխումով։
Սակայն դա նրանց չի դարձնում քաղաքական մտքի կրող կամ գոնե հանդեսի վարժ ասմունքող։ Նոր ԱԺ-ի առօրյան հիշեցնում է վատ փորձարկված թատերական ներկայացում, որտեղ դերասանների մի մասը մոռացել է պիեսի իր տեքստը։
Արդյունքում ունենք երկու հստակ կաստա՝ ցուցամատի ասպետներ եւ ամբիոնային հիստերիկների օրդեն։ Ու ցավալին այն է, սիրելի ընթերցող, որ սրանց պահելու ենք մենք՝ բոլորս։ Մեր հարկերով, մեր նյարդերով, ամենօրյա ապրումներով եւ տմարդիությունների այս շքերթին հետեւելով։
Ինչո՞ւ «դժբախտ»
Այս Ազգային ժողովը «դժգույն» է, որովհետեւ դրանից վերացած է ինքնուրույն քաղաքական միտքը: Շատերը եկել են իրենց դարդերը պատմելու, ունեցվածքը պաշտպանելու կամ հիփոթեքի տոկոսներն արդարացնելու։
Էրեխեքի մի մասն էլ եկել է, որ տնեցիք «տելեվիզորով» տեսնեն, ուրախանան։ Բայց առավել ուշագրավ է, թե ինչու է այն «դժբախտ»:
Դժբախտությունը ողբերգական գիտակցման մեջ է: Այս համակարգում ինքնուրույնությունը, սեփական կարծիքն ու պետականաշինությունը ոչ թե առավելություն են, այլ ավելորդ բեռ: ԱԺ-ն «դժբախտ» է, որովհետեւ ինքն էլ, իր ներսում, գիտակցում է իր ֆորմալ, դեկորատիվ բնույթը: Սա մի մարմին է, որը ստիպված է ձեւացնել, թե որոշումներ է կայացնում, մինչդեռ իրականում ընդամենը արձանագրում է այլ տեղերում կայացվածները:
Դժգույն դեմքեր, դժբախտ աչքեր, քնկոտ գլուխներ եւ մեխանիկական մանդատներ․ ահա նոր Ազգային ժողովի դիմանկարը, որտեղ ամենամեծ ողբերգությունը ոչ թե քաղաքականության բացակայությունն է, այլ դրա իմիտացիայի ձանձրալիությունը:
Ազգային ժողով կոչվածը եւ ընդհանրապես խորհրդարանական համակարգ ասվածը մեծագույն բեռ է թե՛ հասարակության, թե՛ պետության վզին։
Սակայն պետք է ընդունենք, որ այն մեր հասարակության ուղիղ արտացոլումն է․ եթե կուզեք՝ հասարակության խտացումը։ Հայաստանի քաղաքացին է ձեւավորել այս խճանկարը եւ պարտավոր է հանդուրժել իր ձեւավորածը։
Վերջաբանի փոխարեն
Անկախ իմ վերաբերմունքից Ռուբեն Ռուբինյանի անձին՝ չեմ կարող չփաստել, որ նա եզակի լուսավոր կետերից է, սակայն գլխավոր բեմի գեղագիտությունը մյուս երկուսը խորապես փչացնում են։
Վահրամ Թոքմաջյան
MediaLab.am

