Մեռելահանգիստ ընտրություններից հետո

Հերթական ընտրություններից անցել է երեք շաբաթ, ու փողոցում տիրող մեռելային անդորրը փաստեց այն, ինչ բոլորս հիանալի գիտեինք. հետընտրական ցնցումների պոտենցիալը զրո է։

«Տիտղոսակիր» ընդդիմության առաջնորդները սթափվել են ու հրաշալի պատկերացնում են իրենց ձայների իրական կշիռը։ Նրանք գիտեն, որ բացի փողից ու այլ ռեսուրսներից, այդ քվեների շարժիչ ուժը ոչ թե իրենց «սիրուն աչքերն» էին, այլ հանրության մի զգալի հատվածի կույր ատելությունն օրվա իշխանության հանդեպ։

Մարդիկ պատրաստ էին ընտրելու ցանկացածին՝ նույնիսկ քաղաքական դիակների, միայն թե այս իշխանությանը ճանապարհեն։ Այս ընտրությունները հերթական անգամ արձանագրեցին մեր քաղաքական դաշտի գլխավոր ախտը. մենք այդպես էլ չսովորեցինք ընտրել «հանուն», մենք ընդամենը քվեարկում ենք «ընդդեմ»՝ ամեն անգամ չարյաց փոքրագույնին փնտրելով ու դրանով իսկ մեզ դատապարտելով։ 

Իսկ փողոց չկա, որովհետեւ չկա գաղափար։ Բոլոր կողմերը շահախնդիր են եւ զբաղված քաղաքական տրանսֆերներով։ 2004-ին, 2008-ին, 2018-ին փողոց կար, որովհետեւ մենք փողի համար չէինք գնում միտինգի։ Գնում էինք համոզմունքներից ելնելով։ 

Թվերով կրկես եւ քաղաքականապես անօթեւանների բանակը

Մյուս կողմից՝ իշխանության հրճվանքն ու թվերի հետ խաղալու մոլուցքը պարզապես ծիծաղելի են, եթե չասենք՝ ողբերգական։ Փորձելով մաթեմատիկական կրկեսի վերածել ընտրությունների արդյունքները՝ նրանք ճգնում են թաքցնել ակնհայտը. Հայաստանում կա հսկայական, պայթյունավտանգ ընդդիմադիր զանգված։ Սակայն այս ընտրությունների գլխավոր ֆենոմենն այլ է. այդ զանգվածն ընդդիմադիր է բոլորին՝ թե՛ օրվա կառավարիչներին, թե՛ հարթակներից ճամարտակող «փրկիչներին»։

Սա քաղաքականապես անօթեւան մնացած, բայց կատաղած մի հսկա բանակ է, որի համար ընտրություններին բարձր մասնակցությունը ոչ թե հնազանդության ցուցիչ էր, այլ վերջին նախազգուշացումը։ Ու եթե իշխանությունը կարծում է, թե հերթական հաղթանակով հարցը լուծել է, ապա չարաչար սխալվում է. սա վերջակետ չէ, սա ընդամենը դադար է մեծ փոթորկից առաջ։ 

2017-ի ուրվականը եւ խոստումների հետեւից եկող «մեծերը»

Ստեղծված իրավիճակն իր բովանդակությամբ չափազանց նման է 2017 թվականին, երբ տիրում էր կարծեցյալ լռություն․ ներսում մրցակիցներ չկային, իսկ խնդիրները միայն արտաքին էին։ Բայց այս առումով գործող իշխանության վիճակը շատ ավելի բարդ է, քան Սերժ Սարգսյանինն էր 2017-ին։

Այդ փուլում դեռ կար աշխարհակարգ, կար կոնսենսուս տարածաշրջանային որոշումների մասով։ Այժմ այդ ամենը վերացել է։ Որեւէ խաղի կանոն այլեւս չի գործում, ու հենց այստեղից էլ սկսվում է քաղաքական ապատիան, երբ չգիտես ինչ անել, բայց տվել ես բազմաթիվ խոստումներ՝ ընդ որում՝ տրամագծորեն տարբեր բեւեռների։ Իսկ խոշոր խաղացողները բնավորության չափազանց վատ գիծ ունեն․ նրանք միշտ գալիս են իրենց խոստումների հետեւից։ Ինչքան շուտ վճարես, այնքան լավ. ժամանակը միշտ բարձրացնում է տոկոսները։ 

Ավտորիտար լճացում եւ քաղաքական կաննիբալիզմ

Երբ իշխանությունը հաջողությամբ ամայացնում է քաղաքական դաշտը, ոչնչացնում կամ գրպանում է ընդդիմությանը, նա ոչ թե հավերժություն է շահում, այլ սեփական ձեռքով ստորագրում է սեփական մահավճիռը։ Ուժեղ ընդդիմախոսների բացակայության պայմաններում ցանկացած համակարգ անխուսափելիորեն մտնում է նեխման ու լճացման փուլ։

