Իշխանություն ոչ ոք չի ուզում

Վահրամ Թոքմաջյան

Հայաստանը հասել է մի հանգրվանի, որ ոչ ոք իշխանություն չի ուզում։ Ակնհայտ է, որ անգամ իշխանությունը չի ուզում իշխանություն ունենալ։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն գործելաոճը, որը որդեգրել են իշխանությունը և ընդդիմությունը։ Իսկ հասարակության լայն շերտերը հոգնել են ամեն ինչից, ու այս տոտալ ապատիկ վիճակում նրանց հետաքրքրում է միայն օր օրի ավելացող սոցիալական բեռը։ 

Հայրենասիրական թեմաներով շատերը դադարել են կերակրվելուց, իսկ անկախ պետականությունը կարծես բեռ է դարձել։ Այս վերջինը հատկապես ցավալի արձանագրում է, բայց արդի միտումները դա են ցույց տալիս։ Տպավորություն է, որ եթե Հայաստանում հենց վաղը զինված հեղաշրջում լինի, մարդիկ դուրս չեն գա փողոց՝ իրենց պետականությունը պաշտպանելու։ Խնդրում եմ տարբերակել՝ «իշխանություն» և «պետականություն» հասկացությունները։

Բայց իշխանություն չուզելը թվացյալ է և միայն հիմա։ Որ պահին Ադրբեջանի հետ ստորագրվեց որևէ փաստաթուղթ՝ խաղաղության երանգներով, ստորագրողը կհռչակվի «դավաճան», ու իշխանության համար մրցավազքը նոր թափ կհավաքի։ Սա հասկանում են թե՛ ընդդիմադիրները, թե՛ իշխանությունը։ Կլաուս Լեգևիի և Էրիկ Մայերի կողմից լայն շրջանառության մեջ դրված «պատմության քաղաքականություն» հասկացությունը բնորոշ է մեր իրավիճակին։ Այն նաև հնարավորություն է տալիս ընդգծելու պատմության քաղաքական բաղադրիչի ընկալումը և դրա կառուցակարգումն արդի փուլի վրա։

Այդ մրցավազքի նախամեկնարկն է նաև ընդդիմության սպասվող հանրահավաքը։ Ակնհայտ է, որ ընդդիմադիրները բավականին տեղեկացված են այն պահանջներից, որոնք այսօր դրված են Հայաստանի առջև։ Փաշինյանի հետ չհանդիպելը նշանակում էր միայն մեկ բան․ նրանք որևէ կերպ չեն ուզում մտնել քաղաքական պատասխանատվության տակ՝ թեկուզ պետության համար։ Թե՛ այսօրվա ընդդիմադիրները, թե՛ նախորդ խորհրդարանի ընդդիմադիրները իշխանության հետ համատեղ եղել են պատերազմի հրձիգներ ու ողջախոհության թաղման թափորի կարկառուններ։

Հույսը թերևս հասարակության կարճատև հիշողությունն է, քանի որ պատմական հիմքը՝ որպես հավաքական հիշողության և գիտակցության կարևորագույն տարր, դադարել է բացառիկ ազդեցություն ունենալ մարդկանց ներկայիս պահվածքի վրա՝ ինչպես հավաքական, այնպես էլ անհատական մակարդակներում։ Սա է, որ հասկացել են մեզանից դեռ շատ դարեր առաջ, երբ չկային հեռուստատեսությունը, սոցիալական մեդիան, մամուլը և այլն։

Հիմա, երբ այդ ամենը կա, մարդկանց հիշողությունը դարձել է կարճաժամկետ ու բոլոր տեսակի միֆականությունների ձգտող։ Սակայն թվում էր, թե համատարած տառաճանաչության պայմաններում այլ պատկեր կարելի էր ակնկալել։

Եթե Հայաստանը լիներ ինստիտուցիոնալ առումով կայացած երկիր, ապա ընդդիմության հանրահավաքը կարող էր նաև պայմանավորված լինել իշխանության հետ։ Դա նորմալ քաղաքագիտական պրակտիկա է, երբ երկրի առջև ծառացած մարտահրավերների պարագայում ընդդիմությունը և իշխանությունը համագործակցում են՝ միմյանց քարտ բլանշ տալով։ Մեզանում սակայն դա չկա։

Մեկ անգամ նման փորձ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ որոշեց աջակցել Սերժ Սարգսյանին՝ Ղարաբաղի հարցում։ Սակայն Սարգսյանը փորձեց ավելի երկար մոլորեցնել դրսի գործընկերներին, ինչը նաև արժեցավ իշխանության կորուստ։ Ու այս պրակտիկայի բացակայությունն է նաև, որ երկիրը հասցրել է նման ճգնաժամի։ Վերջին շրջանի իշխանություն-ընդդիմություն համագործակցության միակ դրվագը եղել է բոցաշունչ ճառերով մարդկանց մահվան երախն ուղարկելը։ 

Թվում էր, թե իշխանության սխալների ֆոնին պետք է աճեր ընդդիմության վարկանիշը, բայց դա միայն թվում է։ Հայաստանում չեն գործում անգամ ֆիզիկայի կանոնները։ Կա կուտակված էներգիա, որը որևէ ուղղությամբ չի գնում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը չունի 50 տոկոս ռեյտինգ, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ 20։

Փաշինյանի կորցրած ռեյտինգը չի հոսում Քոչարյանին և հակառակը։ Ապագա վերադասավորումների պարագայում, ակնհայտ է, որ Հայաստանով հետաքրքված «մեծ եղբայրները» առանձնապես հույսեր չեն կապում՝ հատկապես երկրորդի հետ։ 

Ավելի շատ շրջանառվում է «տեխնոկրատ կառավարության» գաղափարը՝ Ռուբեն Վարդանյանի երկրորդ գալուստով։ Սակայն երևութական տեխնոկրատների օգտագործած այդ լեզուն հասկանալի չէ հայաստանցուն։ «Ապագայի Հայաստան», «հայկական աշխարհ», «համաշխարհային ազգ» հասկացությունների հետ բավականաչափ գաղափարական կենակցումի մեջ է մտել Վազգեն Մանուկյանը և հիմնովին արժեզրկել առանց այդ էլ գոյություն չունեցող ցնդաբանությունը։ 

Իսկ մեզ ի՞նչ է մնում անել։ Գործընթացների վրա, ցավոք, այս փուլում ազդել չենք կարող, բայց պետք ունենք վերարժևորելու Հայաստանի անկախությունը, այդ անկախության գոյաբանությունը։ Այս անգամ՝ չնենգափոխելով գործընթացի էությունը։

Որևէ կերպ արտաքին խաղացողների համար թնդանոթի միս չդառնալ։ Պաթոսն ու սին ճառերը դնել մի կողմ ու հաշվի նստել դաժան իրականության հետ՝ առաջին պլան բերելով բանականությունը։ Չտրվել փոքր խմբերի հայհոյանքներին ու աղեկտուր կոչերին, որոնք ավելին չեն, քան հայրենիքի հերթական մասը պատմական դարձնելու մոլուցք։ 

Հ․ Գ․ 1973 թ․ արաբա-իսրայելական պատերազմում պարտությունից հետո Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը գնաց Քեմփ Դեյվիդի համաձայնագրին ու խաղաղության Իսրայելի հետ։ Հետագայում նա հատուցեց իր կյանքով և սպանվեց զորահանդեսի ժամանակ։ Ես համոզված եմ, որ նա շատ էր սիրում իր երկիրը։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am