Բայց ամենավտանգավորը հաջորդ արարն է՝ քաղաքական կաննիբալիզմը։ Քաղաքագիտության մեջ դա կոչվում է ավտորիտար լճացում կամ ներքին էրոզիա։ Արտաքին դիմադրությունից զրկված իշխանական մեքենան սկսում է ինքնահոշոտման գործընթացը. ներսում սկսվում են «թիմակիցների» որս, կլանային պատերազմներ ու մեկը մյուսին զոհաբերելու պրակտիկա՝ սեփական կաշին փրկելու համար։

Սա պատմության մեջ հայտնի տրագիկոմեդիա է, երբ բացարձակ իշխանության ձգտող ուժը վերջում խեղդվում է սեփական ցանցի մեջ։ Այս տեմպերի շարունակության դեպքում Հայաստանին սպասում է «բելառուսացում», որի պոտենցիալն ու հիմքերը մենք երբեք չենք ունեցել, բայց հիմա ջանասիրաբար ստեղծում ենք։ 

«Զատո Ղարաբաղ ունենք»-ի վերջը. պահանջների նոր ռեգիստր

Սահմանադրական դատարանի որոշումից հետո մենք մտնելու ենք պահանջների մի բոլորովին նոր շրջափուլ։ Ղարաբաղի հարցն այլեւս չկա, իշխանությունը հայտարարել է, որ հաստատվել է «խաղաղություն»։ Ավելի քան 30 տարի մենք վատ ենք ապրել, բազմաթիվ անօրինությունների ու թալանի վրա աչք ենք փակել այն սին հույսով, թե՝ «դե ոչինչ, զատո Ղարաբաղ ունենք»։ Հիմա այդ կոնցեպտն այլեւս գոյություն չունի, եւ հասարակության տրամախոսական, ձեւաբանական, սոցիալական ու քաղաքական պահանջմունքները կտրուկ վերափոխվելու են։ Սա շատ լավ է հասկանում իշխանությունը։ Խնդիրն այն է՝ արդյոք նրանք ունե՞ն իրական լուծումներ։ 

Մաթեմատիկական հանրաքվե եւ Սահմանադրության «բռնաբարությունը»

Մի քանի տող էլ ընտրական իրավունքի եւ Սահմանադրական փոփոխությունների ձեռնածությունների մասին։ ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է, թե ով ունի Հայաստանում ընտրելու իրավունք եւ ով՝ ոչ։ Ցանկացած փոփոխություն, որ կանի ԱԺ–ն այդ մասով, Մայր օրենքի կոպտագույն ոտնահարում է։ Հասկանալի է, թե ինչի համար են արվում այդ փոփոխությունները՝ հնարավոր սահմանադրական հանրաքվեի ժամանակ անհրաժեշտ «այո»-ների նշաձողը մեխանիկորեն նվազեցնելու համար։ 

Եթե ինձ հարցնեին, ապա իմ պատկերացմամբ՝ ընտրական իրավունք վաստակելու համար քաղաքացիները պարտավոր պետք է լինեին հանձնել հասարակագիտության տարրական թեստ։ Բայց այլ են իմ պատկերացումները, բոլորովին այլ՝ գործող ընտրակարգը։ Մենք եկել ենք հանրային պայմանավորվածության, որ բացի անգործունակներից ու ծանր հանցագործություններ կատարած անձանցից, մնացած բոլորն ունեն ընտրելու իրավունք։ Սրանից դուրս կատարվող բոլոր տեսակի փոփոխությունները խաղի կանոնների սեփականաշնորհում են։ 

Պե՞տք է արդյոք փոխել Սահմանադրությունը։ Բազմաթիվ առիթներով եմ ասել՝ Սերժ Սարգսյանի վերջին ու ամենամեծ վատությունը հայ ժողովրդին 2015 թ․ Սահմանադրությունն էր։ Այն պետք է փոխվի, բայց ոչ այն կոնյունկտուրային ձեւաչափով, ինչպես հիմա է հրամցվում։ Ի վերջո, Սահմանադրությունը տան կահույք չէ, որ տնային տնտեսուհին երբ ձանձրանա, սկսի տարբեր անկյուններով տեղաշարժել։ Ինձ հայտնի չէ աշխարհի որեւէ այլ երկիր, որի Սահմանադրությունը յուրաքանչյուր նոր իշխանության էպոխայում ենթարկված լինի այսքան բիրտ ու կանոնավոր բռնությունների։ 

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am